Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ՌԴ գլխավոր դատական պրիստավի գլխավորած պատվիրակությանը

04/06/2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է աշխատանքային եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը, այլք:

Նախարար Զեյնալյանը ողջունել է ռուս գործընկերներին Արդարադատության նախարարությունում և կարևորել ռազմավարական, բարեկամ երկրի ներկայացուցիչների հետ հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակումն ու համագործակցության բազմակողմ զարգացումը: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որքան հաճախակի լինեն շփումներն ու գիտելիքի փոխանակումը, այնքան երկու երկրների կառավարություններն արդյունավետ կիրականացնեն իրենց ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները: Նախարարն, անդրադառնալով հարկադիր կատարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ այսօր Ազգային ժողովում ներկայացնելու է օրենսդրական փաթեթ, որը բարձրացնելու է կատարողական վարույթի արդյունավետությունն ու կանխարգելելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, մասնավորապես,  էլեկտրոնային աճուրդի ոլորտում նախատեսվում է հրապարակել աճուրդում հաղթող անձի տվյալները՝  գործընթացի թափանցիկությունն ապահովելու ու հասարակության շրջանում դրա վերաբերյալ կասկած չհարուցելու նպատակով:

          ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը շնորհակալություն է հայտնել հյուրասեր, արևոտ ու ջերմ Հայաստանում հյուրընկալելու և հայաստանյան փորձն իրենց ներկայացնելու համար:  Դմիտրի Արիստովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը վերջին տասը տարում բավական լուրջ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ այդ թվում նաև հարկադիր կատարման ոլորտում: «Օգտակար էր ծանոթանալ հարկադիր աճուրդի ոլորտում Հայաստանի փորձին: Գործընթացն ամբողջությամբ թափանցիկ է, բաց ու բոլորին հասանելի: Դա է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը, հավելել, որ նախօրեին արդյունավետ քննարկում է ունեցել հայ գործընկերների հետ և արձանագրել, որ Հայաստանը հարկադիր կատարման ոլորտում շատ առումներով իրական առաջընթաց է գրանցել: Դմիտրի Արիստովի խոսքով՝ հայ գործընկերների ձեռք բերած  փորձն օգտագործելով՝ այն կներդնեն իրենց երկրի իրավակիրառ պրակտիկայում: «Մեր գործընկերային հարաբերությունները Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ արդեն տասը տարվա պատմություն ունեն և վստահ եմ, որ այն բազմակողմ զարգացնելու մեծ ներուժ ունենք»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր ևս և պայմանավորվել խորացնել փոխգործակցության ներկայիս մակարդակը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն