Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրենին

23/08/2016

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին  և ԱՄՆ ՄԶԳ  հայաստանյան առաքելության նորանշանակ  տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Ողջունելով  հյուրերին՝  նախարարը շնորհավորել է  Դեբորա Գրիզերին նշանակման կապակցությամբ, բարձր  գնահատել  ԱՄՆ դեսպանատան և  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ ներկայիս  համագործակցությունը  և շարունակական արդյունավետ աշխատանքի հույս հայտնել:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ներկայում USAID-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին՝ մասնավորապես ներկայացնելով ապօրինի հարստացման  քրեականացմանն ու իրական սեփականատերերի գրանցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները:

Հանդիպման ընթացքում փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ ԱՄՆ դեսպանությունը մեծապես արժևորում է Արդարադատության նախարարության հետ ամուր գործընկերությունը: Նրա խոսքով՝ դեսպանության մի քանի գրասենյակներ և ստորաբաժանումներ, մասնավորապես՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Մշտական իրավախորհրդատուի գրասենյակը և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը   կանոնավոր և սերտորեն գործակցում են նախարարության հետ բազմաբնույթ ծրագրերի, այդ թվում՝ հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Փոխդեսպանը կոչ է արել նախարարությանը շարունակել իր առաջատար դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում, քանզի կոռուպցիան Հայաստանի տնտեսական զարգացման ու ժողովրդավարայնացման  ճանապարհին առկա հիմնական մարտահրավերն է:

 Դեբորա Գրիզերը բարձր է գնահատել իրականացված ծրագրերը,   նկատելի արդյունքներն ու շնորհակալություն հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը հասարակական սեկտորին  հակակոռուպցիոն աշխատանքներում ակտիվ ներգրավելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն