Նախարարի միջնորդությամբ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել երկու դատավոր

02/07/2012

ՀՀ արդարադատության խորհուրդը հունիսի 29-ին բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը ` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյանին և Վլադիմիր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում, իսկ Վլադիմիր Գրիգորյանին` նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: 
Դատավորներ Վարդան Գրիգորյանը և Վլադիմիր Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության են ենթարկվել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2011թ. մայիսի 26-ի ՀՀ ազգային ժողովի որոշումը սխալ կիրառելու համար: Մասնավորապես դատավոր Վլադիմիր Գրիգորյանը համաներման ակտը կիրառել է պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողի անձի նկատմամբ` խախտելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված սահմանափակումը, իսկ դատավոր Վարդան Գրիգորյանը համապատասխան համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա պատժից ազատել է այն անձին, ում նկատմամբ այն կիրառելի չէր: