Հաշվետվություն՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի 2012 թվականի աշխատանքային գործունեության վերաբերյալ

15/01/2013

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1055-Ն որոշմամբ հաստատված ծրագրային միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետում։

 2012 թվականի ընթացքում Նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել հետևյալ նախագծերը.

  • «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության նախագիծը
  • ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգարդրության միջոցառումների շրջանակներում մշակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
  • ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 80-րդ կետով նախատեսված միջոցառման շրջանակներում մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
  • մշակվել են «Դատախազական ծառայության մասին»,  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,  «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • «Այլընտրանքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումների կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշման միջոցառումների 78-րդ և 79-րդ կետերով նախատեսված՝ դատավորների թեկնա­ծությունների ցուցակում ընդ­գրկելու համար թեկնածուների առաջադրման թափանցիկ և օբյեկտիվ ընթացակարգերի և  դատավորի թեկնածուի ոչ միայն մասնագիտական գիտելիք­ների, այլև որպես դատավոր գոր­ծելու ունակության և արդյունա­վետո­­ւթյան, տրամաբանական հմտությունների գնահատման հնարավո­րություն տվող  կառուցա­կարգերի մշակման նպատակով մշակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
  • ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշման միջոցառումների 77-րդ կետով նախատեսված «դատավորների թեկնա­ծությունների Դատական իշխանության և դատա­­խազության կադրերի պատրաստման և վերապատ­րաստման համար հիմնադրել Արդարադատության ակադեմիա» միջոցառման շրջանակներում մշակվել են «Արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքների նախագծերը
  • ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում մշակվել են «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 Օրինականության վերահսկողության ոլորտում իրականացվել են հետևյալ գործողությունները՝

 Նոտարների նկատմամբ հարուցվել են թվով 14 կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում նոտարների նկատմամբ կիրառվել են թվով 14 կարգապահական տույժեր:

ՔԿԱԳ մարմինների հետ կապված պատասխանատվություն է կիրառվել ՔԿԱԳ Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի պետի նկատմամբ և միջնորդություն է ուղարկվել ՀՀ Երևանի քաղաքապետին՝ ՔԿԱԳ Աջափնյակ և Դավիթաշեն տարածքային մարմնի ղեկավարի և աշխատակցի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեակատարողական համակարգում իրականացվել է թվով 6 ծառայողական քննություն, որոնցից 4-ի արդյունքում 5 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի:

ԴԱՀԿ ծառայությունում իրականացվել է թվով 1 ծառայողական քննություն, որի արդյունքում 1 հարկադիր կատարող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև կազմվել են թվով 8 տեղեկանքներ` խախտումների վերաբերյալ, որոնք ուղարկվել են ԴԱՀԿ ծառայություն` հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով:

Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերով կազմվել են թվով 19 տեղեկանքներ, որոնցից 4-ի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ և 4 դատավորներ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 3-ով հարուցված կարգապահական վարույթները կարճվել են ՀՀ արդարադատաության նախարարի կողմից, թվով 10 տեղեկանքներ ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարի դիրքորոշմանը, իսկ 2-ով հարուցվել է կարգապահական վարույթ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների գործողությունների օրինականության դեմ ներկայացվել է 23 դիմում-բողոք, որոնցից 11-ի հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթներից 3-ը մերժվել են, 4-ը՝ կարճվել, 2-ը՝ կասեցվել, 2-ը՝ բավարարվել: Հասցեագրված 12 դիմում-բողոքներից 3-ը վերահասցեագրվել են, իսկ 9-ին տրվել է սահմանված կարգով պատասխան վարչական վարույթ հարուցելու հիմքեր չլինելու պատճառով:

 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառ`

 Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից կատարվել են հետևյալ ակտային գրան­ցումները՝ ծննդյան ակտի  գրանցում 42662 (2011թ.` 43822), ամուսնության ակտի  գրանցում 19045 (2011թ.` 19682), ամուսնալուծության ակտի 3383 գրանցում (2011թ.` 3322), հայրության որոշման ակտի 13201 գրանցում (2011թ.` 14387),  որդեգրման ակտի 102 գրանցում (2011թ.` 137), մահվան ակտի 26861 գրանցում (2011թ.` 28397)։

ՔԿԱԳ գործակալության և ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից գանձվել է 286.651.000 դրամի չափով (2011թ.՝ 284.880.000) պետական տուրք, որից`

ակտային գրանցումների և դրանց հետ կապված գործառույթներ` 189.408.000 դրամ (2011թ.՝ 187.692.000),

ապոստիլով վավերացման համար` 90.365.000 (2011թ.՝ 91825000) դրամ,

ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու համար` 6.878.000 (2011թ.՝ 5363000) դրամ:

 Գործակալության ՔԿԱԳ աշխատանքների և ապոստիլի բաժինն ուսումնասիրել է անվան, հայրանվան և ազգանվան փոխման 904 (2011թ.` 710), քաղաքացիական կացության գրանցման ակտերում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու 2.246  (2011թ.` 1909) և քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերակագնելու 353 (2011թ.` 238) գործ։ Հայաստանի Հան­րա­պե­տության օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու և այլ պատճառներով մերժվել են փոխման, ուղղման, վերականգնման 64 (2011թ.` 22) գործ։ Փաստաթղթերի անբավարարության և այլ թերությունների պատ­ճառով վերադարձվել է փոխման, ուղղման, վերականգնման  231 (2011թ.` 147) գործ։

 Տրվել է ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ 9.004 (2011թ.՝ 7.250) տեղեկանք (քաղաքացիներին` 6.878, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 2.126)։

 Սահմանված կարգով ընթացք է տրվել՝ ՔԿԱԳ վկայականների և փաստաթղթերը ապոստիլով վավերացման 18.073 (2011թ.` 18365) դիմումի, որից 14.334 (2011թ.` 14.885)  նոտարական վավերացում ունեցող փաստաթղթեր, 3.739 (2011թ.` 3.480) բնօրինակ փաստաթղթեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղա­քա­ցի­ների սահմանված կարգով ամուսնության 1.267  դիմումի (2011թ.` 1294), 6.334 հարցումների (2011թ.` 5431), քաղաքացիների 175 գրավոր դիմումների, դիմում-բողոքների (2011 թ.` 184)։

 ՔԿԱԳ գործակալության կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությաններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1919-Ն որոշաման մեջ լրացում կատարելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի աշխատանքային ծրագրի 1-ին կիսամյակի կատարողականի գնահատականը կազմել է 92.85 միավոր, իսկ 2-րդ կիսամյակինը` 93.85 միավոր։