Վենետիկի հանձնաժողովը տարբերակում է ցուցակների պաշտոնական հրապարակումը եւ դրանց հասանելիությունը. նախարար

01/04/2016

Ընտրողների ցուցակների հրապարակումը խնդրահարույց է ոչ թե այն տեսանկյունից, որ մարդկանց պետք չէ հնարավորություն ընձեռել ծանոթանալու ցուցակներին, այլ խոսքը վերաբերում է պաշտոնական հրապարակմանը, երբ կարող են պաշտոնապես հրապարակվել եւ համարվել իրավական պաշտոնական փաստաթուղթ: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 

«Ընտրողների ցուցակների հրապարակումը Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվում է ընտրության գաղտնիության տարրերից մեկը: Վենետիկի հանձնաժողովի «Հանուն ժողովրդավար ընտրությունների» խորհուրդը 2016 թվականի մարտի 10-ի լիագումար նիստին, քննարկելով ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարակման հարցը, վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն: Միեւնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշակի հանգամանքների դեպքում, ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն եւ հասանելիություն ունենան՝ ծանոթանալու ընտրողների ցուցակին»,- ասաց նախարարը:

 

Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս ձեւակերպումը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ տարբերակում է մտցնում ընտրողների ցուցակի պաշտոնական հրապարակման եւ ընտրողների ցուցակին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու միջեւ. «Կարծում ենք՝ այն մոտեցումը, որն այսօր ամրագրված է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում, այն է՝ վստահված անձանց հնարավորություն ընձեռել առանց վերահաշվարկի պահանջի ծանոթանալ ընտրողների ցուցակին, ընդ որում, դրանից անել քաղվածքներ, համեմատել նախօրոք հրապարակված ցուցակների հետ, փաստացի ապահովում է երաշխիք՝ ընտրողների ցուցակի մատչելիության եւ հասանելիության համար»:

 

Նշենք, որ ընդդիմությունը պահանջում է Ընտրական օրենսգրքով ամրագրել, որ ստորագրված ցուցակները հրապարակվեն: Իշխանությունը պնդում է, որ այդ դրույթը հակասահմանադրական է:

 

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակն արդեն քննարկվել է խորհրդարանական լսումներ ժամանակ: Սպասվում է, որ առաջիկա քառօրյայի ժամանակ հարցը կընդգրկվի օրակարգում:

 

Ամբողջական հոդվածը ՝ http://news.am/arm/news/319945.html.