Նախարարի տեղակալ Քրմոյանը ծանոթացել է Ղազախստանի էլեկտրոնային արդարադատության փորձին

09/10/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն դատարանի կազմում գործող դատարանների գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար Նուրսերիկ Շարիպովին:

Ողջունելով Սուրեն Քրմոյանի այցը՝ Ն. Շարիպովը հակիրճ տեղեկացրել է  դատական համակարգի արդիականացման, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքների մասին:

Ընդգծելով դատական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցում ղազախ գործընկերների ձեռքբերումները՝ փոխնախարար Քրմոյանը հետաքրքրվել է նաև դատարաններում գործող էլեկտրոնային գործավարության համակարգից:

Ն. Շարիպովի ուղեկցությամբ Սուրեն Քրմոյանը շրջայց է կատարել Բարձրագույն դատական մարմնում, եղել է պլենար և դատական նիստերի դահլիճներում ու ծանոթացել նիստերի ձայնա-տեսագրման և տեսակոնֆերանսի համակարգերին:

Հատուկ ընդգծվել է, որ Ղազախստանի էլ. արդարադատության ալգորիթմը ընդգրկում է դատական գործընթացի բոլոր փուլերը՝ սկսած փաստաթղթերը դատարանի գրասենյակ մուտքագրելուց, վերջացրած դատական վերջնական ակտը քաղաքացուն առաքելու գործընթացով:

Փոխնախարար Քրմոյանը ծանոթացել է նաև «Դատական գրասենյակ» ծառայության հնարավորություններին և դրա հասանելիությանը պետական համակարգի այլ տեղեկատվական շտեմարաններին: Փոխնախարար Քրմոյանը բարձր է գնահատել Ղազախստանի էլեկտրոնային արդարադատության համակարգի զարգացման մակարդակը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու դատաիրավական ոլորտի հետագա համագործակցությունը: