Աշխատանքային քննարկում` «Շրջակա միջավայրի իրավունք» բաժնի վերաբերյալ

23/04/2013

 ՀՀ արդարադատության նախարարությունում ապրիլի 23-ին պետական, միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիր» նախագծի «Շրջակա միջավայրի իրավունք» բաժինը:

  Աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խումբը:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը ողջունեց  միջոցառումների ծրագրի՝ հատկապես այս գլխի վերաբերյալ քննարկման կազմակերպումը՝ ընդգծելով, որ  «Շրջակա միջավայրի իրավունք» բաժինը,  առանձնահատուկ լինելով,  մեծ ուշադրության կարիք ունի: «Ի սզբանե, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ, որոշված էր, որ գործողությունների ծրագրի նախագծումն ու նախապատրաստումը իրականացվելու են ոչ միայն պետական կառավարման մարմինների համատեքստում, այդ աշխատանքում պետք է ներգրավված լինեն նաև քաղաքացիական հասարակությունն ու միջազգային գործընկերները՝ նպաստելով առավել իրականանալի ծրագիր ունենալուն»,- ասաց նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ այս քննարկումների արդյունքում կունենանք եթե ոչ կատարյալ, ապա գրեթե կատարյալ փաստաթուղթ:

 ԵՄ խորհրդատվական խմբի մարդու իրավունքների հարցերով խորհրդատու Դալիա Ժուկաուսկիենեն ողջունելով նման ձևաչափով քննարկման կազմակերպումը՝ նշեց, որ բնապահպանության քաղաքականությունը, չնայած նոր, բայց արդեն իսկ ձևավորված ու կարևոր ոլորտ է։ «Բնապահպանական իրավունքները Եվրամիության քաղաքականության հիմնարար սկզբունքներից են: Այդ համատեքստում կարևորում ենք այս նախաձեռնությունը և ընդգծում, որ բնապահպանական խնդիրների բարձրաձայնման ու լուծումներ գտնելու հարցում պետական հատվածի ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է: Հասարակությունը նույնպես պետք է ներգրավված լինի բնապահպանական մի շարք խնդիրների բարձրաձայնման ու լուծման հարցերում»,- ասաց  Ժուկաուսկիենեն՝ հույս հայտնելով, որ այս հանդիպման ընթացքում հնարավոր կլինի սահմանել ոլորտի նպատակները, ժամկետներն ու թիրախները։

 ՀՀ բնապահպանության նախարարության Ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Ղլիչյանը մի շարք դիտարկումներ ու առարկություններ ներկայացրեց քննարկվող բաժնի հետ կապված՝ խոստանալով, որ  առաջիկայում դրանք գրավոր կներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարությանը:     

 Աշխատանքային քննարկմանը մասնակցող Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես իրենց բանավոր նկատառումները ներկայացրեցին Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի «Շրջակա միջավայրի իրավունք» բաժնի վերաբերյալ, որոնց մի մասը կքննարկվեն ու կընդգրկվեն միջոցառումների ծրագրում: 

 Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության հիմնական նպատակն է ստեղծել և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության և խթանման այնպիսի համակարգեր, որոնք համահունչ կլինեն միջազգային նորմերին և սկզբունքներին: