Դեպի վեր

«Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղում գործարկվեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

28/03/2017

Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մարտի 28-ին մասնակցել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի մասնաճյուղում (Շենգավիթ վարչական շրջան, Սմբատ զորավարի 11/1) պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկմանը:

Արդարադատության նախարարը կարևորել է հերթական գրասենյակի գործարկումը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում և նշել, որ պետական մարմինների կողմից մատուցվող մոտ 70 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաև միասնական այս գրասենյակում: ««Երևան» տոնավաճառում գործող այս գրասենյակը կարևորում եմ նաև գտնվելու վայրի տեսանկյունից, որտեղ մարդկանց շարժը շատ է ու քաղաքացին կարող է իրեն անհրաժեշտ տեղեկանքը ստանալ այստեղից՝ առանց լրացուցիչ ռեսուրս կամ ժամանակ վատնելու»,-նշել է Արփինե  Հովհաննիսյանը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանը նշել է, որ բանկի 12 մասնաճյուղերում հաճախորդները հնարավորություն կստանան օգտվելու միասնական գրասենյակների ծառայություններից: «Այս մասնաճյուղում միասնական գրասենյակի գործարկումը կարևոր է մեզ համար, քանի որ հարակից տարածքում է գտնվում «Սասունցի Դավիթ» մետրոպոլիտենը, երկաթգծի կայարանը, ինչպես նաև միջհամայնքային և  միջքաղաքային տրանսպորտների կայանատեղիները»,-նշել է բանկի գործադիր տնօրենը` հավելելով, որ եթե նախկինում այս ծառայությունները մատուցում էին միայն պետական մարմիններն, ապա այսուհետ այդ գործառույթները կիրականացնեն նաև բանկերը:

Գրասենյակի գործարկման ընթացքում երկու քաղաքացիներ տեղում ստացել են նախապես հայցված չդատվածության և անհատ ձեռնարկատեր գրանցելու մասին տեղեկանքները:

Հիշեցնենք, որ ներկայում ՀՀ ողջ տարածքում գործում է 39 միասնական գրասենյակ, որից 14-ը՝ Երևանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծնում, Իջևանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում:

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Աﬔրիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերությունները: 

Միասնական գրասենյակներում ՀՀ  քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող  մի շարք ծառայություններից: 

ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2017թթ. ռազմավարական ծրագրի 8.4.1 կետով սահմանված և ՀՀ վարչապետի հանձնարարականով մեկնարկած բարեփոխումների այս շղթան շարունակական է լինելու և միասնական գրասենյակներ են գործարկվելու ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում: 

Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝  http://moj.am/services/service_offices  :

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն