ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպումը՝ համագործակցությունը շարունակելու երկխոսության սկիզբ

02/10/2012

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդին: Հանդիպման ընթացքում, առաքելության ղեկավարի խնդրանքով, նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով, որ ըստ կառավարության ծրագրի, նախատեսված է առաջիկա 4-5 տարիների ընթացքում իրականություն դարձնել պետության կողմից մատուցվող առցանց և մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունները: Արդեն որոշակի աշխատանքներ կատարվել են, մասնավորապես ավելի քան մեկ տարի առաջ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իրականացված բարեփոխումների արդյունքում մեկ օրվա ընթացքում, առանց ձգձգումների՝ մեկ պատուհանի սկզբունքով հնարավոր է կազմակերպություն գրանցել:

Նույն սկզբունքով բարեփոխումներ են իրականացվելու նաև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի ոլորտներում: Վերջնական նպատակակետին հասնելու համար, սակայն, լրացուցիչ աշխատանքներ և ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ինչին կարող է նպաստել նաև 
USAID-ի հետ համագործակցությունը:
Առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը փոխանցեց, որ իրենք հետաքրքրված են աջակցելու բարեփոխումներին նշված ոլորտներում: Ներկայումս մշակվում է առաքելության հնգամյա ռազմավարական ծրագիրը, որից հետո ավելի առարկայական կլինեն քննարկումները: «Սակայն կարելի է ասել, որ այս հանդիպումը համագործակցությունը շարունակելու երկխոսության սկիզբն էր»- նշեց Քարեն Հիլիարդը:
Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց հյուրին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք Հայաստանի Հանրապետությունում: 
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելության կառավարման ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը: