Համաժողով՝ նվիրված Հայաստանում ապահովված գործարքների համակարգի և համապատասխան շարժական գույքի միասնական էլեկտրոնային ռեգիստրի ներդրմանը

03/04/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը ապրիլի 3-ին մասնակցել է «Ապահովված գործարքների համակարգի և համապատասխան շարժական գույքի միասնական էլեկտրոնային ռեգիստրի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողովին:

 Այն կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը՝ ՀՀ արդարադատության նախարարության, Համաշխարհային բանկի  հայաստանյան առաքելության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ:

 Միջոցառման նպատակն էր համախմբել տարբեր շահագրգիռ կողմերին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և գիտելիքներ, քանի որ իրազեկվածության պակասը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ իրականացվող բարեփոխումների արդյունավետության ապահովման համար:

 Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և տեղեկացրել, որ 2014թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենսդրական փաթեթի նախագիծը, որը ստորագրվել է ՀՀ Նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հոկտեմբերի 1-ին:

 «2015 թվականի մարտի 18-ին ընդունվել է ՀՀ վարչապետի «Շարժական  գույքի նկատմամբ  ապահովված  իրավունքների գրանցման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 211-Ա որոշումը, որոնցից մի շարք միջոցառումներ արդեն իսկ իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից. ստեղծվել է շարժական գույքի համապատասխան գործակալություն, որը գործելու է ՀՀ արդարադատության նախարարության կազմում: Գրանցման համակարգն ինքնաշխատ է գործելու, որի միջոցով ցանկացած անձ պարզ ընթացակարգի համաձայն հնարվորություն է ունենալու գրանցել ապահովված իրավունքը շարժական գույքի նկատմամբ, ինչի արդյունքում մարդկային գործոնի լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չի առաջանալու»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

 Նրա խոսքով՝ համակարգը բաց և հասանելի է լինելու բոլորին: Միաժամանակ, համակարգը տեսանելի ձևով ցույց կտա գոյություն ունեցող իրավունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: «ՀՀ կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը ֆինանսական միջոցներ է հատկացրել համակարգի ստեղծման համար, և մենք պատրաստ ենք համապատասխան մրցույթ իրականացնել»,- ասել է արդարադատության նախարարի առաջին տեղակալը:

 Արսեն Մկրտչյանը կարևորել է համակարգի ներդրման վերաբերյալ հանրային լայն իրազեկումն ու ընդգծել, որ այս բարեփոխման նպատակը փոքր և միջին ձեռնարկատերերի համար ֆինանսական ռեսուրսների ձեռքբերումը հասանելի դարձնելն է: 

 Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև համապատասխան միասնական ռեգիստրի գործառույթները, միջազգային փորձը, Հայաստանում այդ համակարգի ներդրման առանձնահատկությունները, գործընթացը և այլն: Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական ռեգիստրի ստեղծումը և ապահովված գործարքների համապատասխան համակարգի ներդրումը հնարավորություն կտա կենտրոնացնել վարկունակության ստուգումը և ապահովված իրավունքի գրանցումը, ստեղծել միասնական տեղեկատվական բազա, պարզեցնել իրավունքի գրանցման գործընթացները, բարձրացնել համակարգի թափանցիկության մակարդակը, ինչպես նաև լուծել ապահովված իրավունքների նախապատվության խնդիրը:

 Համաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության, էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության նախարարությունների, ԱՄՆ ՄԶԳ և ՀԲ հայաստանյան առաքելությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ֆինանսական հաստատությունների, գործարար միությունների, ՓՄՁ-ների զարգացմանն աջակցող կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նոտարներ, դատավորներ, իրավաբաններ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ: