Համաժողով՝ նվիրված օրենսդրության համապատասխանեցման գործընթացում թարգմանության առանցքային դերակատարմանն ու թարգմանական խնդիրների պատշաճ կարգավորմանը

16/05/2014

 Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթաց և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր օրենսդրության համապատասխանեցման գործընթացում թարգմանության առանցքային դերակատարմանն ու թարգմանական խնդիրների պատշաճ կարգավորմանը նվիրված համաժողով:

Համաժողովին մասնակցում էին տարբեր գերատեսչություններից հրավիրված պաշտոնատար անձինք, ԵՄ՝ ոլորտի հետ առնչվող կազմակերպություններից մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև՝ լրագրողներ:

 ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարևորեց թարգմանությունների դերը միջազգային կառույցներում Հայաստանի ինտեգրման առումով՝ նշեց որ իրավական ակտերի որակյալ և պրոֆեսիոնալ թարգմանությունները միջազգային կառույցներին ՀՀ անդամակցության առումով լավ երաշխիք են: Նա հավելեց նաև, որ նախկինում՝ նախքան «Թարգմանությունների» կենտրոնի հիմնադրումը, ոլորտում բավական խնդիրների կային, սակայն այժմ այդ գործընթացը մտել է իրավակարգավորման փուլ: Այստեղ կարևոր է նոր և ժամանակակից մեթոդների ներդրումը, որը կնպաստի թարգմանությունների իստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

 Եվրոպական հանձնաժողովի Թարգմանությունների գլխավոր տնօրինության նախկին գլխավոր տնօրեն Կարլ Լենրոթը առանձնացրեց թարգմանության որակի ապահովման համար անհրաժեշտ հիերարխիան, որը բովանդակում էր դրա փուլային հետաքրքիր մոդել՝ նախքան թարգմանություն՝ բնօրինակ տեքստի որակը, թարգմանության ընթացք՝ թարգմանչի կարողություններ, կիրառվող տեխնոլոգիաներ և թարգմանությունից հետո՝ գնահատում, հետադարձ կապ, տեխնոլոգիական զարգացման հեռանկար: Եվրոպացի հյուրերը ներկայացրեցին թարգմանությունների զարգացման դինամիկան և դրա առանցքային նշանակությունը ԵՄ տարածքում՝ շեշտը դնելով թարգմանության՝ որպես պետական ու ոչ պետական մարմինների միջև իրավական հարաբերությունների կարգավորման գործառնական նշանակության վրա,՝ որի որակը կարող է բովանդակել այդ հարաբերությունների հետագա զարգացման ընթացքը:

 «ՀՀ արդարատադության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Աբովյանն ընդգծեց իր գլխավորած կենտրոնի դերը իրավական ակտերի թարգմանության որակի բարձրացման մեջ: Նա նշեց, որ շնորհիվ իրենց կենտրոնի, ՀՀ-ում իրավական ակտերի թարգմանությունը մտել է  ինստիտուցիոնալ գործընթացի փուլ, որն արդեն բացառում է գործընթացային մեխանիկան՝ պատուհան բացելով միջազգային կառույցներին ինտեգրվելու և տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:

Համաժողովը հստակորեն ամրագրեց թարգմանությունների դերի բարձրացման, դրա կատարելագործման շարունակական աճի, ինտեգրացիոն գործընթացներում դրա առանձնահատուկ նշանակության անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ որակյալ թարգմանության բացառիկ դերը հասարակական հարաբերությունների կարգավորման ոլորտում: