Դեպի վեր

Աշխատանքներ ՝ ուղղված օրենսդրական ոլորտի բարեփոխմանը

07/05/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը 2017-2018 թվականների ընթացքում մշակել է 200-ից ավելի նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: 

1.  Սահմանադրության 2015թ. փոփոխությունների համատեքստում մշակվել և ընդունվել են հետևյալ նախագծերը.

  • «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք,
  • «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենք,
  • «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք և հարակից օրենքներ,
  • «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք և հարակից օրենքներ,
  • Հանրային խորհրդի մասին» օրենք,
  • «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենք,
  • «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք և հարակից օրենքներ,
  • «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենք,
  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
  • ««Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք  և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներ,
  • «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի  Հանրապետության սահմանադրական օրենք,
  • «Կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք,
  • «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներ,
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք,
  •  Լրամշակման փուլում են գտնվում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը և «Իրավահավասարության ապահովման մասին» և «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը:

2. Այլ նախագծեր

  • Լրամշակվել և ընդունվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը, որով, մասնավորապես, սահմանվել են գործերի նոր քննության, պարզեցված վարույթի, խմբային հայցերի, հեռակա դատաքննության, էլեկտրոնային ծանուցումների, հայցադիմումի և այլ փաստաթղթերի էլեկտրոնային կարգով դատարան ներկայացնելու, տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու հնարավորության, դատական ակտերի հրապարակման վերաբերյալ նոր արդյունավետ կարգավորումներ: Նախագծով սահմանված կարգավորումները դրական ազդեցություն կարող են ունենալ նաև «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավման վրա:
  • Մշակվել է «Հաշտարարության մասին» օրենքի նախագիծը, որով ամրագրվել են հաշտարարության իրականացման սկզբունքները, սահմանվել են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները, նախատեսվել են արտոնագրված հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, որակավորում շնորհելը մերժելու, որակավորումից զրկելու, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու հիմքերը, նախատեսվել են հաշտարարության իրականացումը կանոնակարգող դրույթներ և այլն:
  • Մշակվել է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվել են Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կարգավիճակը, ամրագրվել են Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայության այլ տեսակները:
  • Մշակվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ապահովվում է օրենքի տերմինաբանական միասնականությունը, վերացվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հետ կապված Դատական օրենսգրքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջև աններդաշնակությունը, Դատարանների նախագահների խորհրդին վերապահված լիազորությունները, պայմանավորված այդ մարմնի վերացման հետ, համապատասխանաբար բաշխվում են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջև:
  • 2018 թ. մայիսի 4-ին ընդունվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնցով մի շարք սուբյեկտների արգելվում է վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչություն իրականացնելիս: Ընդ որում, վարչական ռեսուրսի օգտագործում է համարվում նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն օգտագործելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է վարչական պատասխանատվություն կիրառել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվող վերոնշյալ սահմանափակումների համար: Միաժամանակ, Քրեական օրենսգիրքը լրացվել է  նոր հանցակազմով՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը:
  • Մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով հստակեցվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան՝ անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից՝ քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Նախագծով հստակեցվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3271 հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով առանց հարգելի պատճառի այընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության առհասարակ չներկայանալը: Ելնելով այն հանգամանքից, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը փոխարինում է զինվորական ծառայությանը, և ծառայողները, ըստ էության, ունեն նույն իրավական կարգավիճակը, ուստի այլընտրանքային աշխատանքային ծառայողների համար նույնպես քրեական պատասխանատվություն է նախատեսվել երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու համար՝ իրավական որոշակիություն ապահովելու նպատակով: Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն:
  • Մշակվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով ներդրվել է նոտարի կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը և նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով գործարքներ վավերացնելու հնարավորությունը: Նախագիծն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին:
  •  Մշակվել և 2017թ. հոկտեմբերի 25-ին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնց համաձայն հստակեցվել է էլեկտրոնային ծանուցումների համակարգը և ներդրվել է ծանուցման առավել պարզեցված ընթացակարգ:
  • Մշակվել և  2018թ. հունվարի 18-ին «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Նախատեսվել է ՀՀ քաղաքացի հանդիսացող և քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող և այդ կարգավիճակը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու պարտավորությունը և սահմանված ժամկետում ու կարգով օրենքով նախատեսված պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները:
  • Մշակվել և 2017թ. դեկտեմբերի 13-ին ընդունվել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Օրենքների բոլոր դրույթների ուժի մեջ մտնելուց հետո կաապահովվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, կստեղծվեն աջակցության կենտրոններ և ապաստարաններ, որոնք նրանց կտրամադրեն անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն, կնվազեցվի ընտանիքում բռնության լատենտայնության մակարդակը, կկանոնակարգվի պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում համագործակցությունը և կհստակեցվեն դրանց գործառույթները:
  • Մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով և հարակից նախագծերի փաթեթով նախատեսվում է ապաքրեականացնել որոշ տնտեսական հանցագործություններ՝ թեթևացնելու համար հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերի բեռը և բեռնաթափելու համար քրեական օրենսգիրքը:
  • Մշակվել և 2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունվել են ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրենքներով ապահովվում է հայցադիմումի, դիմումի, բողոքի, հայցադիմումի պատասխանի, միջնորդության  և այլ փաստաթղթերի ներկայացման գործընթացը դյուրինացնելու նպատակով գործող ընթացակարգերին զուգահեռ հիշյալ փաստաթղթերը նաև էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորությունը: Բացի այդ, նոր ընթացակարգ է ներդրված նաև կատարողական թերթի ներկայացման դեպքում՝ նախատեսելով կատարողական թերթ տալուց հետո անհապաղ, կատարողական թերթ տված դատարանի կողմից այն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու հնարավորությունը, ինչպես նաև սահմանափակվել է անժամկետ, ժամկետային կամ ցմահ կատարում պահանջող պարտավորությունների համար կատարողական թերթի տրման ժամկետը:

3. Վարչապետի հանձնարարականների հիման վրա մշակված իրավական ակտերի նախագծեր

  • Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, որպես հայցի ապահովման միջոց, արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դրվելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու վերաբերյալ վարչապետի 2017 թվականի մարտի 2-ի հանձնարարականի հիման վրա մշակվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ և միասնական ժամկետներ, հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները, սահմանվել են գույքի գնահատման և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշում ընդունելու, հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետներ, հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության հատուկ հետևանքներ, բացառվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտի մեկնարկային գնի անվերջ նվազման հնարավորությունը, կատարելագործվել են են հարկադիր աճուրդի ժամանակ եկամտային հարկի գանձման մեխանիզմները՝ նպաստելով այդ մասով պետական բյուջեի մուտքերի պատշաճ ապահովմանը:
  • Գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների ներդրման վերաբերյալ վարչապետի 2017 թվականի մարտի 17-ի հանձնարարականի հիման վրա մշակվել է «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվել են գրավի առարկայի իրացմանն առնչվող կարգավորումները, ինչպես նաև սահմանվել են տուժանքի համաչափության ապահովմանն ուղղված նոր կարգավորումներ: Մասնավորապես, սահմանվել է, որ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Սահմանվել է նաև, որ գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը  հանձնելու օրվանից երկու ամիսը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու կամ ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս՝ գրավի առարկայի իրացման գործընթացը չսկսվելու դեպքում մեկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում:
  • Դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից հարկադիր վարույթի տևողության և այլ գործնական, օրենսդրական խոչընդոտների վերացման, ինչպես նաև սնանկության վարույթում առողջացման ծրագրերի գերակայության ապահովման, սնանկության կառավարիչների պատասխանատվության խստացման, ֆինանսական վիճակի վերլուծություն չկատարելու հետևանքների և այլ հիմնախնդիրների կապակցությամբ համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ վարչապետի՝ 2017 թվականի մայիսի 25-ի հանձնարարականի հիման վրա մշակվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով հստակեցվել են պարտապանի հետախուզում հայտարարելուն, պարտապանին պատկանող շինություն մուտք գործելուն, միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու ընդհանուր կանոնից առկա բացառություններին, ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի գումարը պարտապանին վերադարձվելու կարգին, կատարողական ծախսերի բռնագանձմանը, սնանկության վարույթում պարտապանի գույքի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման գործընթացին, կատարողական մակագրության թերթի տրամադրմանն առնչվող կարգավորումները:
  • Վերոնշյալ հանձնարարականի, ինչպես նաև վարչապետի՝ 2017 թվականի մարտի 30-ի հանձնարարականի հիման վրա մշակվել է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված կարգավորումներն ուղղված են սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության, սնանկության վարույթի արդյունավետության բարձրացմանը, օպտիմալացմանը, վարույթի ժամկետների, ծախսատարության կրճատմանը, օրենքում առկա հակասությունների ու թերությունների վերացմանը:
    • Դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովմանը, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված լուծումների վերաբերյալ՝ վարչապետի՝ 2017 թվականի օգոստոսի 31-ի հանձնարարականի հիման վրա մշակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք ուղղված են եղել դատարանների և դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության վերացմանը, մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ և այլն:
    • Գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված՝ վարչապետի՝ 2018 թվականի փետրվարի 1-ի հանձնարարականի հիման վրա մշակվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվել են պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց հետո պարտապանի կողմից իրականացվող հայտարարագրման գործընթացին վերաբերող կարգավորումները:
    • Ի կատարումն վարչապետի 2018 թվականի մարտի 15-ի հանձնարարականի՝ մշակման փուլում է գտնվում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանմանն ուղղված լուծումների վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծը:
    • Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի մշակվել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվել են հետևյալ առանցքային փոփոխությունները՝ համատիրություններից անցում պրոֆեսիոնալ կառավարմանը, կառավարչի համար հաշվետվողականության և թափանցիկության պահանջ, պարտադիր վճարների որոշման կարգ միայն բնակիչների կողմից, վճարների գանձման հստակ մեխանիզմ, բնակարանների մի մասի բնակեցված չլինելու դեպքում մյուս բնակիչների կողմից որոշումների ընդունման և իրագործման համակարգի նախատեսում, բնակվելու կարգի ընդունման հնարավորության նախատեսում, բնակարանի սեփականատիրոջ ընդհանուր գույքից բաժնի ավտոմատ գրանցում կադաստրի կողմից բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու հետ մեկտեղ, բազմաբնակարան շենքի համար առանձնացված բանկային հաշվի վարում և դրա արդյունքում ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողության թափանցիկության ապահովում, պարտադիր պահուստային ֆոնդի ստեղծում, ՏԻՄ լիազորությունների սահմանափակում:
    • Վարչապետի հանձնարարականի հիման վրա մշակվում է նոր Աշխատանքային օրենսգիրքը: Մշակման աշխատանքների իրականացման նպատակով ներգրավվել է Մեծ Բրիտանիայի փորձագետ պրոֆեսոր Նիլ Ալանը, որը տրամադրել է ներկայումս գործող իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև տվյալ ոլորտի օրենսդրությունը զարգացնելուն ուղղված առաջարկներ, որոնք ներառվել են նախագծում: Նախագծի նպատակն է օրենսգրքից բացառել բոլոր ոչ անհրաժեշտ կարգավորումները, գերկարգավորումները, կրկնությունները և այն դրույթները, որոնք չեն համապատասխանում միջազգային պարտավորություններին, ինչպես նաև մշակել այնպիսի օրենսգիրք, որը կլինի ճկուն և հարմարեցված բիզնես միջավայրին, ուղղված կլինի վարչական բեռի թեթևացմանը:

4. «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մշակված նախագծեր 

    Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակներում  մշակվել են «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում, ինչպես նաև Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնցով նախատեսվում է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը և դրա չկիրառման հետևանքները: Միաժամանակ «Սնակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առկա են մի շարք կարգավորումներ, որոնք ուղղակիորեն բխում են Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումներից և ուղղված են «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը:

5. Ենթաօրենսդրական ակտերի նախագծեր 

Ի կատարումն Սահմանադրության 6-րդ հոդվածի ՀՀ արդարադատության  նախարարության իրավասության ներքո գործող բոլոր ոլորտներին (նոտարիատ, ԴԱՀԿ, քրեակատարողական ծառայություն, իրավաբանական անձանց գրանցման ռեգիստր, քաղաքացիական ակտերի գրանցման ոլորտ և այլն) առնչվող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցվել են Սահմանադրությանը, այդ թվում հստակ նշելով ենթաօրենսդրական ակտ ընդունելու լիազորություն նախատեսող օրենքի դրույթը: Մշակվել են ընդունված օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտեր, նոտարիատի և ԴԱՀԿ ոլորտում նախարարի հրամաններ: Ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Համաձայն նախագծի՝ որպես  ռազմավարության խնդիրներ առանձնացվել են՝ դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման, կոռուպցիոն երևույթների կանխարգելման, դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի կիրառման բարելավման խնդիրները, դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի և քննվող գործերի թվի հավասարակշռման, վեճերի լուծման այլընտրանքային միջոցների լիարժեք կիրառման խթանման, գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրները, իրավաբանական օգնության որակի և մատչելիության բարելավման, կալանքի՝ որպես խափանման միջոցի համաչափ և արդարացի կիրառման, անչափահասների արդարադատության, քրեական պատիժների համակարգի և վերասոցիալականացման խնդիրները, էլեկտրոնային արդարադատության լիարժեք ներդրման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման խնդիրները, դատական իշխանության և արդարադատության ոլորտի այլ հաստատությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացման և այլ խնդիրներ: Հիշյալ խնդիրների լուծումը նախատեսվում է իրականացնել ռազմավարական յոթ ուղղություններով սահմանված ռազմավարական նպատակների, դրանց հասնելու ուղենիշերի և Գործողությունների ծրագրով հստակեցված միջոցառումների ու որոշակի գործողությունների միջոցով:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է  «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կիրարկումն ապահովող՝ «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» և  «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերը մշակողների վարձատրության, որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամներին վճարվող հատուցման չափը և կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումների նախագծերը: Մշակման փուլում են գտնվում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կիրարկումն ապահովող մյուս ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի նախագծերը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն