Ռուստամ Բադասյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարին

11/09/2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր առցանց հանդիպման ընթացքում հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և շնորհակալություն հայտնել վերջինիս գերազանց համագործակցության համար։

 Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք։

 Նախարարը բարձր է գնահատել Դեբորա Գրիզերի անձնական ներդրումը բարեփոխումների լայն օրակարգում ներառված ծրագրերը համատեղ ջանքերով իրականացնելու համար, մասնավորապես՝ կարևորել ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի աշխատանքը, և հաջողություն մաղթել տիկին Գրիզերին հետագա գործունեության ընթացքում՝ հույս հայտնելով, որ Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով և վերադառնալու ցանկությամբ։ Ռուստամ Բադասյանը նաև վստահություն է հայտնել, որ Նախարարությունը նույն ակտիվությամբ կշարունակի համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ և այդ համատեքստում ողջունել ու բարի գալուստ է մաղթել տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին։

Դեբորա Գրիզերը նույնպես բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ աշխատանքային լավ փորձ ունեցող Դեյվիդ Հոֆմանը կնպաստի ձևավորված արդյունավետ փոխգործակցության ամրապնդմանը։

 Առցանց հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում համագործակցությանը։