Հրայր Թովմասյանն ընդունեց Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարին

25/12/2012

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար՝ Սոզար Սուբարի  գլխավորած պատվիրակությանը: 

 Աշխատանքային այցով Հայաստան ժամանած վրաց նախարարին և պատվիրակության անդամներին հետաքրքում էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում առկա պայմանները, ինչ խնդիրներ կան և ինչպիսի լուծումներ են դրանց տրվում:

 Հյուրերի խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը նախ պարզաբանեց, որ  ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այսօր ամենակարևոր և հրատապ լուծում պահանջող խնդիրը  գերծանրաբեռնվածությունն է, ապա նաև  Խորհրդային տարիներից  որպես ժառանգություն մնացած  քրեակատարողական հիմնարկների կազարմային կառուցվածքը, որոնք այսօր չեն  համապատասխանում միջազգային չափանիշներին:

 ՀՀ արդարադատության նախարարը նաև ներկայացրեց այդ խնդիրների լուծման տարբերակները, մասնավորապես նոր տիպի քրեակատարողական հիմնարկների կառուցում, նշելով, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց շենքի շինարարությունն արդեն 2014-ի աշնանը կավարտվի: 2012-2016թթ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում արդեն սկսվել են օրենսդրական բարեփոխումները, պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ևս աշխատանքներ են կատարվում և այս համալիր գործողությունները կնպաստեն գերծանրաբեռնվածության խնդրի լուծմանը: Նախարար Թովմասյանը փոխանցեց նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի ջանքերով այսօր քրեակատարողական հիմնարկներում ավելի քան 300 դատապարտյալ ապահովված է աշխատանքով, մասնագիտական կրթություն են ստանում, բայց եղածով իհարկե չեն բավարարվելու և հաջորդ տարի աշխատողների թիվը առնվազն կրկնապատկվելու է:

 Կողմերի զրույցի ընթացքում պարզվեց, որ երկու երկրների քրեակատարողական համակարգերում նույն խնդիրներն են առկա, միայն թե Վրաստանում դրանք  ավելի սուր են:

 Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարին, ով նախկինում երկրի օմբուդսմանն է եղել,  փոխանցեց, որ  իրենք  17 քրեակատարողական հիմնարկ ունեն, որտեղ  պահվում է անազատության մեջ գտնվող 24 հազար մարդ:

 Դեռևս լուծված չեն դատապարտյալների զբաղվածության, կրթություն ստանալու խնդիրները: Ընդհանրապես որևէ դատապարտյալ   աշխատանքով  կամ որևէ զբաղմունքով ապահովված չէ, թեև կարի արտադրամաս ստեղծելու ծրագիր կա արդեն: «Վրաստանում դատապարտյալները կրթություն ստանալու հնարավորություն էլ չունեն»,- ասաց Սոզար Սուբարին:

 Վրաստանում էլ դատապարտյալներն իրենց բողոքները հաճախ  ինքնախեղումների  միջոցով են բարձրաձայնում: «Գրեթե ամեն օր 20-25 ինքնախեղման դեպք է արձանագրվում»,-փոխանցեց վրաց նախարարը` շարունակելով. «Մահվան դեպքերն էլ քիչ չեն. 2011-ին 144 մարդ, նույնքան նաև 2010-ին»:

 Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջին աշխատավարձն ավելի բարձր է, ներդրված է պրոբացիոն ծառայությունը, գործում է՝ միջազգային չափանիշներին համապատասխանող  ծառայողների վերապատրաստման կենտրոն:

 Բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին  հաջորդ տարվա ընթացքում հայ մասնագետների Վրաստան կատարելիք այցի վերաբերյալ, ովքեր կծանոթանան կադրերի վերապատրաստման վրացական փորձին:

 Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը և այլք: