Դեպի վեր

Նախարար Բադասյանը մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին

24/09/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին, որը  կազմակերպվել էր Եվրոպական միության «Թայեքս» գործիքի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Աննա Վարդապետյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այլք:

Նախարարը, շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանն աշխատաժողովը կազմակեպելու համար, նշել է, որ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգի իրական բարեփոխումները դարձան Կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը: Այս համատեքստում, Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրային քննարկման փուլն անցած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին  նախագիծը, ինչպես նաև բարեփոխումների առավել ընդգրկուն նախագծերը՝ Դատաիրավական և Հակակոռուպցիոն ռազմավարությունները:

«Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, իրականացնել սահմանադրական և ընտրական բարեփոխումներ, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով ամրապնդել իրավունքի գերակայությունը, ինչպես նաև՝ որպես կարևոր վերջնանպատակ, ապահովել դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար»,- ասել է նախարար Բադասյանը՝ հավելելով, որ նշված առաջնահերթությունները եվրոպական լավագույն չափանիշներին համահունչ կյանքի կոչելու նպատակով Նախարությունը սերտ համագործակցում է Եվրոպական միության հետ, որը եղել և շարունակում է մնալ դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում ՀՀ կառավարության հիմնական գործընկերը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Կառավարության և, մասնավորապես, Արդարադատության նախարարության ստանձնած հանձնառությանը՝ ուղղված դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների բարեփոխումներին: «Հայաստանում տասը տարի առաջ եմ եղել, այդ ժամանակ էլ էինք առաջարկում մեր աջակցությունը, բայց այսօր  բոլորովին այլ մթնոլորտ է: Ես տպավորված եմ Արդարադատության նախարարության գործընկերների գիտելիքներով և համագործակցության պատրաստակամությամբ, որն, իմ կարծիքով, լավ մեկնարկ է»,- ասել է դեսպանը և հավելել, որ  ուրախ են նաև արձանագրել Կառավարության՝ հատկապես հակակոռուպցիոն ոլորտում օր առաջ բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը:

Նշենք, որ աշխատաժողովի շրջանակում ոլորտի լավագույն փորձագետները կներկայացնեն դատական համակարգի հաշվետվողականության, անկախության և ամբողջականության բարելավման հիմնական սկզբունքները, միջոցները և մեխանիզմները՝ ներառյալ դատավորների բարեվարքության գնահատման գործընթացի եվրոպական փորձը: Այս համատեքստում փորձագետների կողմից կպարզաբանվեն կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և անհրաժեշտ նախադրյալները՝ ԵՄ և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն