Մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստը

10/10/2013

  Երևանում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8-րդ երկօրյա նիստը` Խորհրդի պատասխանատու քարտուղարի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի արդարադատության նախարարությունների պատվիրակությունների մասնակցությամբ: Պատվիրակությունները ղեկավարում են   տվյալ երկրների արդարադատության նախարարները:

  Հոկտեմբերի 11–ին շարունակվող նիստը կղեկավարի ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

  Նիստում քննարկվելու են մասնակիցների  համար կարևոր և առաջնային համարվող հետևյալ հարցերը՝

– ԱՊՀ արդարադատության նախարարությունների փորձը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման գործում. էլեկտրոնային գրանցում, էլեկտրոնային նոտարիատ, էլեկտրոնային ՔԿԱԳ,

– Չճանաչված կազմավորումների և պետությունների  ընդունած փաստաթղթերը. ԱՊՀ մասնակից պետությունների փորձը դրանց ճանաչման և կիրառման հարցում,

– Ռիելտորական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման կարգը՝ որպես անշարժ գույքի հետ կապված գործարքների ժամանակ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոց,

–ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 2013-2017թթ. աշխատանքային ծրագիրը։

  Քննարկվելու են  նաև ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական նիստին առնչվող  այլ հարցեր:

  2012թ. սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին որոշվել է 2013թ-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: