Դեպի վեր

09/01/2018

ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող 2017թ. երկրորդ կիսամյակում կատարման ենթակա միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվություն

Միջոցառում 15.

Կատարել ուսումնասիրություն՝ ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի անդամների և հարազատների հետ հաղորդակցվելու նպատակով կապի այլընտրանքային միջոցներից (տեսազանգ) օգտվելու հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով անվտանգության ապահովման պահանջները:

Հաշվետվություն.

ՀՀ կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 14-ի 1599-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման մեջ: Որոշմամբ նախատեսվել է, որ օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգի հնարավորություն:

Միջոցառում 17.

Վերանայել ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման եղանակները, մասնավորապես, կալանավորված անձանց և դատապարտյալների բջջային հեռախոսից օգտվելու թույլտվության հնարավորության հարցը:

Հաշվետվություն.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն (Տես` Հավելված 1), ըստ որի, պետությունների մեծ մասն արգելում է դատապարտյալների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը քրեակատարողական հիմնարկներում: Ուսումնասիրված պետություններից միայն Դանիան և Ուկրաինան են թույլատրել դատապարտյալներին օգտվել բջջային հեռախոսներից, սակայն խիստ սահմանափակումներով և ոչ բոլոր տեսակի քրեակատարողական հիմնարկներում: Անհրաժեշտ է նշել նաև, որ բջջային հեռախոսներից օգտվել չթույլատրելու հիմնական նպատակն անվտանգության ապահովումն է: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատապարտյալների մեծ մասն անօրինական ճանապարհով բջջային հեռախոսներ ձեռք է բերում հանցագործություններ կատարելու կամ այդպիսիք ծրագրելու նպատակով, որը հանգեցնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովման պահանջների խախտման: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ըստ որի, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման նպատակով, որպես կապի այլընտրանքային միջոց, նախատեսվել է տեսազանգից օգտվելու հնարավորությունը, որով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու եղանակների իրավական հիմքերն ընդլայնվել են: Վերը նշվածից հանգում ենք այն եզրակացության, որ նախապատվությունը տալով միայն տեսազանգի կիրառմանը՝ ապահովում ենք ինչպես դատապարտյալների արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացումը, այնպես էլ կանխում ենք այն բոլոր ռիսկերը և բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ բջջային հեռախոսներից օգտվել թույլատրելու դեպքում:

 

Միջոցառում 18.

Կատարել ուսումնասիրություն կալանավորված անձանց և դատապարտյալների (հատկապես օտարերկրացիների)՝ կապի այլընտրանքային միջոցներով արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորության վերաբերյալ:

Հաշվետվություն.

ՀՀ կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 14-ի 1599-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման մեջ: Որոշմամբ նախատեսվել է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգի հնարավորություն:

Միջոցառում 19.

Քրեակատարողական ծառայողների գործողությունների, անգործության կամ նրանց կողմից ընդունած ակտերի բողոքարկման մեխանիզմների նախատեսում՝ ընդդատյա դատարանի, բողոքներին ներկայացվող պահանջների, բողոքարկման ժամկետների հստակ ամրագրմամբ:

Հաշվետվություն.

Հայաստանի Հանրպետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր): Նախագծերը 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 01/16.1/19544-17 գրությամբ դրվել են շրջանառության մեջ: Նախագծերը համապարփակ կարգավորում են դատապարտյալի կողմից պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի դեմ բողոքարկման իրավունքը և կարգը, բողոքին ներկայացվող պահանջները, բողոքարկման ժամկետները, բողոքի քննարկման կարգը և արդյունքները: Նախագծերով կարգավորվում են նաև դատարանում պատիժները կատարող մարմինների և հիմնարկների, պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտերի դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը:

Միջոցառում 20.

Կատարել ուսումնասիրություն քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու առաջնահերթությունների վերաբերյալ, և արդյունքներով մշակել համապատասխան գործողությունների ծրագիր:

Հաշվետվություն.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը 2017 թվականի նոյեմբերի 21-ին 01/20938-17 ելից գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն: Նախագծով քրեակատարողական ոլորտին առնչվող առանձին միջոցառումներ են նախատեսվել, մասնավորապես՝ ըստ առաջնահերթության թիրախային ուղղություններից է քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված չափանիշների մշակումն ու ներդնումը: 

Միջոցառում 22.

Մշակել փոփոխություններ և լրացումներ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում:

Հաշվետվություն.

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը 2017 թվականի հոկտեմբերի 2-ին ուղարկվել է պաշտոնական շրջանառության: Շահագրիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը ներկայումս լրամշակվում է:

Միջոցառում 37.

Մշակել և ներդնել ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան և այլ ակտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակության համակարգ:

Հաշվետվություն.

2017թ. սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում: Այսպես. E-civil համակարգը համակցվել է սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգի հետ, որի շնորհիվ ծննդյան գրանցման վերաբերյալ տեղեկությունները, քաղաքացու ցանկության դեպքում, ՔԿԱԳ մարմինների կողմից փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական համակարգ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ձևակերպելու նպատակով:

Երկու համակարգերի համակցման առաջին փուլում հնարավորություն է ընձեռնվում քաղաքացիներին ծննդյան նպաստների դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակի խնայողությանը:

Միջոցառում 40.

Ուսումնասիրել աշխատանքային հարաբերություններում աշխատողների իրավունքների պաշտպանության արտադատական ազգային մեխանիզմի ներդրման հնարավորության հարցը:

Հաշվետվություն.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է աշխատանքային հարաբերություններում աշխատողների իրավունքների պաշտպանության արտադատական ազգային մեխանիզմի ներդրման հնարավորության հարցի վերաբերյալ ուսումնասիրությունը: (Տես` Հավելված 2):

Հարկ է նշել նաև, որ ուսումնասիրության արդյունքները կդիտարկվեն ՀՀ նոր աշխատանքային օրենսգրքի մշակման գործընթացի շրջանակներում:

Միջոցառում 74.

Ստորագրել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ-ի կոնվենցիան:

Հաշվետվություն.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ-ի Կոնվենցիայի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 28-ին արձանագրային որոշմամբ հավանություն է տվել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ-ի կոնվենցիայի ստորագրմանը:

Միջոցառում 77.

Ստեղծել օրենսդրական կառուցակարգեր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավահավասարության ապահովման համար:

Հաշվետվություն.

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավահավասարության ապահովման համար օրենսդրական կառուցակարգեր ստեղծելու նպատակով մշակման փուլում է գտնվում «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Միջոցառում 82.

Մշակել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրենց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունքի իրականացումը կարգավորող օրենք:

Հաշվետվություն.

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրենց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունքի իրականացումը կարգավորող օրենքի նախագծի մշակման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած շահագրգիռ բոլոր պետական մարմինների ներկայացուցիչներից: Նախագծի մշակման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Հարկ է նշել, որ 2016թ. մարտի 10-ի Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության 245-Ա որոշման հավելված 1-ում 2017թ. դեկտեմբերին կատարված փոփոխություններով պայմանավորված` նախատեսվում է օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել մինչև 2018թ. մարտի վերջ:  

Վերը նշված օրենքի նախագիծը 2018թ. սկզբին հանրային քննարկման դնելուն զուգահեռ նախատեսվում է ուղարկել Եվրոպայի խորհրդի փորձագիտական կարծիքի:

Միջոցառում 93.

ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի կոնվենցիայի պահանջներին:

Հաշվետվություն.

«Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի Կոնվենցիայի պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձը, մշակվել է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հաագայի 25.10.1980թ. կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացակարգերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մոտ ժամանակներս կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Միջոցառում 94.

ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայի պահանջներին:

Հաշվետվություն.

«Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի Կոնվենցիայի պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման նպատակով մշակվել է «ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2/14.1/18273-17 հանձնարարականով հաստատված ժամանակացույցի համապատասխան դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում, որի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո ուղարկվել է միջազգային փորձաքննության որդեգրման բնագավառում ՀՀ արդարադատության նախարարության գործընկեր-պետությունների իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին: Նախագիծը միջազգային փորձաքննության արդյունքների ամփոփումից հետո` 1-ամսյա ժամկետում կլրամշակվի և կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: 

Միջոցառում 96.

ՀՀ նախարարին կից հասարակական խորհուրդներում քննարկել սույն գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, ինչպես նաև համապատասխան նախարարության կողմից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ:

Հաշվետվություն.

2017թ. նոյեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարությունում կայացել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև սույն գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն