Դեպի վեր

Քաղաքացու հետ պետք է լինել ազնիվ և երբեք չկեղծել

13/01/2016

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո առաջնահերթություն է դարձել գործող օրենսդրության համապատասխանեցումը կառավարման նոր` խորհրդարանական համակարգի տրամաբանությանը: Այդ առումով, 2016-ը հայաստանյան օրենսդրական դաշտի վերափոխման, վերամշակման կարևոր տարի է լինելու: Իսկ այդ հսկայածավալ աշխատանքի հիմնական ծանրությունն իր ուսերին կկրի Արդարադատության նախարարությունը:

Նախարար Արփինե Հովհաննիսյանի աշխատասեղանին արդեն իսկ Ընտրական օրենսգիրքն է, որը բարեփոխվող օրենքների շարքում առաջին տեղում է: Երիտասարդ նախարարը, չնայած հսկայական աշխատանքին, համոզված է` և’ ներուժը կա, և’ պատասխանատվության գիտակցումը, ուրեմն, գործը հաջող ընթացք է ունենալու:

<ՙՀայոց Աշխարհ>-ի զրուցակիցն է ՀՀ Արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

-Տարվերջյան ձեր ասուլիսում հետևյալ միտքն էիք ասել, թե Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, բայց այդ արդարադատությունը շատ խնդիրներ ունի. ասվածից կարո՞ղ ենք ենթադրել, որ իր պաշտոնավարման 100-րդ օրը նոր-նոր բոլորած երիտասարդ նախարարը բավականին լուրջ խնդիրներ է տեսնում իր իսկ ղեկավարած ոլորտում:

-Իմ խոսքից պետք է հասկանալ հետևյալը. ցանկացած ոլորտում կան ամենատարբեր բնույթի խնդիրներ: Ընդհանրապես, այնտեղ, ուր կա աշխատանք, ուր գործ է արվում, դժվար է խուսափել և’ սխալներից և’ դժվար է բացառել խնդիրների առկայությունը: Իսկ խնդիրներ կարող են առաջանալ օրենքների ոչ ճիշտ կարգավորման, կիրառման, նաև սխալ մեկնաբանության հետևանքով: Մի մասի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև մարդկանց մտածողությունը, ընկալումները: Այդ առումով կարելի է ասել, որ արդարադատությունը ամենախոցելի, ամենացավոտ, բոլորին հուզող, բոլորի շահերին առնչվող ոլորտներից մեկն է: Ի տարբերություն այլ որոտների, արդարադատության ոլորտում առկա ցանկացած թերացում մարդկանց կողմից ավելի սուր հակազդեցության է արժանանում, և դա բնական է: Ի վերջո արդարադատությունն այն ոլորտն է, ուր գործ ունենք մարդկանց ճակատագրերի հետ, նրանց կենսական շահերին առնչվող հարցերի հետ: Շատ կարևոր է մարդկանց մոտ արդարության զգացողության սերմանումն ու ամրապնդումը. արդարություն ասելով մարդը պատկերացնում է հավասար հնարավորությունների ապահովում, իրավունքի գերակայություն եւ արդար կառավարում:

Ուրեմն, ասել, թե ոլորտում ամեն ինչ իդեալական է` սխալ կլինի, բայց նաև չտեսնել, անտեսել արված լավն ու դրականը, ևս ճիշտ չեմ համարում: Հետևաբար, ես իրավիճակը իրատեսորեն գնահատելու կողմնակից եմ, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք արդյունավետ ընթացքով առաջ գնալ: Եվ իմ խոսքերը հենց այդ նպատակով են ասվել:

-Նաև նշել էիք, թե արդարադատության կերտման համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը. ուրեմն ինչի՞ց սկսել, չէ՞, որ մեզանում մարդիկ ոչ այնքան ու ոչ այնչափ սոցիալական իրավիճակից են դժգոհ, որքան արդարության պակասից, իրենց իրավունքների ոտնահարումից:

– Այն, որ արդարադատության կերտման համար մեզնից յուրաքանչյուրն է պատասխանատու` դա իմ համոզմունքն է: Սա այն է հանուն ինչի մենք տարիներ շարունակ պայքարում ենք, այն է, ինչ ասում են միջազգային կառույցների նեկայացուցիչները: Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր գործն անի: Իրականում մենք լավ պետություն կկարողանանք կառուցել այն ժամանակ , եթե մեր երկրում յուրաքանչյուրը պատասխանատվություն կրի իր իսկ պարտականությունների համար: Արդարադատության գաղափարի կերտումը սկսվում է նախ քաղաքացու իրավագիտակցությունից ու ավարտվում պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների պատշաճ կատարմամբ. բոլորը` դատական համակարգը, արդարադատությունը, Ազգային ժողովը յուրաքանչյուրն իր տեղում, իր լիրազորությունների շրջանակում պետք է կերտի այդ արդարությունը, միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողել:

Ես ուզում եմ նաև ասել հետևյալը. ոմանք կարծում են, թե արդարադատության գաղափարի կերտման պատասխանատուն միայն Արդարադատության նախարարն է, ոչ, այդպես չէ: Մարդիկ արդարություն են փնտրում դատարաններում, բայց գալիս ու այն պահանջում են Արդարադատության նախարարից: Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ արդարադատության իրականացման հիմնական պատասխանատու դիտվում է միայն Արդարադատության նախարարը: Այդպես չէ, Արդարադատության նախարարը օրենքով որևէ լիազորություն չունի միջամտելու դատական իշխանության գործառույթներին: Երբ որևէ մեկն ինձանից պահանջում է մի բան, ինչն իմ իրավասությունների, լիազորությունների սահմաններում չէ, դա նշանակում է այդ քաղաքացին նաև սխալ սպասումներ և ոչ ճիշտ ակնկալիքներ ունի: Իսկ դրա հետրևանքը կարող է լինել այն, որ մարդիկ կարող են ինձ մեղադրել ինչ-որ չարված գործերի համար ու հասարակության մեջ առաջանա հիասթափություն: Հետևաբար, ես գերադասում եմ լինել ազնիվ ու քաղաքացուն ասել ճշմարտությունը, որ ես այս, այս հարցերում իրավասու չեմ, որպեսզի մարդկանց մոտ կեղծ սպասումներ, ակնկալիքներ չստեղծեմ: Մեր քաղաքացու հետ պետք է լինել ազնիվ, ես սա շատ եմ կարևորում, անգամ եթե ասածս նրա ականջի համար ոչ այնքան հաճելի է, անգամ եթե դրա համար կարող եմ քննադատվել, ոմանք կարող են նաև այդ պահին ինձ չհասկանալ, բայց միևնույն է, պետք չէ կեղծել, ազնվությունը վեր է ամեն ինչից: Ի վերջո հասարակությունը վաղ թե ուշ համոզվելու է, որ դու իր հանդեպ ազնիվ ես եղել ու գնահատելու է այդ ազնվությունը:

- Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո իշխանության համար նոր և ոչ պակաս պատասխանատու փուլ է սկսվում. բազմաթիվ օրենքներ պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը: Հիմնական աշխատանքները պետք է իրականացնի Արդարադատության նախարարությանը: Ի՞նչ փոփոխություններ սպասենք:

-Այո~, դրանք բազմաթիվ են: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ պետք է մշակվեն շուրջ 100 իրավական ակտեր: Որպեսզի պարզ լինի ծավալը` թվեմ մի քանիսը. ՙԿուսակցությունների մասին՚ օրենքը, ՙՎարչական իրավախախտումների վերաբերյալ՚ օրենսգիրքը, նոր Քրեական, Քրեական դատավարության, Քրեակատարողական Քաղաքացիական, Դատական օրենսգրքերը, ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ օրենքը, ՙՆախագահի մասին՚ օրենքը և այսպես շարունակ: Սահմանադրական բարեփոխումներից հետո, մեզ անկասկած ահռելի աշխատանք է սպասվում, պետք է կարողանանք նոր Սահմանադրության գաղափարախոսությանը պատշաճ օրենսդրական դաշտ ստեղծել: Արդարադատության նախարարությունը բնականաբար այս հարցում լուրջ դերակատարում պետք է ստանձնի, քանի որ օրենքների կեսից ավելին մեր նախարարության պատասխանատվության տակ է գտնվում: Ի դեպ, հանրաքվեի արդյունների պաշտոնական հայտարարումից հետո մենք անմիջապես սկսեցինք այդ աշխատանքները: Սպասվում է իրոք ահռելի աշխատանք: Իսկ արդյունեները տարվա ընթացքում տեսանելի կլինեն:

-Իրապես աննախադեպ իրավիճակ է, ի վերջո, ամեն տարի Սահմանադրություն չի փոփոխվում և օրենքներն էլ նման հախուռն վերափոխման չեն ենթարկվում. նախարարությունն ունի՞ անհրաժեշտ ներուժը այդ պատասխանատու ու լայնածավալ աշխատանքն արդյունավետորեն իրականացնելու համար:

– Իրավիճակն իրոք աննախադեպ է, որովհետև օրենսդրական դաշտի որակական փոփոխության հետ գործ ունենք, մայր օրենքներ պետք է մշակվեն: Սա ահռելի ծավալ է, մանավանդ երբ այն գումարվում է նախարարության տարվա կտրվածքով իրականացվող աշխատանքներն` օրենքների փորձաքննությանն ու մշակմանը: Արդարադատության նախարարությունը ունի բավարար ներուժ, ու ինչպես ասացի, մարդիկ արդեն իսկ լծված են այդ կարևոր աշխատանքի իրականացմանը: Մենք նաև մեր գոծընկերների` միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում բանակցություն ենք վարում լրացուցիչ ուժերի ներգրավման համար: Եվ ես հուսով եմ, որ ուժերի կենտրոնացման ու ջանքերի համախմբման արդյունքում, այսինքն` բոլորի աջակցությամբ մենք կհաջողենք այս կարևոր գործը:
Օրինաստեղծ աշխատանքների հիմնական մասը, կարծում եմ, կավարտվի մինչև 2017 թվականը, նաև դրանից հետո աշխատանքները կշարունակվեն, սակայն առյուծի բաժինը վերապահված է 2016-ին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն