Դեպի վեր

Նախարարի շնորհավորական խոսքը՝ Անկախության տոնի առթիվ

21/09/2012

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 21-ը Հանրապետության մեծագույն տոնն է: Մենք նշում ենք հայկական երրորդ հանրապետության ծնունդը: Եվ այսօր պարտավոր ենք առաջին հերթին հիշել այն մարդկանց, ովքեր հնարավոր դարձրեցին անկախությունը՝ նրանց, ովքեր համարձակություն ու կորով ունեցան ազդարարելու անկախությունը՝ աշխարհի հզորագույն կայսրություններից մեկից: 
Անկախությունը մեզ կապույտ երիզներով սկուտեղի վրա չմատուցվեց: Անկախությանը հետևեց շրջափակում, պատերազմ, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամ: Բայց այս ամենը հնարավոր եղավ հաղթահարել, որովհետև մեր ժողովուրդը ամուր էր, անկոտրում ու միասնական:

Այսօր պարտավոր ենք հիշել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին անկախությունը, ովքեր մութ ու ցուրտ տարիներին, ինչ-որ կերպ ձեռքբերած նավթավառի շուրջ էին հավաքում հարևաններին ու կիսում հացի վերջին պատառը, պարտավոր ենք գնահատել այն ծնողներին, ովքեր նավթավառի լույսի տակ պարապում էին երեխաների հետ, որ նրանք արժանավայել կրթություն ստանան և իրենց գիտելիքներով ծառայեն հայրենիքին:

Այո, մենք թանկ ենք վճարել անկախության դիմաց և դրա համար էլ անկախությունը ավելի քաղցր է ու գնահատելի:

Քիչ չեն ձեռքբերումներն ու հաջողությունները, բայց մենք պետք է դրանով չբավարարվենք և համարձակորեն ձեռնամուխ լինենք նոր բարեփոխումների: Լուծման ենթակա խնդիրներ կան՝ քաղաքական, տնտեսական, օրենսդրական և սոցիալական ոլորտներում: 
Անշուշտ ավելի հեշտ է տրորված արահետներով քայլել, բայց դա մեր ուղին չէ: Պատմությունը մեզ չի ների, եթե լիարժեք չօգտագործենք մեզ տրված հնարավորությունը: Մենք չենք վախենում մարտահրավերներից և պատրաստ ենք դրանց դիմակայել: Պարզապես կրկին պետք է ցուցաբերել այն քաջությունն ու ոգին, որոնց շնորհիվ մենք հասանք անկախության՝ ուղիղ 21 տարի առաջ:

Շնորհավոր Հայաստանի անկախ Հանրապետության ծնունդը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն