Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

17/11/2014

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն ու դրանով նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

 Ռազմավարությունն ուղղված է չորս առավել խոցելի ոլորտներին` առողջապահությանը, կրթությանը, պետական եկամուտների հավաքագրմանն ու ոստիկանության՝ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետի պաշտոնակատար Կամո Ասատրյանը, Հակակոռուպցիոն ռազմավարության աշխատանքային խմբի քարտուղար Մարիամ Գալստյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ԻԱԿ-ի իրավախորհդատու Գևորգ Հայրապետյանը, «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

 Քննարկման ընթացքում անդրադարձել են ստեղծվող կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին և փորձագիտական խմբին վերաբերող հարցերին:

Նախագծով խորհրդում երկու տեղ է նախատեսված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք կընտրվեն մրցույթի արդյունքում, որից հետո նոր միայն խորհուրդը կհաստատի ռազմավարության նախագիծն ու կներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը:

 Սուրեն Քրմոյանը առաջարկել է ներկաներին կարծիքներ հայտնել ռազմավարության նախագծի, միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝ փաստաթուղթը  ամբողջկան տեսքի բերելու նպատակով:

«Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերներն այդ ամբողջ գործընթացների մասնակիցը դառնան: Խնդրում ենք ձեզ ակտիվություն ցուցաբերել նախագծի մշակման աշխատանքներում»,-նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը:

 Քննարկմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչները շեշտել են խորհրդի կազմում հասարակական սեկտորի ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը:

 Հանդիպման ընթացքում որոշվել է լրացուցիչ ժամանակ  հատկացնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նախագիծն ուսումնասիրելու և դրա վերաբերյալ առաջարկություններ ու մեկնաբանություններ ներկայացնելու նպատակով:

 Հակակոռուպցիոն ռազմավարության այս նախագիծը ներկայացնում է ՀՀ կառավարության դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ: Փաստաթղթում սահմանվում է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև այն ռազմավարական ուղղությունները, որոնք հիմնականում վերաբերում են հանրային ծառայության ոլորտում ազնվության ապահովմանն ու ամրապնդմանը, թափանցիկության և բաց համակարգի խթանմանն, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ավելի մեծ մասնակցության ապահովմանը: