ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացը կարևորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախարարության երկխոսությունը

16/06/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 16-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի գլխավորած պատվիրակությանը:

 Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը  դատաիրավական և մի շարք այլ բարեփոխումների իրականացման հարցում ցուցաբերող շարունակական հետաքրքրության  ու աջակցության կարևորությունը:

 Արդարադատության նախարարության հետ փոխգործակցության համատեքստում Ջոնաթան Կացը շեշտել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախարարության երկխոսության կարևորությունը:  Նա ընդգծել է հատկապես հասարակական սեկտորի հետ առողջ քննարկումների արդյունքում ստեղծված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ համարելով այն լուրջ առաջընթաց: 

 Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման գործում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ հնարավոր համագործակցությանը:

 Հանդիպմանը քննարկվել են նաև Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում հնարավոր համագործակցության ձևաչափերը:

 Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համապատասխան աշխատանքային օրակարգի մշակման և քննարկման վերաբերյալ: