Դեպի վեր

Կլոր սեղան-քննարկում ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ

17/11/2014 Տառատեսակի
չափսը
A A A

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ անցկացված կլոր սեղան-քննարկմանը, որը վարել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

 Միջոցառմանը մասնակցել են նաև  նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ԵԽ փորձագետ, Սլովենիայի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական իրավունքի և մարդու իրավունքների բաժնի քարտուղար Պիտեր Պավլինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամներ Գևորգ Դանիելյանը, Արա Գաբուզյանը, այլք:

 Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ խորհրդային տարիներին ընդունած Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը վերջին տարիների ընթացքում այնքան է «կարկատվել», որ այլևս նույն օրենսգրքով առաջ գնալու տեղ չունենք:

 «Մենք ունենալու ենք ժամանակակից աշխարհի պահանջմունքներին, եվրոպական իրավունքի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափորոշիչներին համապատասխանող վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգիրք»,-ասել է նախարարը:

 Քննարկման ընթացքում Սլովենիայի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ Պիտեր Պավլինը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի վերաբերյալ եզրակացությունը, որում անդրադարձել է օրենսգրքի նախագծի ընդանուր մասի որոշ դրույթների համապատասխանությանը եվրոպական չափանիշներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաներին և դրանց կից ներկայացված արձանագրություններին:  

 «Ակնհայտ է, որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագիծը լուրջ առաջընթաց է ապահովում՝ համապարփակ կերպով կանոնակարգելով վարչական վարույթները: Տպավորությունն այնպիսին է, որ նախագիծը գրվել է սահմանադրական իրավունքի ոգով. այն բավական լավ երաշխիքներ ունի, ինչն էլ նշանակում է, որ մենք, լավագույն դեպքում, կարող ենք լրացումներ առաջարկել»,-նշել է ԵԽ փորձագետը:  

 Աշխատանքային խումբը նախատեսում է մինչև դեկտեմբերի մեկը նախագծի վերամշակած տարբերակն ուղարկել Արդարադատության նախարարություն և ԵԽ երևանյան գրասենյակ, որից հետո փաստաթուղթը հանրային քննարկման կդրվի, կներկայացվի ՀՀ կառավարությանն ու կուղարկվի Ազգային Ժողով:

 Այս նոր օրենսգիրքը, մասնագետների համոզմամբ, լուծելու է այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են իրավակիրառ պրակտիկայում:

 Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության կողմից Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» շրջանակներում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն