Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հրաժեշտի այցը ՀՀ արդարադատության նախարարություն

27/06/2012

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը զրուցեցին այս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում իրականացվելիք ծրագրերի մասին:
Նախարար Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց ինչպես դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, այնպես էլ՝ Գերմանիայի կառավարությանը առնվազն վերջին 10 տարիներին անշահախնդիր, անկեղծ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:
Դեսպան Հանս-Յոհեն Շմիդտն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց համագործակցության և իրեն հասցեագրված գովեստի խոսքերի համար: Նա իր գոհունակությունը փոխանցեց թե՛ արդարադատության նախարարության և թե՛ ընդհանրապես գործադիր իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով նաև, որ անցումային շրջանում գտնվող երկրների համար շատ կարևոր է, երբ արդարադատության համակարգը համալրված է լինում նոր մտածությամբ, երիտասարդ կադրերով: « Դա նոր հայացք և նոր խիզախություն է», -ասաց դեսպանը: