newsroom
 
Բաժանորդների մուտք
Ծածկանուն

Գաղտնաբառ


Հիշել տվյալները
Բոլոր նամակներն ուշադրությամբ կուսումնասիրվեն:
ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳ
ՏՈՒՆԴԱՐՁ
Հայտարարություններ
  • 13/10/2008 ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ին, Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինի հրավերով Սլովակիայի Հանրապետությունում է այցելել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ:
    Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ստորագրված իրավական համագործակցության համաձայնագրի կատարմանն առնչվող ընթացակարգերը:
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը, փորձի ուսումնասիրության նպատակով, այցելել է Սլովակիայի Հանրապետության մի շարք դատարաններ, քրեակատարողական հիմնարկներ, նոտարական պալատ և դատավորների ու դատախազների վերապատրաստման ակադեմիա:
    Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարը հանդիպման ընթացքում իրազեկել է նաև, որ իր նախաձեռնությամբ կառավարություն ներկայացված օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում 1915 թվականի Մեծ Եղեռնը և Հոլոքոստը ժխտողների համար` դեռևս քննարկման փուլում է: Արդարադատության նախարարը, հաստատակամություն հայտնեց հիշյալ օրենսդրական նախաձեռնության հարցում հետևողական լինելու առնչությամբ և հավաստեց, որ առկա տարաձայնությունները չեն կարող խոչընդոտել նախաձեռնության հաջողությանը:
    Հայկական պատվիրակությունը այցելել և ծաղկեպսակ է դրել Բրատիսլավա քաղաքում 2004թ. նոյեմբերի 30-ին, այդ երկրի Պառլամենտի կողմից հայկական Մեծ Եղեռնը դատապարտող որոշում ընդունելու առթիվ կանգնեցված հայկական հուշարձան-խաչքարին:


  • 22/09/2008 ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Վերջերս որոշ լրատվամիջոցներ հաղորդագրություն են տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մելտեքս ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված իր պարտավորությունները, այն է` դիմումատու կազմակերպությանը չի վճարում սահմանված արդարացի փոխհատուցման գումարը:
    Այս առնչությամբ հայտնում ենք, որ համաձայն Դատարանի վճռի արդարացի փոխհատուցման գումարը պետք է դիմումատու կազմակերպությանը վճարվի վճռի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ կետի համաձայն վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում: Կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ կետի համաձայն վճիռը վերջնական է դառնում վճռի կայացման պահից երեք ամիս հետո, եթե կողմերից որևէ մեկը չի բողոքարկում այն Մեծ Պալատ:
    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մելտեքս ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը կայացվել է 2008թ. հունիսի 17-ին, Մեծ պալատ չբողոքարկվելու դեպքում այն վերջնական է դառնում 2008թ. սեպտեմբերի 17-ին և համաձայն Դատարանի վճռի Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է արդարացի փոխհատուցման գումարը դիմումատու կազմակերպությանը վճարել սեպտեմբերի 17-ից հետո երեք ամսվա ընթացքում, այսինքն` մինչև 2008թ. դեկտեմբերի 17-ը: Հետևաբար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վճռով սահմանված իր պարտավորությունների չկատարման վերաբերյալ խոսք լինել չի կարող:
    Վճիռը Մեծ պալատ չբողոքարկվելու մասին, Դատարանի կողմից կառավարությանը ծանուցվելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը անհապաղ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները վճռի պատշաճ կատարումն ապահովելու համար:


  • 28/08/2008
    Լրատվության որոշ միջոցներով ՀՀՇ վարչության նախագահ Ա.Զուրաբյանի և այլոց կողմից տարածվել է հայտարարություն, ըստ որի իբր քրեակատարողական հիմնարկներում «պարբերաբար կոպտորեն խախտվում են մարդու տարրական իրավունքները, մասնավորապես, շարունակական են դարձել քաղբանտարկյալների հանդեպ տարբեր սադրանքները»: Ընդ որում, որպես միակ ապացույց վերը նշված մերկապարանոց հայտարարությունների, մատնանշվում է «հանրության մեջ շրջանառվող» 1,5 տարվա վաղեմություն ունեցող տեսանյութ:
    Նախ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հիշյալ տեսաերիզի առնչությամբ դեռևս 1,5 տարի առաջ նախապատրաստված նյութերով կայացվել է անհրաժեշտ հիմքի բացակայության պատճառով քրեական հետապնդումը մերժելու մասին որոշում:
    Ինչ վերաբերում է մարդու իրավունքները պարբերաբար խախտելու, ինչպես նաև կալանավորվածների հանդեպ սադրանքների վերաբերյալ հավաստիացումներին, ապա դրանք ակնհայտ անհիմն են և դասվում են սոսկ ենթադրությունների շարքին: Բնորոշ է այն, որ կոնկրետ փաստեր ներկայացնելու փոխարեն, հայտարությունում սոսկ նշվում է հարցի հետ որևէ առնչություն չունեցող մի հին տեսանյութ և զուգահեռ արվում անհիմն հայտարարություններ: Ցավոք, տվյալ ոլորտում կարծեցյալ խախտումների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու և այն բացառապես քաղաքական նպատակներով ծառայեցնելու հրապուրանքը այնպիսի չափեր է ընդունել, որ որոշ անհիմն լուրեր հարկադրված են լինում հերքել հենց իրենք` կալանավորվածները և դատապարտյալները:
    Հավելենք նաև, որ նշված հայտարարության առնչությամբ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած այն պնդումները, թե իբր միջազգային իրավասու կազմակերպությունները ևս նմանաբնույթ գնահատականներ են տվել, դարձյալ չի համապատասխանում իրականությանը: Բոլոր զեկույցները սահմանված կարգով հրապարակվել են, այդ թվում նախարարության կայք-էջում, ուստի հանրությունը հնարավորություն ունի անմիջականորեն պարզելու իրողությունը:
    Կարևորում ենք նաև այն, որ կալանավորված կամ դատապարտված անձիք ինչպես արդարադատության նախարարին, այնպես էլ` միջազգային իրավասու կազմակերպությունների ներկայացուցիչներին ոչ միայն չեն ներկայացրել վերը նշված բնույթի բողոքներ, այլև` նշել են բարվոք վերաբերմունքի և խախտումների բացակայության մասին: Բացի այդ, հնարավոր չէ բերել գեթ մեկ փաստ` քրեակատարողական հիմնարկում հիշյալ անձանց մարմնական վնասվածք պատճառելու կամ նրանց անվտանգության դեմ ուղղված որևէ արարք թույլ տալու մասին:
    Կրկին հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկելու քրեակատարողական հիմնարկներում հնարավոր կոնկրետ խախտումների առնչությամբ յուրաքանչյուր դիմում և արդյունքների վերաբերյալ հանդես գալ հրապարակային հաղորդումներով:


  • 15/07/2008
    «ԱՔՍԱ» ֆրանսիական ապահովագրական ընկերության ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցման խնդրով «ԱՔՍԱ»-ի կարգավորման հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանը հայտնում է, որ «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության գործով իրենց ուղարկված հայցերը դեռևս գտնվում են վերանայման փուլում: Այդ գործընթացն ակնկալվում է, որ կավարտվի այս տարվա ընթացքում:
    Նախարարության առաքելությունը միայն մեր քաղաքացիներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելն էր, հայցերի պատշաճ լրացման և անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերմանը աջակցելը: Այսուհետ համապատասխան մարմիններն իրենք նամակագրական կապ կհաստատեն յուրաքանչյուր դիմողի հետ` նրանց տեղեկացնելով իրենց հայցի բավարարման կամ մերժման մասին:


  • 28/03/2008
    «Ազատ Հասարակություն»
    «Ազատ Հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Հակոբյանը գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, որը ներկայացվում է ամբողջությամբ:
    Մեծարգո պարոն նախարար
    խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն անաչառ և մասնագիտական բարձր գնահատականների համար, որոնք Դուք տվել եք մեր կազմակերպության դիտորդական առաքելության վերջնական զեկույցին: Մենք չափազանց երախտապարտ ենք Ձեզ զեկույցում առկա որոշ անճշտությունները մատնանշելու համար: Այդ անճշտությունները արդեն իսկ վերացված են մեր կողմից:
    Քանի որ նախագահական ընտրություններն ու հետընտրական գործընթացները գտնվում են միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում և խնդիր կա իրենց մատուցելու անաչառ և անկողմնակիալ տեղեկատվություն, մենք «ԱՀԻ» զեկույցը` անգլերեն ամբողջական տարբերակով, արդեն իսկ ուղարկել ենք Վարշավա, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ), ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին և այլ շահագրգիռ կառույցներին: Այս քայլով մենք ցանկանում ենք կոտրել նաև այն սխալ կարծրատիպերը, որոնք խորացել են հատկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ոչ օբյեկտիվ արտահերթ զեկույցից հետո:
    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 5-ին ԱԺ-ում նշանակված լսումները նվիրված են մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին և հետընտրական զարգացումներին, և որին մասնակցելու եք նաև Դուք և ՀՀ գլխավոր դատախազը, մենք ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ մեր դիրքորոշման մասին այս հարցի վերաբերյալ: Մասնավորապես «ԱՀԻ»-ն գտնում է, որ`
    1. արտահերթ զեկույց հրապարակելը անիմաստ էր և անտեղի, քանի որ ՄԻՊ-ը իր «տեսակետները» կարող էր արտահայտել տարեկան զեկույցում.
    2. զեկույցում մեծ տեղ է տրված բամբասանքների և ասեկոսների հիման վրա տեղ գտած դատողություններին, որոնք հիմնավորված չեն փաստերով.
    3. զեկույցը ակնհայտորեն աչքի է ընկնում միակողմանիությամբ և ծայրահեղ սուբյեկտիվությամբ.
    4. զեկույցում տեղ են գտել բավական մեծ հատվածներ, որոնք գրեթե կամ ամբողջությամբ հեռու են ՄԻՊ-ի անմիջական գործառույթներից և ոլորտից.
    5. զեկույցում առկա են քաղաքական տեխնոլոգիաների մասին անհարկի դատողություններ, որոնք ևս մարդու իրավունքների պաշտպանի ոլորտին չեն վերաբերում և ակնհայտորեն ծավալ ապահովելու խնդիր են լուծում: Անհասկանալի և անտեղի ոգևորությամբ է նշվում այն «կիրառված զանգվածային համախմբման և կառավարման հնարքների» մասին, որոնց միջոցով էլ, ըստ մեզ, Լ.Տեր-Պետրոսյանին հաջողվեց ապակայունացնել և լարել ներքաղաքական վիճակը: Սա հատկապես կարևոր է այն պատճառով, որ մարդու իրավունքների պաշտպանը պնդում է, որ բոլոր դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները գտնում են, որ իշխանությունների անհանդուրժողականության պատճառով է, որ ձևավորվել է լարված իրավիճակ: Այս պնդումը իրականությանը չի համապատասխանում և մենք մեր զեկույցում բավական ծավալուն անդրադարձել ենք այս թեմային և ցույց ենք տվել իրադարձությունների զարգացման իրական վիճակը:
    6. Մենք համամիտ չենք նաև զեկույցի այն հատվածին, որտեղ խոսվում է արտակարգ դրություն հայտարարելուց հետո որոշ ընդդիմադիր թերթերի չտպագրվելու մասին: Նախ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ արտակարգ դրություն մտցնելուց հետո մեկ շաբաթ անց վերացվեցին հիմնական սահմանափակումները կապված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գործունեության հետ, և երկրորդ, բազմաթիվ են այն դեպքերը, որ այլ լրատվամիջոցներ, ներկայացնելով պաշտոնական տեսակետին չհամընկնող դիրքորոշումներ, այնուամենայնիվ տպագրվում էին:
    Մեր այս տեսակետները հույս ունենք ավելի ծավալուն կերպով ներկայացնել հենց լսումների ժամանակ, ինչպես նաև պատրաստվում ենք նույնաբովանդակ նամակ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին:


|02.06.08| Մամուլի հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 30 մայիսի 2008թ. հրամանով, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Վահիրճի Հովհաննիսյանը ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցր պաշտոնից:
Պաշտոնից ազատման հիմք է հանդիսացել ծառայողական պարտականությունները անհարգի պատճառով չկատարելը, ծառայողական դիրքն ի չարը գործադրելը, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելը. Մասնավորապես, Գագիկ Հովհաննիսյանը վերազանցելով իր լիազորությունները, թույլատրել է քաղաքացիական անձի մուտքը քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի:

|16.05.08| Մամուլի հաղորդագրություն
Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությունը: Փորձ է արվում «հիմնավորելու», որ իբր ծայրահեղ վատառողջ անձի նկատմամբ չի ցուցաբերվում համարժեք հոգատարություն, որ, անտեսելով վերջինիս առողջական վիճակը, նրա նկատմամբ ընտրվել է ակնհայտ անհիմն խափանման միջոց և այլն:
Հայտնվում է, որ կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության, այնպես էլ` համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնց կողմից տրված եզրակացությունները բացարձակապես հիմք չեն տալիս վերը նշված ենթադրությունների համար: Այսպես, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ քրեակատարողական հիմնարկ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Արամ Կարապետյանին և տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ սիրտ ուղեղային ձև, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է քրեակատարողական հիմնարկի բուժծառայության եզրակացությունը, ըստ որի անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման:
Իսկ անհարկի ասեկոսների ու ընդգծված շահարկումների համար, թերևս, կարող էր հիմք հանդիսանալ հենց Արամ Կարապետյանի միջնորդությամբ քրեակատարողական հիմնարկում զննություն կատարած բժիշկ-սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանի մասնավոր կարծիքը:
Ինչևէ, հաշվի առնելով անհարկի շահարկումները կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա փաստաբանի միջնորդությունը, կայացվել է որոշում` Արամ Կարապետյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու և լրացուցիչ զննության ենթարկելու վերաբերյալ:
Ներկայումս Արամ Կարապետյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: Բժշկական կենտրոնի վերջնական ախտորոշումը կներկայացվի ավելի ուշ:


|31.03.08| Մամուլի հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, ինչի առթիվ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հրամանով վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` պաշտոնի իջեցում: Իր հերթին Վ.Առաքելյանը արդարադատության նախարարին է ներկայացրել զեկուցագիր` քրեակատարողական համակարգից իրեն ազատելու խնդրանքով, ինչը բավարարվել է:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, կարևորելով աշխատանքի կազմակերպման «ռոտացիոն» սկզբունքը, ինչպես նաև թափուր հաստիքը համալրելու անհրաժեշտությունը, կատարել է կադրային փոփոխություններ: Այսպես, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ա.Աֆրիկյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Տ.Նավասարդյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Լ.Բաղդասարայանը նշանակվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Մարգարյանը նշանակվել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում, իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա.Գրիգորյանը նշանակվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:


|20.02.08| Մամուլի հաղորդագրություն
Համաձայն մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների, ընտրություններից անմիջապես հետո «Ժամանակ Երեւան» օրաթերթի եւ «Ա1+»-ի պատվերով «Ալֆա-ԳԱ» ընկերության հրապարակած exit poll-ի արդյունքների համաձայն` Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրել է 54, 2%, իսկ Սերժ Սարգսյանին` 24, 4% քաղաքացիներ: Հարցումը կատարվել Է 100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում, հարցմանը մասնակցել է 3008 հոգի, որից պատասխանել է 2767-ը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Ալֆա-ԳԱ» անվամբ որևէ իրավաբանական անձ գրանցված չէ:

|06.02.08| Մամուլի հաղորդագրություն
Ըստ մամուլի որոշ միջոցներում տեղ գտած հրապարակումների (մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթի 2008թ. փետրվարի 6-ի համարում զետեղված «Ազատել են աշխատանքից» վերտառությամբ ակնարկը), դատապարտյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն, հայտարարություն է տարածել այն մասին, իբր անվտանգության գծով պետի տեղակալը և անվտանգության ծառայության պետը աշխատանքից ազատվել են քաղաքական դրդապատճառներով: Մասնավորապես, իրականության հետ որևէ աղերս չունեցող տարածած հաղորդագրության համաձայն, անվտանգության գծով պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Հովհաննիսյանի պաշտոնից ազատման պատճառ է դարձել այն, որ իբր վերջինիս հայրը, Համլետ Հովհաննիսյանը, մասնակցել է ընդդիմադիր նախագահի թեկնածուի կողմից անցկացված նախընտրական հանրահավաքին:
Նույն ակնարկում առկա է նաև հետևյալ վերացական պնդումը. «Սա արդեն երկրորդ նման դեպքն է այս քրեակատարողական հիմնարկում: Ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր կապիտան Հրաչ Գոգինյանը, այն հիմնավորմամբ, որ իր հայրը առաջին նախագահին սատարող կուսակցություններից մեկի անդամ է»:
Նկատենք, սակայն, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի անվտանգության գծով տեղակալը ազատվել է համաձայն իր դիմումի: Ընդ որում, դիմումում հստակ նշել է այլ աշխատանքի անցնելու ցանկությունը: Հայտարարությամբ նշված նախորդ «ազատումը» ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ վերջինս պարզապես տեղափոխվել է «Էրեբունի» քրեատարողական հիմնարկ` պաշտոնի բարձրացմամբ:

|14.12.07| Մամուլի հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am) ավելացվել է Եվրոպական դատարանի «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» վճռի պաշտոնապես թարգմանված հայերեն տարբերակը, որը կհրապարակվի նաև առաջիկա լույս տեսնող պաշտոնական տեղեկագրում:
Այս պահին նախարարության պաշտոնական կայքում տեղադրված է «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» և «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» վճիռների պաշտոնապես թարգմանված հայերեն տարբերակները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Եվրոպական դատարանի վճիռների պաշտոնապես թարգմանված հայերեն տարբերակները հրապարակվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:


|11.12.07| Մամուլի հաղորդագրություն
Համաձայն մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Նովոստի-Արմենիային տեղեկացրել է, որ «տարբեր պատճառներով Աբովյանի քրեակատարողական հաստատությունում չի պահպանվում անչափահաս բանտարկյալների կրթություն ստանալու իրավունքը, թեև այնտեղ պետք է գործի հատուկ պատրաստված մանկավարժական կազմով դպրոց»: Ա.Իշխանյանը նույն աղբյուրին հայտնել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հատուկ քանակակազմի թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ, ըստ որոնց` «Հայաստանում գործում է 11 քրեակատարողական հաստատություն, որտեղ պահվում է մոտավորապես 3 հազար մարդ, ներառյալ 30 անչափահաս և 60 կին»:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պաշտոնապես հայտնում է, որ հատուկ պատրաստված մանկավարժական կազմով դպրոցի վերաբերյալ տեղեկությունն ամբողջովին, իսկ քրեակատարողական հիմնարկների և դատապարտյալների թվաքանակի վերաբերյալ վիճակագրությունը` մասամբ, չի համապատասխանում իրականությանը:
Այսպես, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ավելի քան տաս տարի գործում է հատուկ մանկավարժական կազմով համալրված դպրոց, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում և տրամադրում է ավարտական վկայականներ: Բացի այդ, նույն քրեակատարողական հիմնարկում գործում է նաև Աբովյանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանը, որը նույնպես ունի համապատասխան գրանցում և նույնպես տրամադրում է ավարտական վկայականներ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հատուկ քանակակազմի թվաքանակի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ինտերնետային կայքում տեղադրվում է վիճակագրություն, ըստ որի քրեակատարողական հիմնարկները 14-ն են, որոնցից երկուսը գտնվում են կառուցման փուլում: Գործող 12 քրեակատարողական հիմնարկում ներկայումս պահվում է 3532 մարդ, որից անչափահասները 54-ն են, իսկ կանայք` 125:


|04.12.07| Մամուլի հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը դեկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի, հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուի և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի Խորհուրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյոնա Ուրումովայի հետ:
Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարին առաջարկվել է ներկայացնել տեղեկատվություն` դատաիրավական հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցադրումների վերաբերյալ: Մասնավորապես, հանձնախմբին հետաքրքրել են հիմնականում հետևյալ հարցերը. ա) ընտրական իրավունքի խախտման վեճերով դատաքննություն իրականացնելիս դատարանների անկախության երաշխիքները, բ) դատական համակարգի ֆինանսավորման և դատաիրավական բարեփոխումների ընթացքում դատավորների թվի մեծացման հետ կապված բյուջետային հատկացումների ապահովման վիճակը, գ) դատական համակարգում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ուղղություններն ու արդյունքները, դ) դատական օրենսգրքի հիմնադրույթները միջազգային փորձագետներին ներկայացնելու անհրաժեշտությունը, ե) դատական դպրոցի գործունեությունը և այդ ոլորտում առկա հիմնահարցերը, զ) դատական ակտերի հարկադիր կատարման վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները, է) քրեակատարողական համակարգում խոշտանգումների վերաբերյալ միջազգային զեկույցի հրապարակմանն առնչվող խնդիրները:
Նախարարի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ հիշյալ հարցերի առնչությամբ: Մասնավորապես. հանձնախմբի անդամները հանգամանալից տեղեկատվություն են ստացել Ազգային Ժողովի կողմից վերջերս ընդունած վարչական դատավարության օրենսգրքի և դատավարական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական ակտերի հիմնադրույթների վերաբերյալ: Միաժամանակ, հանձնախմբի անդամներն իրազեկվել են առաջիկայում ձեռնարկվելիք կազմակերպաիրավական միջոցառումների մասին: Տրվել են նաև պարզաբանումներ վերը նշված միջազգային զեկույցի գաղտնազերծման և հրապարակման հարցերի շուրջ:
Այս և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նախարարի կողմից տրված պարզաբանումները հանձնախումբը գնահատել է, որպես սպառիչ ու լիարժեք:


|28.11.07| Մամուլի հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը` նախարար պարոն Գ.Դանիելյանի գլխավորությամբ` ս.թ. նոյեմբերի 29-30-ին, աշխատանքային այցով մեկնելու է Լեռնային Ղարաբաղ: Այցի նպատակն է` նորանշանակ արդարադատության նախարար պարոն Ա.Մոսեյանի հետ ստորագրելու համագործակցության հուշագիր և հստակեցնելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղի արդարադատության նախարարությանը ցուցաբերվելիք աջակցության եղանակներն ու շրջանակները:
Նախնական բանակցությունների ընթացքում, մասնավորապես, հրատապ է համարվել հետևյալ հիմնախնդիրների լուծումը ` ա) օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային չափանիշներին, բ) ներպետական հիմնարար օրենսդրական ակտերի մշակումը, գ) օրենսդրության համակարգումը և թվայնացված իրավական ակտերի հենքի վրա համակարգչային ծրագրի մշակումն ու ներդրումը, դ) կադրերի վերապատրաստման և փորձի փոխանակման գործընթացին աջակցությունը և ե) խորհրդատվության ընթացակարգերի մշակումը:
Հուշագրի նախագծով առաջարկվում է հիշյալ հիմնահարցերի կանոնակարգմանն ուղղված համալիր և միաժամանակ սեղմ ժամկետներ նախանշող միջոցառումների ցանկ: Համագործակցության առանցքային խնդիրը, այսպիսով, հանդիսանում է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ժողովրդավարության միջազգային սկզբունքներին համահունչ օրենսդրություն մշակելու և երկրի օրենսդիր մարմնի քննարկմանը ներկայացնելու բնականոն գործընթացի ապահովումը:


|13.11.07| Մամուլի հաղորդագրություն
Հարգելի գործընկերներ,
ՀՀ արդարադատության նախարարությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ս.թ նոյեմների 15-ին և 16-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցում, անցկացննելու են «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրներին նվիրված» աշխատանքային սեմինար:
Սեմինարի նպատակն է համախմբել տեղական, միջազգային, պետական և հասարակական մարմինների փորձագետներին` տրամադրելով նրանց շփման և քննարկումների հնարավորություն: Վերոնշյալ քննարկումները նվիրված կլինեն ազատազրկված անձանց մատուցվող սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայությունների բարելավմանը:
Առաջին օրը տեղական և միջազգային փորձագետները կներկայացնեն նյութեր երեք կոնկրետ թեմաների շուրջ: Դրանք են. հացադուլ, դատաիրավական երաշխիքների ապահովում, նախկին ազատազրկվածների ինտեգրումը հասարակության մեջ: Երկրորդ օրը կտրամադրվեն ազատ ժամանակ վերոհիշյալ թեմաները քննարկելու համար` երեք աշխատանքային խմբերով:
Հրավիրում ենք մասնացկելու և լուսաբանելու:

Հայտարարությունների արխիվ
Ընտրեք լեզուն
ԱՄՍԱԳԻՐ

ՄԱՐՏ 2010 3(1)
ԼՂՀ
© 2010 ՀՀ արդարադատության նախարարությունԿայքի պատասխանատու` Արսեն Բաբայան