Շրջայցեր «Աբովյան», «Հրազդան» , «Սևան» ՔԿՀ-ներ և Պրոբացիայի ծառայության մարզային բաժիններ
04/07/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հուլիսի 3-ին չհայտարարված շրջայցեր է կատարել Արդարադատության նախարարության «Աբովյան», «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային բաժիններ:
Փոխնախարարը նշված քրեակատարողական հիմնարկների պետերի և ղեկավար անձնակազմերի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմաններին, բյուջետային հատկացման շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներին, դրանց որակին և ավարտման վերջնաժամկետներին:
Քրեակատարողական հիմնարկների պետերի հետ քննարկվել են տվյալ քրեակատարողական հիմնարկին բնորոշ ռեժիմային պայմանների պատշաճ ապահովմանը, կարանտինային բաժանմունքների պայմաններին, սննդի մատակարարման պայմաններին, տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակին, դատապարտյալների վերասոցիալականացմանն առնչվող միջոցառումներին, քրեական ենթամշակույթի դեմ պայքարին և վարչակազմի գործողությունների բողոքարկման վիճակագրությանը վերաբերող մի շարք հարցեր:
Շրջայցերի ընթացքում փոխնախարարն առանձնազրույց է ունեցել տարբեր ռեժիմներում պատիժ կրող դատապարտյալների հետ, եղել է կարանտինային բաժանմունքում, խցերում, կացարաններում, խոհանոցում, պահեստում, մարզասրահում, գրադարանում, բուժմասում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, զբոսաբակերում՝ տեղում ծանոթանալով քրեակատարողական հիմնարկներում առկա ռեսուրսներին և կարիքներին:
Հիմնարկների անձնակազմերի հետ շփման ընթացքում աշխատակիցները բարձրաձայնել են մի շարք խնդիրների մասին, որոնք առնչվել են քրեակատարողական հիմնարկների տարբեր տեղամասերում շենքային պայմանների բարելավմանը, այդ թվում՝ արգելագոտու, քողարկող պատի, դիտաշտարակների պայմաններին, քրեակատարողական հիմնարկների հաստիքների համալրմանը, գույքային համալրմանը և մի շարք այլ հարցերի:
Տիգրան Խաչիկյանը, ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում կարիքների գնահատման նոր չափանիշների ներդրման գործընթացը, հորդորել է հիմնարկների տնտեսատեխնիկական ցանկացած նախաձեռնություն խստագույնս համակարգված քննարկել իրավասու շրջանակի հետ՝ բացառելու համար երկրորդային նշանակության խնդիրներն առաջնայինի փոխարեն ներկայացնելու հնարավորությունը:
Այցելելով Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժիններ՝ փոխնախարարը տեղում ծանոթացել է պրոբացիայի ծառայողների աշխատանքային պայմաններին, քննարկել պրոբացիայի շահառուների հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների բովանդակությունը և շեշտադրել դրանք թիրախավորված իրականացնելու անհրաժեշտությունը։ Աբովյանի բաժնում իրականացված շրջայցին ներկա է եղել նաև Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը։
Մարզային բաժինների անձնակազմերի հետ շփման ընթացքում պրոբացիայի ծառայողները բարձրաձայնել են մի շարք խնդիրների մասին, որոնք մասնավորապես առնչվել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների կազմման համար փոխհատուցման տրամադրմանը, զեկույցների կազմման համար քրեակատարողական հիմնարկ գնալու, տուժողների, դատապարտյալների մերձավոր ազգականների հետ հանդիպումների արդյունքում կատարված ծախսերը փոխհատուցելու հարցին և գույքային համալրմանը։
Հանդիպումների ընթացքում փոխնախարար Խաչիկյանը տեղեկացրել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ՝ միտված լինելով տեղում առկա օրակարգային խնդիրներին ծանոթանալուն և տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: