ՀՀ քաղաքացիական օրենսգրքի քննարկում

07/05/2013

      Այսօր մեկնարկեց ՀՀ արդարադատության նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության  աջակցությամբ   ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  նախագծի շուրջ երկօրյա քննարկման աշխատանքները:

      Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացմանը և քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանն ուղղված քայլերի շարքում կարևորագույններից է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի բարեփոխումը, որը կարգավորելու է մասնավոր իրավահարաբերությունները ժամանակակից մոտեցումներին համապատասխան:

     Ինչպես իր բացման խոսքում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը Հայաստանի Հանրապետության գործող քաղաքացիական օրենսգիրքը, որն ընդունվել է  1998թ. ԱՊՀ մոդելային օրենսգրքի հիման վրա, անկասկած,  կարևոր քայլ էր նորանկախ պետության կողմից շուկայական տնտեսական հա­րա­բերությունների անցման, մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ճանապարհին: «Սակայն օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական և իրավական կյանքում տեղի  ունեցան էական փո­փո­խություններ»,- փաստեց  նախարարի պաշտոնակատարն ընդգծելով, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների զարգացումն էլ հանգեցրեց օրենսգիրքը փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությանը:

    «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարևորագույն իրավական ակտերից է, որի հետ կապված ցանկացած բարեփոխում չափազանց մեծ շրջահայացություն է պահանջում:  Այստեղ սխալները անթույլատրելի են և ճակատագրական:  Դրանով է մեծապես պայմանավորված նաև այն հանգամանքը, որ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում նախատեսված գործողության իրականացումը մենք սկսում ենք այս կլոր սեղան քննարկումից՝ ակնկալելով քաղաքացիական իրավունքի ոլորտում իրավաբան-տեսաբանների  և պրակտիկ մասնագետների փորձառության միջոցով բացահայտել այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանան բարեփոխումները»,-ասաց Հրայր Թովմասյանը:

     Քննարկման մասնակիցների առջև դրված կարևոր խնդիրներից մեկն էլ  օրենսգրքի բարեփոխման հիմնական ուղղությունները բացահայտելն ու դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել է: «Բարեփոխումն ինքնանպատակ չէ, քանի որ գործ ունենք մի փաստաթղթի հետ, որը տարիների փորձարկում է անցել, ուստի արմատական փոփոխություններ կատարելուց առաջ անհրաժեշտ է  խորապես կշռադատել դրանց նպատակահարմարությունը, իրավակիրառ խնդիրները, ինչպես նաև փոփոխությունների  արդյունքում բազմաթիվ  այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն»,-ասաց Հրայր Թովմասյանը:

     Բացման խոսքով հանդես եկան նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության  (GIZ GmbH) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի տեղակալ   Քրիստոֆ Բրոյնիգը:

     Ներկայացվեցին նաև փորձագիտական տարբեր կարծիքներ, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի փորձագիտական կարծիքները փոխանցեցին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Դավիթ Սերոբյանը: Գերմանացի մասնագետների տեսակետները ներկայացրեցին Բրեմենի համալսարանի դասախոսներ դոկտոր, պրոֆեսոր Ռոլֆ Քնիպերը և դոկտոր Հանս-Յոախիմ Շրամը, իսկ Վրաստանի փորձի հիման վրա տեսակետ հայտնեց Թբիլիսիի և Քիլի համալսարանների դոկտոր, պրոֆեսոր Լադո Չանտուրիան:  Փորձագիտական կարծիքներ նարկայացրեցին նաև Հայաստանի և Գերմանիայի Դաշնային  Հանրապետության իրավաբանների, փաստաբանական պալատի ներկայացուցիչները:

      Քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների տեսաբան-գիտնականներ, փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից,  միջազգային  կազմակերպությունների,   փաստաբանական պալատի, ինչպես նաև   պետական մարմինների ներկայացուցիչներ: