Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը

16/04/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը (GRECO):

 Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել եվրոպական  կառույցի հետ երկխոսությունն ու անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

 Այդ համատեքստում նա կարևորել է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ ռազմավարական ծրագրով իրականացվող միջոցառումները:

 Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի, կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի հիման վրա ներկայում մշակվող ռազմավարության ուղղությունների, հանրային ծառայության մարմինների արդյունավետության բարձրացման ու բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորման վերաբերյալ:

 Կողմերն անդրադարձել են ՀՀ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցերին և առավել անկախ ու արդյունավետ դատական համակարգ ունենալուն միտված բարեփոխումներին:

 Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, հյուրերի խնդրանքով, անդրադարձել է երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին և նշել, որ այս փոփոխությունների գլխավոր նպատակներից մեկը լինելու է մարդու իրավունքների ապահովման ու երաշխավորման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը:

 Հանդիպման ավարտին նախարարն իր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հետ աշխատանքները շարունակելու և համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

 Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակության անդամները ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնել Հովհաննես Մանուկյանին ընդունելության համար՝ հավաստելով նախարարության հետ հետագա փոխգործակցության պատրաստակամությունը: