Հրայր Թովմասյանն ընդունել է ԻԻՀ գլխավոր դատախազին

30/04/2013

 Այսօր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն ընդունեց  Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությանը:

 ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան կատարած այցի ընթացքում ԻՀՀ պատվիրակությունը քննարկելու է հայ-իրանական համագործակցության փոխադարձ կարևորության հարցեր:

 Արդարադատության նախարարությունում հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նախ ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության գործառույթներն ու լիազորությունների հիմնական ուղղությունները: Կողմերն անդրադարձան նաև ՀՀ ԱՆ  քրեկատարողական հիմնարկում պահվող  իրանցի դատապարտյալներին հայրենիք փոխանցելու հարցերին: 

 2012 թվականի նոյեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և ԻԻՀ արդարադատության նախարարի միջև դատապարտյալների փոխանցման մասին  համաձայնագիր է ստորագրվել, թեև մինչ այդ ՀՀ հանրապետության բարի կամքի դրսևորմաբ մի քանի փուլով իրանցի դատապարտյալներ են փոխանցվել Իրանի Իսլամական Հանրապետություն:

 Գնահատելով հայ-իրանական համագործակցությունը ԻԻՀ գլխավոր դատախազը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանատան ակտիվ մասնակցությամբ էլ ավելի կզարգացնեն համագործակցությունը, հնարավոր է նաև  փորձի երկուստեք հետաքրքրության  փոխանակում:

 Օրվա երկրորդ կեսին ԻԻՀ պատվիրակության անդամներն այցելեցին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու իրանցի դատապարտյալներին: