Բելգրադում մեկնարկել է «Խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը թվային դարաշրջանում. հնարավորություններ, իրավունքներ և պատասխանատվություն» թեմայով համաժողովը

07/11/2013

 Նոյեմբերի 7-ին  Բելգրադում մեկնարկել է «Խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը թվային դարաշրջանում. հնարավորություններ, իրավունքներ և պատասխանատվություն» թեմայով համաժողովը, որն անցկացվում է  Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Սերբիայի տեղեկատվության և մշակույթի նախարարության աջակցությամբ: 

 Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը (Ivica Dacic) և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը (Thorbjorn Jagland): 

 ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող երկրի՝ Հայաստանի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  (Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը մինչև 2013 թ. նոյեմբերի վերջը):

 Նախարար Հրայր Թովմասյանն իր  խոսքում անդրադարձել է նաև վերջին մի քանի տարիների ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի  իրականացրած գործողություններին ու ընդունած որոշումներին, որոնք ուղղված են եղել մամուլի ազատությանն ու  բազմազանությանը, արտահայտման իրավունքի իրացման ապահովմանը: Հրայր Թովմասյանը, ընդգծելով  ԵԽ նախարարների կոմիտեում  Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում իրականացված գործողություններն, ասել է. «Հայաստանի նախագահության շրջանի համար սահմանվել էին մի շարք  գերակայություններ ու նպատակներ, որոնց հիմքում դրված էին այն մարտահրավերները, որոնց հետ այսօր բախվում  են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում: Խոսքի և մամուլի ազատությունները, ժողովրդավարության կարևորագույն հիմնասյուներից են: Ժամանակակից աշխարհում, թերևս, անգնահատելի է մամուլի դերը հանրային կյանքում՝ քաղաքական հաշվետվողականությունից և թափանցիկությունից մինչև սոցիալ-մշակութային  նպատակների ապահովումը»:  (Նախարարի ելրույթի տեքստն  ամբողջությամբ): 

 Համաժողովի պլենար նիստի ընթացքում իրականացված քայլերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել  Նատալյա Ռոմանովան՝ ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի  և Մայքլ Դեվենպորտը՝ Եմ կողմից: 

 Կոնֆերանսի շրջանակներում երեք աշխատանքային խմբերում ԵԽ անդամ երկրների բարձրաստիճան պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակության և գործարար շրջանակների, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են «Համացանցի մուտքն ու հիմնական իրավունքները», «Լրագրությանն ուղղված առկա մարտահրավերները և բազմազանությունը» և «Որակը նոր մեդիա էկոհամակարգում - հնարավորությունները և ռիսկերը» թեմաները: Համաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել համապատասխան հայտարարություններ և որոշումներ: