Տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ» ծրագրի բացումը

30/09/2015

 Երևանում այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ» ծրագրի բացումը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, այլք:

 Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության գործուն համակարգի և այդ իրավունքների ոտնահարման դեպքում դրանց քննության արդարացի մեխանիզմների կիրառմանն ուղղված պատշաճ օրենսդրական նորմերի ներդրմանը: «Մարդու իրավունքների ոտնահարումը կամ անձի խոշտանգումն առանձնակի նշանակություն է ստանում, երբ այն դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից և այն էլ քրեական գործի քննության շրջանակներում: Այս հարցում կարևոր է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ խնդրի համակարգային լուծմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրումը, քանի որ այս գործում կարելի է հաջողություն ունենալ միայն այն դեպքերում, երբ պայքարն արդյունավետ է թե՛ գործնական և թե՛ օրենսդրական մակարդակներում»,- ասել է նախարարը:

 Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային խոշտանգման հանցակազմի բնորոշման հարցում համապատասխանություն ապահովելու, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում կատարված համապատասխան փոփոխությունները, ինչի արդյունքում մասնավոր մեղադրանքի կարգով հետապնդման ենթակա արարքների շրջանակից հանվել է խոշտանգման հանցակազմին առնչվող դրույթը և այն դարձվել է հանրային հետապնդման գործ:

 Նախարարն ընդգծել է նաև, որ ընդունված և արդեն իսկ ուժի մեջ մտած փոփոխություններով առաջարկվող խոշտանգման հանցակազմի նոր ձևակերպմամբ պայմանավորված՝ հստակեցվել է նաև Քրեական օրենսգրքի՝ դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից բացատրություն կամ ցուցմունք տալուն հարկադրելու համար պատասխանատվություն սահմանող հանցակազմը, ինչի արդյունքում իրավապահ մարմնի յուրաքանչյուր աշխատակից իրազեկված է լինելու, որ խոշտանգման ցանկացած դեպք բացահայտվելու է և իրականացվելու է արդյունավետ քննություն՝ միջազգային բոլոր պահանջների պահպանմամբ:

 Արփինե Հովհաննիսյանը նաև Արդարադատության նախարարության պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու ծրագրի շրջանակներում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով ապահովել խոշտանգումների դեմ արդյունավետ պայքարի իրականացումը:

 Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքի www.agent.echr.am շնորհանդեսը:

 Կայքի ստեղծման հիմնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության դերի և գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն առավել թափանցիկ և հասանելի դարձնելն է:

 Նախարարը շնորհավորել է ներկաներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի շնորհանդեսի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ կայքի գործարկումից կշահի և՛ պետությունը, և՛ հասարակությունը: