Դեպի վեր

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացվել է e-civil էլեկտրոնային համակարգը

15/02/2018

ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր հյուրընկալել էր  ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի և ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանի  գլխավորությամբ: ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել ՔԿԱԳ ոլորտում էլեկտրոնային համակարգերի ներդրմանն ուղղված ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով e-civil, e-health, e-apostille էլեկտրոնային համակարգերին:

Անի Մխիթարյանի խոսքով՝ 2014 թվականի սեպտեմբերի 30-ից ներդրված և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող e-civil համակարգի շնորհիվ այսօր բոլոր 52 ՔԿԱԳ տարածքային մարմիններն իրենց գործառույթներն իրականցնում են բացառապես Էլեկտրոնային համակարգով:

«Այսօր արդեն համակարգի շնորհիվ, որը համակցված է ՀՀ ոստիկանության բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին, չեն կարող գրանցվել կրկնակի ծնունդներ, կրկնակի ամուսնություններ, չեն կարող կատարվել մեխանիկական սխալներ, որոնք բնորոշ էին նախկինում գրանցված ակտերին: Էլեկտրոնային կառավարումը և դրա համակցումը պետական այլ մարմինների էլեկտրոնային համակարգերին նվազեցրել է փաստաթղթաշրջանառության հետ կապված վարչարարությունը, կրճատել է գործառույթների ժամկետները: Մասնավորապես, մենք ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան վերաբերյալ տեղեկատվությունն այսօր իրական ռեժիմով փոխանցում ենք բնակչության պետական ռեգիստրին,  Ազգային վիճակագրական ծառայությանը, վարկային բյուրոներին և այլն», - նշել է Ա. Մխիթարյանը՝ հավելելով, որ e-civil-ի շնորհիվ հնարավորինս նվազեցվել է բյուրոկրատական քաշքշուկը, քաղաքացիների համար ստեղծվել են առավել մատչելի և որակյալ գործընթացներ:

Գործակալության պետի տեղեկացմամբ, e-civil համակարգի և e-health ենթահամակարգի հետ համակցման շնորհիվ քաղաքացիները, դիմելով ՔԿԱԳ տարածքային մարմիններ ծնունդ և մահ գրանցելու համար, այլևս պարտավոր չեն ներկայացնել բժշկական վկայականներ ստորագրված և կնքված բժշկական կազմակերպությունների կողմից: E-health համակարգում բժշկի կողմից լրացված բժշկական վկայականն արդեն իսկ իրական ռեժիմում հասանելի է  ՔԿԱԳ տարածքային մարմիններին: Քաղաքացիներն  ընդամենը ներկայացնում են բժշկական կազմակերպության կողմից տրված կտրոնը, որի վրա գեներացված հսկիչ համարի շնորհիվ բժշկական վկայականը գեներացվում է e-civil համակարգում:

2017 սեպտեմբերին e-civil-ը նաև համակցվեց ՀՀ սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգի հետ: Երկու համակարգերի համակցման առաջին փուլում հնարավորություն է ընձեռվել քաղաքացիներին ծննդյան նպաստների դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Անի Մխիթարյանի խոսքով, արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցրել է  վարչարարության նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից և՛ ժամանակի, և՛ գումարի խնայողությունը:

ՔԿԱԳ գործակալության  պետը ներկայացրել է նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրված էլեկտրոնային ապոստիլի՝ www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ստուգել փաստաթղթերի իսկությունը:

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և Անի Մխիթարյանը անդրադարձել են նաև e-consular հյուպատոսական էլեկտրոնային համակարգի ամբողջական համակցմանը  e-civil-ին, որի շնորհիվ օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկները ՔԿԱԳ գործառույթները կիրականացնեն նույնպես e-civil համակարգով՝ օգտվելով միասնական էլեկտրոնային գրանցամատյանից: 

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հետ ակտիվ համագործակցությունը և հույս հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական: Հանդիպման ավարտին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները, e-civil համակարգի ուսումնական  մասի շրջանակում, փորձարկել են ծննդյան, ամուսնության ակտի գրանցման և ստուգման գործընթացը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն