ՀՀ արդարադատության նախարարության երկու աշխատակից կվերապատրաստվեն Հռոմի համալսարանում

19/07/2013

  ՀՀ արդարադատության նախարարության երիտասարդ աշխատակիցներ Նարինե Հարությունյանը և Մարիամ Սնդոյանը կսովորեն  Հռոմի համալսարանի մագիստրատուրայի բաժնում: Հատուկ  անցումային շրջանում գտնվող  երկրների համար նախատեսած «PROLAW» ծրագրով իրավունքի գերակայության վերաբերյալ խորացված ուսուցում ստանալու նպատակով հայտարարված մրցույթում  աղջիկները հաղթող  են ճանաչվել և  նախարար Հրայր Թովմասյանի առաջարկով նրանց կրթաթոշակ է տրամադրելու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)«Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը:

  Արդեն երկու տարի է ինչ ՀՀ արդարադատության նախարարությունում նախարար Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ աշխատակիցների շրջանում հարցում է անցկացվում, թե ինչ առաջարկություններ կարող են ներկայացնել աշխատանքային պայմանները բարելավելու համար: Մի քանի տասնյակ տարաբնույթ առաջարկների մեջ կար նաև խնդրանք՝ աջակցել երիտասարդ մասնագետներին Հայաստանից դուրս վերապատրաստվելու հարցում:

  Առաջին անգամ նախարարությունը սատարում է համակարգում աշխատող երիտասարդ մասնագետներին մեկ տարով վերապատրաստվելու, առաջին անգամ Հռոմի համալսարանում հենց այս ծրագրով կրթություն են ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

  Այսօր նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Նարինե Հարությունյանին և Մարիամ Սնդոյանին, շնորհավորեց և հաջողություն մաղթեց նրանց՝ հույսով, որ կրթություն ստանալուց հետո նրանք կվերադառնան նախարարություն՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու առաքելությամբ: «Գիտելիքը մարդու թերևս միակ սեփականությունն է, որ միշտ արժեք ունի, դուք արժանացել եք գիտելիքի պաշարը ավելացնելու հնարավորությանը, ուստի  պետք է օգտվեք դրանից և ստացած կրթությունն էլ կիրառեք ի նպաստ մեր երկրի»,- ասաց նախարարը:

  Պարտավորությունը զուտ բարոյական է, ոչ իրավական, բայց աղջիկները վստահեցրին, որ մեկ տարի անց կշարունակեն իրենց գործունեությունը նախարարությունում Հռոմի համալսարանում ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելով:

  Հրայր Թովմասյանը նշեց նաև, որ այս գործընթացը շարունակական է լինելու, հետագայում ևս նախարարության երիտասարդ, խոստումնալից լավագույն մասնագետները կարող են վերապատրաստման համար աջակցություն ստանալ: