Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

19/06/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 18-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է պատվիրակության՝ Հայաստան կատարած այցն ու անդրադարձել Կառավարության նոր ծրագրի՝ դատաիրավական ոլորտում նախանշած առաջնահերթություններին՝ այդ համատեքստում հատկանշական համարելով էական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի առկայությունը:

Դեյվիդ ՄըքԱլիսթերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար Հայաստանին դատական համակարգի անկախացման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում՝ երկրում օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշպանությունն ամրապնդելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված գործողություններին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը և այլ հարցերի:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Քրմոյանը և Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ ՄըքԱլիսթերը շեշտել են կոռուպցիայի դեմ պայքարում անկախ դատական իշխանություն ունենալու անհրաժեշտությունը: