Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովը արտահայտել է իր կարծիքը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

18/10/2016

Վենետիկի հանձնաժողովը արտահայտել է իր կարծիքը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը Վենետիկում կայացած «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 108-րդ լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է Հայաստանում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած զարգացումները, մասնավորապես՝ անդրադառնալով ընտրացուցակների հրապարակման որոշմանը, տեխնիկական սարքերի կիրառման խնդրին:

«Բնականաբար, ես իմ ելույթում Վենետիկի հանձաժողովին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել եմ այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունեցել, ներկայացնելով, որ թեև գումարները առկա էին, սակայն սարքավորումների մատակարարումը հնարավոր չի եղել ապահովել: Նաև ներկայացրել եմ այն համաձայնագիրը, որը ընդդիմության, իշխանության  և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ստորագրվել էր և այս կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը արել է համապատասխան լրացում իր արդեն հրապարակված կարծիքում, մասնավորապես՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արել է հայտարարություն՝ առ այն, որ  Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխություններով նախատեսված պայմանները հնարավոր չի եղել ապահովել: Չնայած  կառավարությունը կարողացել էր գտնել համապատասխան գումարը, սակայն որևէ կազմակերպություն ի վիճակի չի եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ապահովել, ուստի Ընտրական օրենսգքրի համապատասխան  փոփոխությունները չեղարկվել են»,- ասաց նախարարը:

Սկզբնաղբյուրը ՝ http://news.am/arm/news/352206.html