ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպանին

19/06/2013

  Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ նախարար Թովմասյանն ընդգծեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնելու և, մասնավորապես, դատաիրավական ոլորտում հարաբերությունները սերտացնելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել համընդհանուր խնդիրներին և դրանց ընդհանրական լուծումներ գտնելու հարցերին:

  Հրայր Թովմասյանը, ով 2012 թվականին ընտրվել է ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ, ներկայացրեց նաև վերջերս  ՌԴ արդարադատության նախարարի հրավերով Մոսկվա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների մանրամասներն ու հետագա փոխգործակցությունը զարգացնելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները:

  Դեսպան Վոլինկինն էլ վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ռուսական համագործակցությունն էլ ավելի ամապնդելու և ընդլայնելու համար: Միևնույն ժամանակ դեսպանն ընդգծեց, որ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել փորձի փոխանակման և դրանց արդունավետության վրա:

  Նախարար Թովմասյանը հյուրին իրազեկեց, որ 2013թ-ի աշնանը Երևանում անցկացվելու է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի հերթական 8-րդ նիստը, որի ընթացքում, բնականաբար, կքննարկվեն ինչպես այդ, այնպես էլ  համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ էական նշանակություն ունեցող հարցեր:

  Այնուհետև հյուրի խնդրանքով նախարար Թովմասյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Հայաստանում իրականացվող իրավական և դատական բարեփոխումների  վերաբերյալ: