Ներկայացվել են բանտային բժշկության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքները

19/12/2018

Այսօր տեղի է ունեցել Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում») ծրագրի փակման արարողությունը: Ծրագրի նպատակն էր ամրապնդել ազատությունից զրկված անձանց իրավունքները՝ բարելավելով բուժծառայության (այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնամքի) տրամադրումը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների բարելավումը՝ շարունակական դասընթացներ մշակելու և անցկացնելու միջոցով:

Ծրագրի փակման արարողությանը բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, ինչպես նաև ծրագրի եվրոպական և ներպետական համակարգողներ Իլիաս Կալամարասը և Արման Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում բանտային բժշկության ոլորտում իրականացված՝ իրենց տեսակով աննախադեպ և լայնածավալ աշխատանքները: Փոխնախարարն արձանագրել է, որ ծրագրի արդյունքներով ապահովվելու է բժշկական անձնակազմի անկախությունը: Սուրեն Քրմոյանը նշել է նաև, որ  իրականացվել են քրեակատարողական բժշկական և ոչ բժշկական անձնակազմի շուրջ 1000 աշխատակիցների վերապատրաստումներ, մշակվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, իսկ Արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկներին տրամադրվել են քրեակատարողական հիմնարկներում առաջնային բուժօգնության համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ, անհրաժեշտ կահույք:

Հանդիպման ավարտին ծրագրի գլխավոր համակարգող Իլիասը Կալամարասը հույս է հայտնել առ այն, որ բանտային բժշկության ոլորտում սկսված բարեփոխումների ալիքը կկրի շարունակական բնույթ, և պետությունը կերաշխավորի բարեփոխումների գործնական կիրառումը: