Պարզաբանում՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի նախկին աշխատակցի բաց նամակի առնչությամբ

22/10/2012

2012 թ. հոկտեմբերի 18-ին «Ժողովուրդ» օրաթերթում զետեղված` «Ազատել է աշխատանքից` առանց վճարելու» վերտառությամբ բաց նամակով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին աշխատակից Սարգիս Այվազյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

 

Հարկ ենք համարում հայտնել, որ Ս. Այվազյանը, ինչ-ինչ նպատակներից ելնելով մի շարք փաստեր խեղաթյուրել է. մասնավորապես՝ ՀՀ ԱՆ  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Սարգիս Այվազյանը սույն թվականի սեպտեմբերի 14-ին իրեն ՔԿ ծառայությունից ազատելու մասին զեկուցագիր էր ներկայացրել, իսկ սեպտեմբերի 20-ին, վեց օր անց, մեկ այլ զեկուցագրով էլ խնդրել էր քրեակատարողական ծառայությունից ազատվելու մասին իր նախորդ զեկուցագրին ընթացք չտալ` միաժամանակ հայտնելով, որ նախորդ զեկուցագիրը ստիպողաբար էր գրել:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հ. Հարությունյանի հրահանգով կատարված ուսումնասիրությունների շրջանակներում Ս. Այվազյանը բացատրություն է տվել, որ ընտանեկան ներկայիս անախորժ իրավիճակների կապակցությամբ նյարդայնացած է եղել և այդ պատճառով է ս/թ սեպտեմբերի 14-ին զեկուցագիր ներկայացրել ՔԿ ծառայությունից ազատվելու մասին: Նա հավելել է, որ ծառայությունը կատարելով հերթափոխային կարգով, ծառայությունից ազատ մյուս երեք օրերի ընթացքում իր անձնական օգտագործման ավտոմեքենայով տաքսի ծառայության աշխատանքներ է կատարել: Գիշերային ժամերին տաքսի վարելու հետևանքով («ՀՀ քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 32 հոդվածը նախատեսում է, որ քրեակատարողական ծառայողն իրավունք չունի կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից) ընտանիքում լարված հարաբերությունների պատճառով, վերջին ամիսների ընթացքում, Ս. Այվազյանը բազմիցս անհարգելի բացակայել է ծառայությունից: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը նախ բանավոր զգուշացրել է, ապա ծառայությունից բացակայության դեպքերը կրկնվելուց հետո, 27.08.2012թ. ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականությունների նկատմամբ անտարբերություն ու անփութություն ցուցաբերելու համար ստացել է կարգապահական տույժ` «նկատողություն»:

 

Ս. Այվազյանը գրավոր բացատրությամբ նշել է, որ իրեն ոչ ոք չի ստիպել ծառայությունից ազատվելու համար զեկուցագիր ներկայացնել:

Հավելենք նաև, որ զեկուցագիրը ներկայացնելուց հետո Ս. Այվազյանին տեղյակ է պահվել, որ մինչ ծառայությունից ազատման հրամանի ուժի մեջ մտնելն ինքը պարտավոր է ներկայանալ ծառայության, սակայն Ս. Այվազյանը ս/թ սեպտեմբերի 14-ից մինչև ծառայությունից ազատելու մասին հրամանի ուժի մեջ մտնելու օրը` հոկտեմբերի 12-ը, ծառայության չի ներկայացել, ավելին, ցանկանում է ծառայությունից բացակայած ժամանակահատվածի համար վարձատրվել:

 

Ս. Այվազյանի զեկուցագիրը բավարարվել է: 12.10.2012 թ. Ս. Այվազյանն ազատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին