Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդես «Արմավիր» ՔԿՀ-ում

10/12/2014

  Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ «Արմավիր» նորաբաց  քրեակատարողական հիմնարկում այսօր կազմակերպվել է «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվել են  ամերիկաբնակ հայտնի նկարիչ Սամվել Սաղաթելյանի աշխատանքները և ՀՀ արդարադատության նախարարության տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների ստեղծագործությունները: Սամվել Սաղաթելյանը  արվեստասեր հանրությանը հայտնի է իր «Չափազանցված իրականություն», «Տեխնոլոգիայի աշխարհ»,  «Դրախտի փնտրտուքներով», «Անկախություն»  և այլ ցուցադրություններով, որոնց հիմնական առանցքը մարդն է:

  Ամիսներ առաջ  ցուցահանդես կազմակերպելու թույլտվություն ստանալով ՀՀ արդարադատության նախարարությունից՝  նկարիչը գաղափարի իրականացման համար աշխատել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:  Ցուցադրության էին ներկայացվել հիմնականում նկարներ, փայտի աշխատանքներ, զարդեր: Այսօր դատապարտյալներն անձամբ ներկա էին իրենց աշխատանքների ցուցադրությանը, նրանք հնարավորություն էին ստացել նաև շփվել ընտանիքի անդամների, հարազատների հետ:

 Ցուցադրությանը ներկա էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ում գրասենյակի ջանքերով էր իրականացվել ցուցահանդեսը:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ դեսպանը շրջել է ցուցասրահում, զրուցել դատապարտյալների հետ, նրանց մաղթել ստեղծագործական ցանկություն և նշել, որ հոգով կատարած աշխատանքն է միայն դառնում արվեստի իսկական նմուշ:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի հեղինակին՝ ընդգծելով, որ Նախարարության ուշադրության կենտրոնում է ազատազրկվածների զբաղվածության, հատկապես  ստեղծագործ  աշխատանքով զբաղվելու խնդիրը, և Նախարարությունը հնարավորինս բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ նպատակով:

 «Սահմանային իրականություն» խորհրդանշական վերնագիրն ունեցող ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին մտավորականներ,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և դատապարտյալների ճակատագրով մտահոգ քաղաքացիներ:  Ցուցահանդեսը տևելու է տասը օր: 

Լուսանկարը՝ Panarmenian.net-ի