newsroom
 
Բաժանորդների մուտք
Ծածկանուն

Գաղտնաբառ


Հիշել տվյալները
Բոլոր նամակներն ուշադրությամբ կուսումնասիրվեն:
ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳ
ՏՈՒՆԴԱՐՁ
Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի իրականացման գրասենյակ


Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիր

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.Փոխատվության գործիք
Դատաիրավական բարեփոխումների 2րդ ծրագիրը (ԴԲԾ2) ֆինանսավորվելու է Հատուկ Ներդրումային Վարկի միջոցով «որի ընդհանուր գումարը կազմում է 15.2 միլիոն ՓՀԻ (22.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք)` ծրագրի իրականացման չորս (4) տարի տևղությամբ: Ծրագիրը դասակարգվել է կրկնվող ծրագիր: Ծրագրի ընդհանուր արժողությունը գնահատվել է 36.69 միլիոն ԱՄՆ դոլար, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կառավարության 8 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում և Ճապոնիայի Քաղաքականության և Մարդկային Ռեսուրսների Զարգացման Հիմնադրամի 3 միլիոն ԱՄՆ դոլար համաֆինանսավորման դրամաշնորհ, որն օգտագործվելու է ծրագրի տեխնիկական օժանդակության ու վերապատրաստման կարիքները մասնակի ֆինանսավորելու նպատակով: Քննարկվել է Նիդերլանդների Կառավարության կողմից խնամառու հիմնադրամի միջոցով լրացուցիչ համաֆինանսավորման հնարավորությունը, սակայն այն վերջնականապես կհստակեցվի Բանկի Տնօրենների խորհրդի կողմից ծրագիրը քննարկելուց հետո:

2. Ծրագրի զարգացման նպատակը և հիմնական չափորոշիչներ
ԴԲԾ2-ի զարգացման հիմնական նպատակներն են. (1) Հայաստանի դատաիրավական համակարգին ապահովել դատական գործառնությունների և ծառայությունների արդյունավետությունը, արժանհավատությունը և թափանցիկությունը բարելավելու համար անհրաժեշտ վարչարարություն, շինություններ և ընդլայնված կարողություններ, (2) շարունակել դատական ծառայությունների մասին իրազեկվածության և իրավական ու դատական տեղեկությունների մատչելիության բարելավումը: ԴԲԾ2-ը կաջակցի Հայաստանի դատաիրավական համակարգին իրականացնել դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը, որին սկիզբ է դրվել Սահմանադրական փոփոխությունների ընդունմամբ և Դատական նոր օրենսգրքի ներկայացմամբ:
Ծրագրի Զարգացման նպատակների ձեռքբերումը գնահատվելու է կատարողականի չափորոշիչներով, ներառյալ` Կառավարության և դատաիրավական համակարգի գործառնական վիճակագրությունը, որը լրացվում է. (i) դատարանների գործունեության և օգտվողների կարծիքի մասին հարցումներով (ԳՄՁԳՀ), (ii) դատավորների որակավորման ու վերապատրաստման փորձագիտական գնահատումներով (Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ԿԱԵԻՆ-ի Դատական բարեփոխումների ինդեքս), (iii) ծրագրի կողմից ֆինանսավորվող մոնիթորինգի և գնահատման աշխատանքներով (դատարաններից օգտվողների հարցում և ՀԿ-ների կողմից դատարանների մոնիթորինգ):

3. Ծրագրի բաղադրիչներ

Բաղադրիչ 1 – ԴԱՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ [Ծրագրի արժեք= $4.66 միլիոն]

Սույն բաղադրիչի նպատակն է փոփոխված Սահմանադրության և առաջարկվող Դատական Օրենսգրքի շրջանակներում ամրապնդել նոր կամ բարեփոխված հաստատությունների կարողությունները:

Ենթաբաղադրիչ Ա – Արդարադատության Խորհրդի Կարողությունների Ստեղծում
[Ընդհանուր արժեք= $225,000` ՄԶԸ= $50,000; Հայաստանի համաֆինանսավորում= $50,000; ՔՄՌԶ=$130,000]

Փոփոխված Սահմանադրության ներքո ուժեղացվելու է դատական անկախությունը` Արդարադատության խորհրդի (ԱԽ) վերակազմավորման միջոցով: ԱԽ-ը բաղկացած է լինելու դատավորների մեծամասնությունից և Ազգային Ժողովի ու ՀՀ Նախագահի կողմից նշանակված երկուական իրավաբան գիտնականներից: ԱԽ-ը պատասխանատու է լինելու դատավորների թեկնածությունների ցանկը կազմելու (հաստատվում է ՀՀ Նախագահի կողմից), ծառայողական առաջխաղացման նպատակով դատավորների գնահատման, դատարանների նախագահների նշանակման և դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: ԱԽ-ը ձևավորվելու է Դատական Օրենսգրքի ընդունմանը հաջորդիվ: ԱԽ-ի աշխատակազմը կենտրոնական Դատական դեպարտամենտի մաս է կազմելու: ԴԲԾ2-ը տեխնիկական օժանդակություն և վերապատրաստում է ապահովելու ԱԽ-ին և դրա աշխատակազմին (տեղակայված է Դատական դեպարտամենտում) հետևյալ նպատակներով`

  • ԱԽ-ի գործունեության համար մշակել գործառնական ընթացակարգեր և պատրաստել կանոններ ու ընթացքներ.
  • Դատավորների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցանկերը կազմելու համար մշակել ու կիրառել թափանցիկ ընթացակարգեր.

  • Մշակել դատավորների գնահատման ստանդարտ չափանիշեր և ընթացքներ.

  • Ներդնել թափանցիկ կանոններ և ընթացակարգեր, որոնք ապահովում են դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պատշաճ գործընթաց:

ԱԽ-ի և դրա աշխատակազմի գործունեության համար անհրաժեշտ ապրանքներն ու կահավորումը կտրամադրվի որպես Դատական դեպարտամենտին ԴԲԾ2-ի օժանդակության մաս` ստորև նկարագրված Բաղադրիչ 2-ի շրջանակում, իսկ ՏՏ սարքավորումներն ու ծրագրային ապահովումը` ստորև նկարագրված Ենթաբաղադրիչ 1Գ-ի շրջանակում:

Ենթաբաղադրիչ Բ – Արդյունավետ Դատական Դեպարտամենտի Ստեղծում
[Ընդհանուր արժեք= $940,000` ՄԶԸ= $280,000; Հայաստանի համաֆինանսավորում= $210,000; ՔՄՌԶ=$450,000]

2006 թ. հուլիսի 7-ին ընդունվեց Դատական ծառայության մասին օրենքը` հավաքելով Հայաստանի դատարանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցներին պաշտոնական §դատական ծառայության¦ կազմում, որը համապատսխանում է գործադիր իշխանության քաղաքացիական ծառայությանը: Դատական ծառայությունը ղեկավարում է կենտրոնացված դատական կառավարչական աշխատակազմը, որը ձևավորում է Երևանում տեղակայված Դատական դեպարտամենտ: Դատական ծառայության մասին օրենքն ընդունվել է Դատական Օրենսգրքի ընդունումից առաջ, որպեսզի Դեպարտամենտի արագ ստեղծման և լրացուցիչ աշխատակազմ հավաքագրելու միջոցով լրացվի դատարանների համակարգի կառավարման բացը: Դատարանների առկա և նոր աշխատակազմը, ինչպես նաև դատավորները, դատավորների վերապատրաստման կենտրոնում նախնական վերապատրաստում և ուղղություն էին ստանում Դատական ծառայության մասին օրենքի վերաբերյալ: Դատական դեպարտամենտը տեղակայվելու է ԴԲԾ2-ի միջոցներով ֆինանասավորված նոր շենքում, որը լինելու է նաև Վճռաբեկ դատարանի նոր շենքը (տես ստորև Բաղադրիչ 2-ը): Դատական դեպարտամենտը վարչական աջակցություն է տրամադրում դատաիրավական համակարգի կառավարման բոլոր մարմիններին, ներառյալ` Արդարադատության խորհուրդը, Դատավորների ընդհանուր խորհուրդը,Դատարանների նախագահների խորհուրդը և Վճռաբեկ դատարանի նախագահին: Թեպետ դատարաններում տեղակայված դատարանների աշխատակազմը շարունակելու է կատարել իր պարտականություններն ու աշխատանքը, այժմ այն հաշվետու է լինելու կենտրոնական Դատական դեպարտամենտին:

Որպես նոր հաստատություն, որն ունի նոր աշխատակազմ և պարտականությունների լայն շրջանակ, Դատական դեպարտամենտը կարիք կունենա հնարավորինս հրատապ կարողություններ ստեղծել: Հետևաբար, այս ենթաբաղադրիչի շրջանակում ԴԲԾ2-ը խորհրդատվական ծառայություններ և վերապատրաստում կտրամադրի Դատական դեպարտամենտին` հետևյալ պարտականությունների իրականացումը հնարավոր դարձնելու համար.
  • Բյուջե, ֆինանսական կառավարում և աուդիտ.

  • Վիճակագրական տվյալների հավաքագրում ու վերլուծություն և կատարողականի չափորոշիչների մշակում.

  • Մարդկային ռեսուրսների կառավարում.

  • Դատական համակարգի շինությունների և ենթակառուցվացքի կառավարում.

  • ՏՏ համակարգերի պահպանում և ռազմավարական օգտագործում.

  • Վճռաբեկ դատարանի նախագահի և Դատական դեպարտամենտի ղեկավարի հետ համաձայնեցրած վարչական այլ ընդհանուր խնդիրներ:


ԴԲԾ2-ի ֆինանսավորումը կաջակցի նաև նոր դատական անվտանգության ծառայության ստեղծմանը` տեխնիկական օժանդակության և խորհդատվական ծառայությունների միջոցով, որոնք կուղղվեն ծառայության կազմակերպմանը և դրա անվտանգ ու արդյունավետ գործունեության համար ընթացակարգերի և չափանիշերի մշակմանն օժանդակելու գործին: Վերապատրաստում կտրամադրվի նաև դատական ծառայության աշխատակիցներին: ԴԲԾ2-ի միջոցներից դատական անվտանգության ծառայության համար ապրանքներ չեն տրամադրվի, բացառությամբ կահույքի (որը տրամադրվելու է որպես Բաղադրիչ 2-ի մաս) և ՏՏ սարքավորումների ու համակարգերի (տրամադրվելու է Բաղադրիչ 1Գ-ի շրջանակում): Ի հավելումն, այս ենթաբաղադրիչի շրջանակում ԴԲԾ2-ի միջոցներից կֆինանսավորվի Հայաստանի դատական արխիվի քաղաքականության և ընթացակարգերի ուսումնասիրություն, կմշակվի արխիվային գործընթացի արդիականացման առաջարկությունների ցանկ և ձեռք կբերվի Դատական դեպարտամենտի հետ համաձայնեցված սարքավորումներ ու համակարգչային ծրագիր` կարիքների գնահատման հիման վրա: ԴԲԾ2-ի միջոցները չեն օգտագործվի արխիվի համար շենք վերանորոգելու նպատակով:

Ենթաբաղադրիչ Գ – Դատարանների Ավտոմատացման Ընդլայնում և Դատական Տվյալների Բազայի Մշակում
[Ընդհանուր արժեք= $3.5 միլիոն` ՄԶԸ= $2.3 միլիոն; Հայաստանի համաֆինանսավորում= $770,000; ՔՄՌԶ=$420,000]

ԴԲԾ1-ի շրջանակում մշակվել և պիլոտային յոթ դատարաններում տեղադրվել է դատական գործերի կառավարման համակարգչային ծրագիր` Դատարանների ավտոմատացման և հմտությունների փոխանցման (ԴԱՀՓ) համակարգը: ԴԲԾ2-ի ֆինանսավորումը կօգտագործվի ԴԱՀՓ համակարգը ԴԲԾ2-ի շրջանակում վերականգնված կամ նոր կառուցված հնարավորինս շատ թվով դատարանների շենքեր ընդարձակելու համար, ներառյալ այն դատարանների շենքերը, որոնք վերակառուցվել են դատական բյուջեի միջոցներով (տես ստորև Բաղադրիչ 2-ը): ԴԲԾ2-ի ֆինանսավորումը հնարավորություն կընձեռնի ընդարձակել դատարանի դահլիճում լսումների ավելացած թափանցիկության և դատական արձանագրությունների մեծացած ճշտության օգուտները, որոնք ի հայտ եկան ԴԲԾ1-ի շրջանակում դատարաններում թվային ձայնագրման համակարգեր ներդնելու միջոցով: Սահմանադրական փոփոխությունների և առաջարկվող Դատական Օրենսգրքի ընդունման պայմաններում Դատական դեպարտամենտը և Սահմանադրական դատարանը նոր կամ արդիականացված ՏՏ համակարգերի և սարքավորումների կարիք կունենան` իրենց նոր և ընդլայնված դերերը կատարելու համար: Այս ենթաբաղադրիչը, մասնավորապես, ֆինանսավորում կտրամադրի.

  • Դատարանների նոր կամ վերանորոգված շենքերում ԴԱՀՓ համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում` աշխտանքային կայաններ , սերվերներ, մոնիտորներ, տպիչներ և տեղական ցանցեր գնելու նպատակով,

  • Տեխնիկական օժանդակություն, որն անհրաժեշտ է ԴԱՀՓ համակարգի ընդլայնմանն աջակցելու, ինչպես նաև վերապատրաստում` դրա օգտագորման վերաբերյալ դատավորներին ու դատական ծառայուղներին ուսուցանելու համար,

  • Դատարանի վերանորոգված կամ նոր կառուցված շենքերի համար դատարանի ձայնագրման համակարգեր գնելու նպատակով,

  • Դատական դեպարտամենտի արդյունավետ գործունեության համար ՏՏ սարքեր և սարքավորումներ տրամադրելու նպատակով,

  • Սահմանադրական դատարանի և Արդարադատության նախարարության որոշ ստորաբաժանումների ՏՏ համակարգերի արդիականացման և ընդլայնման նպատակով:


Ի հավելումն ԴԲԾ1-ի շրջանակում սկսված դատական համակարգի ավտոմատցման ընդլայնմանը, ԴԲԾ2-ն աջակցություն կտրամադրի նախադեպի կիրառման իրականացմանը, ինչը նախատեսված է Սահմանադրական փոփոխություններով և առաջարկվող Դատական Օրենսգրքով: Նախադեպը` վարույթում գտնվող գործի վճիռն որոշելու համար վերադաս դատարանի կողմից ավելի վաղ քննված գործով կայացված վճռի օգնությանը դիմելու իրավական սկզբունք է: Հայաստանում արդյունավետ գործելու համար դատավորները պետք է մուտք ունենան Վերաքննիչ, Վճռաբեկ և Առաջին ատյանի դատարաններում նախկինում կայացված պաշտոնական որոշումներին` դատական տվյալների բազայի ստեղծման և դրա մատչելիությունն ապահովող համակարգի միջոցովª ձևավորելով դատական պորտալ: Դատական դեպարտամենտը սկսել է դատական տվյալների բազայի և պորտալի նախնական մշակման աշխատանքներ (ԴԱՀՓ համակարգից անկախ)` սեփական բյուջեի միջոցներով և ՄԱԿ ԶԾ-ի հնարավոր աջակցությամբ: ԴԲԾ2-ը կկառուցի այս սկզբնական աշխատանքի վրա, ֆինանսավորելով.

  • Տեխնիկական օժանդակություն և խորհրդատվական ծառայություններ` դատական վճիռների, հրամանների և որոշումների տվյալների բազայի հետագա մշակման ու ներդրման համար,

  • Տեխնիկական օժանդակություն` դատական տվյալների բազան և պորտալը ԴԱՀՓ համակարգի հետ ինտեգրելու համար, այդ թվում` տվյալների բազայի որոշ մասերի հանրային մատչելիության ապահովում,

  • Վերապատրաստում` դատական տվյալների բազայի և պորտալի օգտագործման ու պահպանման նպատակով:


Բաղադրիչ 2 – ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ. ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ ԴԵՊԻ ՄԱՐԶԵՐ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ
[Ծրագրի արժեք= $20.95 միլիոն` ՄԶԸ= $15.89 միլիոն; Հայաստանի համաֆինանսավորում=$4.61 միլիոն; ՔՄՌԶ=$450,000; Հայաստանի դատական բյուջե=$3.9 միլիոն (2007-09) ]

ԴԲԾ1-ը սկսեց Հայաստանի դատարանների ենթակառուցվացքների վերակառուցման, վերանորոգման և արդիականացման գործընթացը: Կենտրոնանալով Հայաստանի խոշորագույն դատարանների վրա` Երևանում և մի քանիսը մարզերում, ԴԲԾ1-ը հաջողությամբ ավարտեց 12 շենքերի աշխատանքները, ուր տեղակայված է 14 դատարան: Մարզերում գտնվող առաջին ատյանի մնացած դատարաններից շատերը գտնվում են վատթար վիճակում, չունեն բավարար տարածք ու անվտանգություն, իսկ երբեմն տարածքը կիսում են ոստիկանության, դատախազության կամ այլ մարմինների հետ: Թեպետ ամենաակնհայտ խնդիրները (կաթող տանիք, անվտանգության համակարգի բացակայություն) հասցեագրելու համար Վճռաբեկ դատարանի շենքում որոշ վերանորոգումներ են կատարվել, ներկայիս շենքը և դրա տեղանքը չեն կարող բավարարել ժամանակակից վճռաբեկ դատարանի և Դատական դեպարտամենտի վարչական նոր աշխատակազմի պահանջները: Հետևաբար, լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ Հայաստանի մնացած դատարանների (հիմնականում մարզերում) վերականգնումն ավարտելու և Երևանի կենտրոնում Վճռաբեկ դատարանի համալիր կառուցելու համար, որտեղ տեղակայվելու են, թե Վճռաբեկ դատարանը, թե Դատական դեպարտամենտը: Ի հավելումն ԴԲԾ2-ի միջոցների, ՀՀ Կառավարությունը համաձայնել է երեք տարվա ընթացքում (2007-ից 2009թթ.) դատաիրավական համակարգին լրացուցիչ տրամադրել մոտ 3.9 միլիոն ԱՄՆ դոլար ` առաջին ատյանի մարզային դատարանների 10 շենքերի վերակառուցման համար:

ԴԲԾ2-ի ֆինանսավորած վերակառուցման աշխատանքները դատաիրավական համակարգին հնարավորություն կտան նաև իրականացնել իր կարողությունների ամրապնդման ծրագիրը` դատական ծառայությունների հանդեպ արագորեն աճող պահանջարկին արձագանքնելու համար: Հայաստանի առաջին ատյանի դատարաններում 1999-ից 2005 թթ. ընկած ժամանակահատվածում 300 տոկոսով աճել է քաղաքացիական գործերի քանակը (37,000-ից հասնելով 104,018-ի), իսկ դատավորների թիվն աճել է միայն 20 տոկոսով: Արդյունքում, դատաիրավական համակարգը և Արդարադատության նախարարությունը համաձայնության են եկել վերանայված §դատական քարտեզի¦ շուրջ, որը հիմնված է գործերի բեռնվածության, դատավորների թվի և երկրում գործերի քանակության կանխատեսվող աճի վերլուծության վրա: Դատական նոր քարտեզն ավելացնում է դատավորների թիվը, մեծացնում առաջին ատյանի բոլոր դատարանների չափը և ստեղծում մի շարք մասնագիտացված դատական պաշտոններ, որոնք տեղաբաշխված են գործող դատարաններում (մեկը երկրի հյուսիսում, իսկ երեքը` հարավում)` քրեական ու քաղաքացիական ավելի բարդ գործեր լսելու համար: Այս վերակազմավորումը կիրականացվի առաջարկվող Դատական oրենսգրքի ընդունմանը հաջորդիվ: Վճռաբեկ դատարանի նախագահը և Արդարադատության նախարարը համաձայնել են ԴԲԾ2-ով և դատաիրավական համակարգի բյուջեով ֆինանսավորվելիք փուլային վերակառուցման և նոր շինարարության մի խումբ առաջնահերթությունների վերաբերյալ, որոնք հիմնված են դատարանի շենքի տեղանքի, առկա շենքի վիճակի և ղեկավարման ու իրականացման հեշտության վրա (մանրամասների համար տես Հավելված 4):

Հիմնվելով սահմանված առաջնահերթությունների վրա, ԴԲԾ2-ի միջոցներից այս բաղադրիչի շրջանակում կաջակցվեն.
  • Երևանի կենտրոնում նոր շենքի կամ շենքերի շինարարությունը` Վճռաբեկ դատարանը և նոր Դատական դեպարտամենտը տեղակայելու համար,

  • Առաջնահերությունների համաձայնեցված ցանկի և ծրագրի ֆինանսական միջոցների մատչելիության հիման վրա առաջին ատյանի մարզային դատարանների շենքերի շինարարությունը կամ վերակառուցումը` դատավորների թվի և դատական գործերի ակնկալվող աճը սպասարկելու համար,

  • Տարածքի պլանավորման և նախագծման չափանիշերի արդիականացումն ու բարելավումը` միջազգային լավագույն փորձին համահունչ,

Տեխնիկական օժանդակությունը` շինարարական բոլոր աշխատաքների պլանավորման և վերահսկման համար,
  • Կահույքի, սարքավորումների և այլ ապրանքների (բացառությամբ ՏՏ համակարգերի) ձեռքբերումը` դատարանների, դատական նիստերի դահլիճների, դատավորների, դատական ծառայողների և հանրային տարածքների համար:


ԴԲԾ1-ի շրջանակում մշակվել էին տարածքի միասնական պլանավորման ու նախագծման չափանիշեր: Այս չափանիշերը կլրամշակվեն ու կթարմացվեն և ԴԲԾ2-ի շրջանակում ուղղություն կտան վերակառուցմանն ու նոր շինարարությանը: Վճռաբեկ դատարանի համալիրի նախագծային աշխատանքների մրցույթը սկսվել է դատաիրավական համակարգի բյուջեի միջոցներով: Դատարանների շենքերի վերականգնման բոլոր աշխատանքների հետևողականությունը և տնտեսական արդյունավետությունն երաշխավորելու համար նախագծային աշխատանքների տեխնիկական առաջադրանքի մշակումը և ուսումնասիրությունը ղեկավարելու է Արդարադատության նախարարության Դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակը (ԴԲԾԻԳ)` թե ԴԲԾ2-ի, թե դատաիրավական համակարգի կողմից ֆինանսավորվող շինությունների դեպքում: ԴԲԾ2-ի ծախսային նախահաշիվները կատարվել են ԴԲԾ1-ի փորձի, շինանյութերի ներկայիս գների և դրամ-դոլար փոխանակման արժեքի ՀՀ Կառավարության կանխատեսումների հիման վրա: Հայաստանում շարունակում են աճել վերակառուցման և նոր շինարարության ծախսերը: Որպես արդյունք, ԴԲԾ2-ի շինարարական աշխատանքների ծախսերը հաշվարկվել են զգուշավորությամբ` ելնելով այս միտումներից: Նկատի առնելով ՄԶԸ վարկի մատչելի գումարները ծրագիրը կստանձնի առաջնահերթությունների համաձայնեցված ցանկի 1-ին և 2-րդ փուլերում ընդգրկված դատարանների բոլոր շենքերի աշխատանքների ավարտումը: Առաջնահերթությունների համաձայնեցված ցանկի 3-րդ փուլի դատարանների աշխատանքները կսկսվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության պայմանով: Արդիականացման/վերականգնման աշխատանքների վերջնական շրջանակը հիմնված կլինի Կառավարության և շինարարարական ոլորտի իրականացման կարողությունների գնահատման վրա: Վերանորոգված կամ վերակառուցված քառակուսի մետրերի կամ դատարանների շենքերի վերջնական թիվը կարող է ակնկալվածից քիչ լինել, եթե տեղի ունենա շինարարական ծախսերի չնախատեսված աճ կամ փոխանակման արժեքի բացասական շարժեր:

Բաղադրիչ 3 – ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՊՐՈՑ [Ծրագրի արժեք= $3.12 միլիոն]

Առաջարկվող Դատական օրենսգրքի շրջանակում Դատավորների վերապատրաստման գործող կենտրոնը դառնալու է Դատավորների վերապատրաստման պաշտոնական դպրոց (ԴՎԴ), որը պարտադիր վերապատրաստում է տրամադրելու դատավորների թեկնածուներին (ընդունելության քննությանը հաջորդիվ) և շարունակական կրթություն` դատավորներին և դատական ծառայողներին: Դատավորների մշտական դպրոցի զարգացումը դիմագրավել է մի շարք խոչընդոտների: Դպրոց հիմնադրելու ԵՄ-ի նախնական ֆինանսավորումը դադարեցվել է, իսկ ՀՀ Կառավարության ու դատական բյուջեների ֆինանսավորումը սահմանափակ ու անբավարար է եղել մշտական ուսումնական ծրագրեր և դասախոսական կազմ ձևավորելու համար: ԴԲԾ1-ի օժանդակությունը (որը սահմանափակված էր 0.5 միլիոն ԱՄՆ դոլարով) սկզբում ծրագրված էր ԵՄ-ի ակնկալվող ֆինանսավորումը լրացնելու համար և այն օգտագործվել է ԴԲԾ-ի իրավական շրջանակի ձևավորումն ու նոր դպրոցի գործադրման գործողությունների մանրամասն ծրագրի մշակումը ֆինանսավորելու նպատակով: ԴԲԾ1-ը նաև համակարգչային դասարան ունեցող վերապատրաստման ժամանակավոր կենտրոն է ստեղծել դատարաններից մեկի վերջերս վերանորոգված շենքում: ԴԲԾ2-ի միջոցները կօգտագործվեն այս նախաձեռնություններն ընդլայնելու համար` աջակցելով ԴՎԴ-ի մշտական շենքի խնդրի լուծմանը և համագործակցելով ԵՄ-ի ծրագրված օժանդակության հետ, որը տրամադրվելու է դատաիրավական համակարգի վերապատրաստման բոլոր կարիքները բավարարող վերապատրաստման ուսումնական ծրագրեր մշակելու նպատակով:

Ենթաբաղադրիչ Ա – Դատավորների Վերապատրաստման Դպրոցի Մշտական Շենք
[Ընդհանուր արժեք= $2.78 միլիոն` ՄԶԸ= $2.05 միլիոն; Հայաստանի համաֆինանսավորում= $610,000; ՔՄՌԶ=$110,000]

Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է Կրթության նախարարության համակարգին պատկանող տեխնիկական ուսումնարանի կողմից նախկինում օգտագործված մի շենք, որը կարելի է վերանորոգել ԴՎԴ-ը տեղակայելու համար: Շենքի սեփականությունը փոխանցվել է դատաիրավական համակարգին: Շենքը բավականաչափ տարածք ունի թե ԴԲԴ-ը, թե Արդարադատության նախարարության աշխատակազմի, այդ թվում` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների (ծառայությունը ԴԲԾ2-ի շահառուներից է` տես ստորև Բաղադրիչ 4) վերապատրաստման կենտրոնը տեղակայելու համար: Այս ենթաբաղադրիչի շրջանակում ԴԲԾ2-ը կաջակցի`

ԴՎԴ-ը և ԱՆ վերապատրաստման կենտրոնը տեղակայելու համար շենքի վերանորոգմանը և վերակառուցմանը,
Նոր շենքի վերանորոգման ու վերակառուցման նախագծմանը և դրանց վերահսկողությանը,
Դպրոցի գործունեության համար անհրաժեշտ կահույքի, ՏՏ սարքավորումների և այլ սարքերի ձեռքբերմանը:

Ենթաբաղադրիչ Բ – Վերապատրաստման Ուսումնական Ծրագրերի Մշակում
[Ընդհանուր արժեք= $340,000` ՄԶԸ= $30,000; Հայաստանի համաֆինանսավորում= $80,000; ՔՄՌԶ= $240,000]

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է ԴՎԴ-ի վերապատրաստման ընդհանուր ուսումնական ծրագրի, բիզնես ծրագրի և ԴՎԴ-ի դասախոսների պատրաստման ծրագրի մշակումը ֆինանսավորելու առաջարկ: Ուսումնական ծրագրերի նախնական մշակումը ֆինանսավորվելու ԴԲԾ2-ի Ծրագրի նախապատրաստության կանխավճարի (ԾՆԿ) միջոցներով և սերտորեն համակարգվելու է ԵՄ օժանդակության հետ, երբ վերջինս ուժի մեջ մտնի: ԴԲԾ2-ի միջոցները, համակարգելով ԵՄ ծրագրի հետ, օժանդակություն կտրամադրեն դատավորների համար վերապատրաստման հատուկ դասընթացների և նյութերի մշակմանը: Դատական դեպարտամենտին ԴԲԾ2-ի օժանդակության արդյունքներից ելնելով ԴԲԾ2-ի ֆինանսավորումը կարող է նաև օգտագործվել դատական ծառայողների վերապատրաստման առանձնահատուկ դասընթացների մշակման և իրականացման համար: Ավելի կոնկրետ, այս ենթաբաղադրիչի շրջանակում ԴԲԾ2-ի միջոցները խորհրդատվական ծառայություններ կապահովեն հետևյալ խնդիրներին աջակցելու նպատակով`

  • գործերով վճիռներ կայացնելու և դատական եզրակացություններ կազմելու ընթացքում նախադեպի սկզբունքի կիրառման վերաբերյալ դատավորների համար վերապատրաստման դասընթացների և նյութերի մշակմանը,

  • ՏՏ դատական համակարգերի օգտագործման և վարչական հարցերի (օրինակ` ֆինանսական կառավարում, դատաիրավական համակարգի բյուջետավորում և այլն) վերաբերյալ դատավորների ու դատարանների աշխատակազմի համար վերապատրաստման դասընթացների և նյութների մշակմանը:


Բաղադրիչ 4 – ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ [Ծրագրի արժեք= $1.1 միլիոն` ՄԶԸ= $460,000; Հայաստանի համաֆինանսավորում= $240,000; ՔՄՌԶ= $400,000]

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) ԱՆ ստորաբաժանում է, որը պատասխանատու է դատական վերջնական որոշումների հարկադրման համար: ԴԲԾ1-ի շրջանակում ԴԱՀԿ ծառայությանն է տրամադրվել ԴԱՀԿ-ի երեք գրասենյակներում Դատական ակտերի հարկադիր կատարման ավտոմատացված կառավարման համակարգ (ԴԱՀԿ ԱԿՀ) ներդնելու և փորձարկելու համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայություն, տեխնիկական օժանդակություն և ապրանքներ: ԴԱՀԿ ծառայության աշխատակազմը և ղեկավարությունը ստացել են նաև վերապատրաստում և մասնակցել ուսումնական այցերի` հարկադիր կատարման այլ մարմիններում ՏՏ լուծումների ինտեգրմանը ծանոթանալու համար: ԴԲԾ1-ի ընթացքում ԴԱՀԿ-ի ծառայության գործառնություններն որոշակի բարելավում են արձանագրել: Համաշխարհային բանկի-ՎԶԵԲ-ի Գործարար միջավայրի և ձեռնարկությունների գործունեության հարցմանը մասնակցած հայաստանյան ընկերությունների միջավայրում 2002-ից 2005թթ. ընկած ժամանակահատվածում մեծացել է նրանց թիվը, ովքեր համարում են, որ Հայաստանի դատարաններն ի վիճակի են հարկադրել դատական ակտերը` 34 տոկոսից հասնելով 42 տոկոսի: Թեպետ Ծառայության սեփական վիճակագրությունը ներկայացնում է 1999-ից 2004թթ. ժամանակահատվածում սպասարկված գործերի և լիովին ավարտված գործերի քանակության կայուն աճ, այն ցույց է տալիս նաև այդ ցուցանիշերի անկում 2005թ. և չսպասարկված գործերի կուտակման աճ: Որպես արդյունք, ԴԲԾ2-ի միջոցները կօգտագործվեն ԴԲԾ1-ի նախնական հաջողությունը զարգացնելու նպատակով` ԱՆ-ի ԴԱՀԿ ծառայության արդյունավետության բարելավումը շարունակելու համար: Այս բաղադրիչի շրջանակում ԴԲԾ2-ն ապրանքներ, խորհրդատվական ծառայություններ և վերապատրաստում կտրամադրի հետևյալ խնդիրներին աջակցելու համար.


  • ԴԱՀԿ ԱԿՀ համակարգչային ծրագրի լիարժեք ընդարձակման համար ՏՏ համակարգերի ձեռքբերմանը,

  • ԴԱՀԿ ԱԿՀ բարելավման համար համակարգչային ծրագրի հզորացմանը` ելնելով պիլոտային ծրագրի արդյունքներից և էլեկտրոնային
աճուրդների գործող համակարգի հետ ինտեգրելու կարիքներից,
  • ՏՏ կառավարման օժանդակությանը` ՏՏ բաժնին, որը ընդարձակման ընթացքում պատասխանատու է լինելու ԴԱՀԿ ԱԿՀ պահպանման ու սպասարկման համար,

  • ԴԱՀԿ ԱԿՀ-ի ու այլ խնդիրների վերաբերյալ ԴԱՀԿ աշխատակազմի վերապատրաստմանը և ուսումնական նյութերի մշակմանը:


Ի հավելումն, Արդարադատության նախարարը խնդրել է, որ ԴԲԾ2-ն աջակցի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը` Հայաստանում մասնավոր հարկադիր կատարողների ներկայացման հնարավորությունը հետազոտելու համար: Նման մասնավոր հարկադիր կատարողներ սկսել են գործել Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում (օրինակ` Նիդերլանդներում և ՆՀՀ Մակեդոնիայում): Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը կվերհանի մասնավոր հարկադիր կատարողների համակարգ ներդնելու գործում ներգրավված խնդիրները, կգնահատի Հայաստանում նման համակարգի անհրաժեշտությունը և առաջարկություններ կներկայացնի Հայաստանում մասնավոր հարկադիր կատարողների համակարգի փորձարկման ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքներից և ՀՀ Կառավարության ու դատաիրավական համակարգի կողմից ուսումնասիրության վերլուծությունից կախյալ, ԴԲԾ2-ի միջոցները կարող են օգտագործվել նաև մասնավոր հարկադիր կատարողերի համար ընտրված դեպքերում և/կամ Հայաստանի ընտրված մասերում պիլոտային սահմանափակ ծրագիր մշակելու նպատակով:

Բաղադրիչ 5 – ԱՐԲԻՏՐԱԺԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ
[Ծրագրի արժեք= $430,000` ՄԶԸ= $40,000; Հայաստանի համաֆինանսավորում= $90,000; ՔՄՌԶ= $300,000]

Հայաստանը չունի արբիտրաժի և միջնորդության գործող ու արդյունավետ համակարգ: Գործող օրենսդրության շրջանակում գործում են անհատ կազմակերպությունների (օրինակ` Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի) կողմից աջակցվող փոքր թվով §միջնորդ դատարաններ¦ (որոնք փաստացի տրամադրում են արբիտրաժի ծառայություններ): Այդուհանդերձ, առևտրային ձեռնարկությունները և անհատները չունեն վեճերի լուծման համար դատական համակարգի արդյունավետ պաշտոնական այլընտրանք: Արբիտրաժի մասին նոր օրենքը վերջերս է ընդունվել, իսկ ԱՄՆ ՄԶԳ առևտրային օրենսդրության բարեփոխման ծրագիրն որոշ օժանդակություն է տրամադրում տեղական միջնորդ դատավորների (արբիտրների) վերապատրաստման համար: Սակայն ՀՀ Կառավարությունը համոզված է, որ միջազգային ճանաչում ունեցող արբիտրաժի համակարգ ստեղծելու համար պահանջվում են միջազգային կարգավիճակ ունեցող միջնորդ դատավորներ (արբիտրներ):

Ընթացքի մեջ գտնվող այս աշխատանքների հետ համակարգելով, ԴԲԾ2-ի ֆինանսավորումը տեխնիկական օժանդակություն կտրամադրի հետևյալ խնդիրներին աջակցելու նպատակով`

  • նախագծման օժանդակություն արբիտրաժին աջակցող իրավական և կարգավորման շրջանակի մշակման համար` հիմնվելով նոր և գործող օրենսդրության վրա,

  • մրցակցային հիմունքներով ընտրված թեկնածուների արբիտրաժի գծով արտասահմանում վերապատրաստմանը և միջազգային հավատարմագրմանը` Հայաստանում արբիտրաժի ծառայություններ մատուցելու և վերապատրաստում կազմակերպելու համաձայնության պայմանով:


Բաղադրիչ 6 – ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ [Ծրագրի արժեք= $1.23 միլիոն]

Այս բաղադրիչը կընդարձակի և կընդլայնի իրավական տեղեկատվության մատչելիությունը` ԴԲԾ1-ի շրջանակում մշակված Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգի (ՀԻՏՀ) միջոցով: Ծրագիրը կշարունակի նաև կառուցել ԴԲԾ1-ի կողմից ֆինանսավորված §Իմ իրավունքը¦ հեռուստածրագրի միջոցով օրինական իրավունքների և դատաիրավական համակարգի դերի մասին հանրային իրազեկման բարձրացման հաջողության վրա: Ի հավելումն, ԴԲԾ2-ի չափորոշիչների ու արդյունքների, ինչպես նաև Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ընհանուր ծրագրի իրականացման մոնիտորինգի ու գնահատման գործընթացին ԴԲԾ2-ն ավելի ուղղակիորեն կներգրավի ՀԿ-ներին և քաղաքացիական հասարակությանը:

Ենթաբաղադրիչ Ա – ՀԻՏՀ-ի Ընդլայնում և Հզորացում
[Ընդհանուր արժեք= $410,000` ՄԶԸ= $260,000; Հայաստանի համաֆինանսավորում= $90,000; ՔՄՌԶ= $60,000]

ՀԻՏՀ-ի միջոցով հայաստանաբնակներին ինտերնային կապով անվճար մատչելի է Հայաստանի օրենսդրությունը և Կառավարության որոշումները: Պետական սեփականություն հանդիսացող Պաշտոնական տեղեկագիր ընկերությունը կառավարում և թարմացնում է ՀԻՏՀ-ը, որը մատչելի է նաև լազերային կոմպակտ սկավառակների վրա` բաժանորդագրության փոքր վճարով: Տվյալների բազան ներկայիս պարունակում է 1994 մինչև 2006թթ. օրենքները և արագորեն ընդլայնում է իր ծածկույթն (մինչև 1948թ.) ու օգտագործումը (2006թ. հունվարից մինչև նոյեմբեր 76 տոկոսով աճել է ինտերնետային էջ այցերի քանակը): Նյութերի աճող ծավալը տվյալների բազա արագ ու արդյունավետ մուտքագրելու և տվյալների բազայի հանրային մատչելիությունն ընդլայնելու հարցերում Պետական տեղեկագրին օգնելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ օժանդակություն: Հետևաբար այս ենթաբաղադրիչի շրջանակում ԴԲԾ2-ը կաջակցի ՀԻՏՀ-ի ընդլայնմանը` հետևյալ գործողությունների միջոցով.

  • ՀԻՏՀ հզորացում` ելնելով Պետական տեղեկագրում ներկայիս ֆունկցիոնալ հնարավորությունների և տվյալների մշակման ուսումնասիրությունից,

  • ՏՏ լրացուցիչ սարքավորումներ ձեռքբերում, որն անհրաժեշտ է ՀԻՏՀ-ի ընդլյանվող բովանդակությունը և ավելացող օգտագործումը տեխնիկապես ապահովելու համար,

  • Դատարաններում, հանրության կողմից բարձր հաճախելիություն ունեցող պետական գործակալություններում (օրինակ` մարզպետարաններ, քաղաքապետարաններ, կադաստր, նոտարական գրասենյակներ և այլն) և տարածքային կամ համայնքային կենտրոններում հանրային մատչելիությունն ապահովող ՀԻՏՀ առանձնացված տերմինալների տեղադրում:


Ենթաբաղադրիչ Բ – Դատաիրավական Համակարգի Տեղեկատվական Ծառայությունների Բարելավում
[Ընդհանուր արժեք= $300,000` ՄԶԸ= $10,000; Հայաստանի համաֆինանսավորում= $70,000; ՔՄՌԶ= $230,000]

Բարեփոխումների երկրորդ փուլում Հայաստանի դատաիրավական համակարգի ղեկավարության նպատկներից մեկն է բարելավել հանրությանը մատուցվող դատաիրավական ծառայությունները: Այս բարելավումը, առաջին հերթին, պահանջելու է դատարանների քարտուղարությունների ծառայության բարելավված չափանիշեր ու գործողություններ, քանի որ յուրաքանչյուր դատարանում քարտուղարությունն առաջին տեղն է, ուր անձն այցելում է թղթեր ներկայացնելու, դատական ընթացակարգերի վերաբերյալ տվյլաներ ստանալու և ընդհանուր իրավական օգնություն խնդրելու համար: ԴԲԾ1-ով կատարվել և ԴԲԾ2-ի Բաղադրիչ 2-ի շրջանակում կատարվելու են յուրաքանչյուր նոր կամ վերանորոգված դատարանի քարտուղարության գրասնեյակի և հանրային տարածքի ֆիզիկակական բարելավումներ: Քարտուղարության աշխատակազմի ծառայության ուղղվածությունը բարելավելու համար ԴԲԾ2-ը կտրամադրվի տեխնիկական օժանդակություն: Հայաստանում նախադեպի սկզբունքի նեդրմանը զուգահեռ իրավաբաններին, դատավորներին և հանրությանն անհրաժեշտ են նաև հիմնական օրենքների ու դատական որոշումների պաշտոնական նկարագրություններ և մեկնություններ: Դրանից ելնելով, այս ենթաբաղադրիչի շրջանակում ԴԲԾ2-ը կաջակցի`

  • Քարտուղարության աշխատակազմի վերապատրաստմանը` ծառայության չափանիշերը բարելավելու և իրավական ընդհանուր գիտելիքները խորացնելու համար,

  • Որոշակի իրավական խնդիրների (գենդերային իրավունքներ, քրեական իրավունք) վերաբերյալ հանրային իրազեկման թերթիկների ու գրքույկների պատրաստմանը և դատարաններում իրավական տեղեկատվության մատչելիության ընդլայնմանը,

  • Դատավորների ու Դատական դեպարտամենտի և լրատվամիջոցների միջև հարաբերությունների ամրապնդմանը և կապի բարելավմանը,

  • Հայաստանի առանցքային օրենքների, դատական որոշումների և իրավական այլ կարևոր խնդիրների վերաբերյալ փորձագիտականմեկնաբանության մշակմանը, որը կօգտագործվի դատավորների, իրավաբանների և հանրության կողմից:


Ենթաբաղադրիչ Գ – Հանրային Իրազեկում և Դատաիրավական Բարեփոխումների Մոնիտորինգ
[Ընդհանուր արժեք= $520,000` ՄԶԸ= $200,000; Հայաստանի համաֆինանսավորում= $110,000; ՔՄՌԶ= $210,000]

ԴԲԾ1-ի միջոցներով նախագծված ու թողարկված թիվ մեկ վարկանիշն ունեցող §Իմ իրավունքը¦ հեռուստաշոուն հաջողությամբ ընդլայնեց հանրային իրազեկությունը դատարանի գործառույթների և Հայաստանի օրենսդրության շրջանակում որոշակի օրինական իրավունքների հարկադրման մասին: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը սահմանափակ թվով լրացուցիչ հաղորդումներ է թողարկել երրորդ հեռուստաշրջանի համար: Սակայն հաղորդման ստեղծած հետաքրքրությունը մնում է (առաջին երկու հեռուստաշրջանների ընթացկում փոստով, հեռախոսազանգերով և էլեկտրոնային փոստով ներկայացվել են տեղեկատվություն տրամադրելու ավելի քան 3000 խնդրանքներ): Ի պատասխան, ԴԲԾ2-ի օժանդակությունը կօգտագործվի դատաիրավական բարեփոխումների առաջընթացի ու ազդեցության և օրինական իրավունքների հարկադրման իրական օրինակների մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով հեռուստատեսության օգտագործումն ընդարձակելու և ընդլայնելու համար: Մասնավորպես, հետագա թողարկումները կարող են դուրս գալ §Իմ իրավունքի¦ քաղաքացիական գործերի օրինակների շրջանակից և ընդգրկել ընտանեկան, գենդերային իրավունքներ ու քրեական օրենսդրության խնդիրներ:

Դատաիրավական համակարգը և ԱՆ-ի աշխատակազմը կարող են նաև ակտիվ լինել տեղեկատվության, կատարողականի գնահատումների և դատական վիճակագրության տարածման հարցում` ընթացող օրենսդրական և դատաիրավական բարեփոխումները բացատրելու և խրախուսելու համար: ԴԲԾ2-ը կաջակցի այս ջանքերին, ֆինանսավորելով պարբերական մամլո ասուլիսները և դոնորների բրիֆինգները, տեղակատվական քարոզարշավները և նպատակային վերապատրաստման սեմինարները (իրավաբանների և իրավաբան ուսանողների համար), որոնք նախատեսված են Հայաստանի դատաիրավական համակարգի և դատարանների կատարողականում տեղ գտած բարեփոխումների ու բարելավումների մասին հանրային իրազեկումը բարձրացնելու և բարեփոխումների իրականացումը բարելավելու համար:

ԴԲԾ1-ի ընթացքում սովորած կարևոր դասերից է դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումների համար մոնիտորինգի և գնահատման ավելի լավ մեթոդաբանություններ մշակելու անհրաժեշտությունը (քննարկված է ստորև): ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը ԴԲԾ2-ի իրականացման և մոնիտորինգի աշխատանքներին ծառայելու է երկու նպատակի: Նախ դա ընդլայնելու է հասարակության այն խմբերի շրջանակը, որը տեղեկացված է և շահագրգռված ԴԲԾ2-ի կողմից աջակցվող բարեփոխումների արդյունավետ իրականացմամբ: Երկրորդ` դա ապահովելու է ԴԲԾ2-ի դատաիրավական համակարգի և ԱՆ-ի շահառուների կողմից կատարած իրականացման միջոցառումների արտաքին §ստուգում¦ կամ ուսումնասիրություն: Այս ենթաբաղադրիչի շրջանակում ԴԲԾ2-ը, մասնավորապես, աջակցելու է`

  • Հանրության և դատարանների ծառայություններից օգտվողների լայն, պարբերական հարցումներ` դատաիրավական բարեփոխումների աշխատանքների մասին ընկալումները և ԴԲԾ2-ի իրականացումը մոնիտորինգի ենթարկելու համար,

  • Դատարանների մոնիտորինգի միջոցառումներ Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի, Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և նմանօրինակ այլ կազմակերպությունների կողմից` դատական ծառայությունների վրա ավտոմատացման, վերապատրաստման և տեխնիկական օժանդակության ազդեցությունը գնահատելու, ինչպես նաև դատավորների կատարողականի և դատարանների արդյունավետության մոնիտորինգի համար:


bullet Page 1 
bullet Դատաիրավական բարեփոխումների առաջին ծրագիր
Ընտրեք լեզուն
ԱՄՍԱԳԻՐ

ՄԱՐՏ 2010 3(1)
ԼՂՀ
© 2010 ՀՀ արդարադատության նախարարությունԿայքի պատասխանատու` Արսեն Բաբայան