ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգմանն առնչվող տեղեկությունների վերաբերյալ

30/05/2012

ՀՀ արդարադատության նախարությունում տեղի է ունեցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշվել են ստուգման վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝
1. Ստուգման անցկացման վայր է սահմանվել ՀՀ արդարադատության նախարարությունը (14-րդ հարկ):
2. Հստակեցվել է յուրաքանչյուր լեզվի ստուգման անցկացման ժամանակը և անձանց ցանկը ըստ ստացված դիմումների՝ կից ներկայացվում է: 
3. Սահմանվել է ստուգման տևողությունը, որը կազմելու է 3 ժամ: 
4. Ստուգումը անց է կացվելու գրավոր, թղթային կրիչի վրա: Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվելու են հայերեն և համապատասխան օտար լեզուներով, յուրաքանչյուրը մոտավորապես 1 էջ ծավալով տեքստեր: Հայերենից օտար լեզու թարգմանությունների տեքստերը ներառելու են իրավական տեքստեր (օր.՝ իրավական ակտերից հոդվածներ, պայմանագրից դրույթներ), նոտարիատի բնագավառի տեքստեր (օր.՝ նոտարական մակագրություններ) և այլն: 
5. Ստուգման արդյունքները գնահատվելու են 20 միավորանոց համակարգով: Դրական են համարվելու 17 և բարձր միավորները: Հանձնաժողովի կողմից սահմանվել են էական և ոչ էական սխալների սահմանումները՝ էական են համարվելու այնպիսի սխալները, թարգմանությունները, բառերի կամ նախադասությունների բացթողումները, որոնք կհանգեցնեն տեքստի բովանդակային փոփոխության կամ տարընկալման: Յուրաքանչյուր էական սխալի դեպքում հանվելու է 2 միավոր: Ոչ էական են համարվելու այն սխալները, որոնք իրենց մեջ չեն պարունակելու էական սխալ (օր.՝ քերականական, կետադրական, տեքստի ընկալման վրա չազդող շարադասական սխալներ): Յուրաքանչյուր ոչ էական սխալի դեպքում հանվելու է 0.25 միավոր: