Դեպի վեր

Արդարադատության նախարարը նոտարների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու հանձնարարական է տվել

28/06/2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է Նոտարական պալատ, հանդիպել Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանին, վարչության անդամներին և աշխատակազմի ղեկավարին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ ժողովրդի սպասելիքները ՀՀ կառավարությունից, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմիններից մեծ է: «Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող նոտարն իր բարեխիղճ աշխատանքի միջոցով պետք է պահպանի Հայաստանի ներկայիս բարձր վարկանիշը»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անելու է առավելագույնը նոտարական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիների համար ավելի բարձրորակ ծառայություններ ապահովելու հարցում: Արտակ Զեյնալյանը նոտարական պալատի նախագահից և վարչության անդամներից հետաքրքրվել է ոլորտի խնդիրներով, իր կողմից բարձրացրել լուծման ենթակա մի շարք հարցեր՝ որոշ բնակավայրերում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների ապահովում, դատարանները բեռնաթափելու նպատակով մի շարք գործառույթներ նոտարներին պատվիրակելու անհրաժեշտություն և այլն: 

Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար և նշել, որ չնայած վերջին տարիների ընթացքում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ, ոլորտը բարելավելու անհրաժեշտություն կա: Պալատի նախագահը հատկապես կարևորել է նոտարների կողմից միասնական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտությունն ու միասնական արխիվի ստեղծման հարցը:

Նախարար Զեյնալյանը բարձրացված  մի շարք հարցերի վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ, քննարկել որոշ հարցերի լուծման հնարավորությունները:

Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև նոտարի 9 թեկնածուների հետ, քննարկել երեք մարզերում (Լոռու մարզ՝ քաղաք Թումանյան, Սյունիքի մարզ՝ քաղաք Քաջարան, Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնք) առկա նոտարի թափուր հաստիքները նրանց կողմից համալրելու հարցը: Թեկնածուներին առաջարկվել է առաջիկայում դիրքորոշում հայտնել այդ տեղերը համալրելու վերաբերյալ: Նրանց տեղեկացվել է նաև, որ մեկ տեղի  համար երկուսից ավելի հայտ ստանալու դեպքում հաստիքը կհամալրվի վիճակահանության միջոցով:

Նոտարական պալատում հանդիպումն ավարտելուց հետո նախարարն այցելել է նաև ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ամուսնությունների պալատ և որպես վկա մասնակցել այնտեղ ժամանած զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն