04/07/2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունիսի 29-ի N 302-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 302-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«29» ՀՈՒՆԻՍԻ 2018 Թ.                                                     ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԻՐԱՎԱԲԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2010 թվականի փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի 4(e) կետը, ինչպես նաև մրցույթին մասնակցող հավակնորդների ընտրության պայմանների հավասարության, ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքները և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

 

          1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

 

 

                ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                      Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի 

                                                                                                                                                    2018 թվականի հունիսի 29-ի 

                                                                                                                                                     N 302-Լ հրամանի

 

       Կ Ա Ր Գ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԻՐԱՎԱԲԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան) իրավաբան գործուղելու համար մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

2.  Մրցույթի անցկացման համար ձևավորվում է հանձնաժողով: Հանձնաժողովի ձևավորման համար ՀՀ արդարադատության նախարարը դիմում է սույն կարգի 3-րդ կետում թվարկված մարմիններին և համապատասխան կազմակերպություններին` հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար թեկնածուներ ներկայացնելու նպատակով: Հանձնաժողովը կազմված է ինն անդամից։

3.  Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1)   ՀՀ արդարադատության նախարարը հանձնաժողովի նախագահ,

2)  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը,

3)  համապատասխան ոլորտը համակարգող ՀՀ արդարադատության փոխնախարարը,

4)  ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը,

5)  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը համաձայնությամբ,

6)  Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը համաձայնությամբ,

7)   ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչը համաձայնությամբ,

8)  մեկ իրավաբան-գիտնական,

9)  մեկ իրավապաշտպան:

4.  Հանձնաժողովի անհատական կազմը սահմանվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:

5.  Յուրաքանչյուր մրցույթի կազմակերպման համար ձևավորվում է նոր հանձնաժողով:

6.  Հանձնաժողովը՝

1)   անց է կացնում հավակնորդների մրցույթը,

2)  լուծում է մրցույթի անցկացման հետ կապված ընթացիկ հարցերը,

3)  ամփոփում է մրցույթի արդյունքները,

4)  իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:

7.  Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

8.  Հավակնորդներից յուրաքանչյուրին կողմ կամ դեմ հանձնաժողովի անդամները քվեարկում են փակ:

9.  Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարության կողմից:

  1. Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը:

11. Մրցութային հանձնաժողովի ձևավորումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ:

12.Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել բարձրագույն իրավաբանական առնվազն իրավագետի բակալավրի կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին գերազանց տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները: 

  1. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ՝ հայտարարություն) հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, ՀՀ արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքերում:
  2.  Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները՝

1)     հավակնորդներին ներկայացվող պահանջները,

2)    մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այսուհետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ),

3)    մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը,

4)    փաստաթղթերի ներկայացման  ժամկետը, վայրը և եղանակը,

5)    Դատարան գործուղման ժամկետը:

  1. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառվում են`

1)   անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),

2)  1 լուսանկար (3×4),

3)  իրավաբանի բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),

4)  առնվազն վերջին երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձը հաստատող փաստաթուղթ,

5)  անգլերենի գերազանց իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

6)  ինքնակենսագրական (հայերեն և անգլերեն),

7)  մտադրության հիմնավորում (motivation letter),

8)   երկու երաշխավորագիր,

9)  հայտարարություն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված չլինելու մասին,

10)             համաձայնություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր վերաբերյալ պահվող տեղեկություններին ծանոթանալու մասին:

  1. Ներկայացված փաստաթղթերն ընդունում է հանձնաժողովի քարտուղարությունը: Անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները քարտուղարության կողմից ստուգվելուց անմիջապես հետո վերադարձվում են:
  2. Հետադարձ կապ պահելու համար հավակնորդը քարտուղարությանը տրամադրում է նաև կոնտակտային տվյալներ (բնակության և էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար):
  3. Փաստաթղթերը հանձնվում են առձեռն` անձամբ հավակնորդի կողմից:
  4. Փաստաթղթերն ընդունելու նպատակով հանձնաժողովի քարտուղարությունը  վարում է գրանցամատյան:

20.  Փաստաթղթերն ընդունելիս հանձնաժողովի քարտուղարությունը պարզում է դրանց ամբողջականությունը և համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին:

  1. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու  դեպքում հավակնորդն այդ մասին  տեղեկացվում է փաստաթղթերը հանձնելու պահին:
  2. Փաստաթղթերի թերությունները հավակնորդի կողմից կարող են վերացվել մինչև հայտարարությամբ նշված ժամկետի ավարտը: Ժամկետի վերջին օրը ներկայացված փաստաթղթերում թերություն լինելու դեպքում, այն շտկելու համար հավակնորդին հնարավորություն է տրվում մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք:

23.  Հանձնաժողովի քարտուղարությունը մրցույթից առնվազն հինգ աշխատանաքային օր առաջ կազմում և հանձնաժողովին է ներկայացնում հավակնորդների ցուցակը և նրանց ներկայացրած փաստաթղթերը:

24.  Մրցույթի ընթացքում հանձնաժողովի նիստին ներկա յուրաքանչյուր անդամ հավակնորդի ներպետական օրենսդրության և Դատարանի նախադեպային իրավունքի իմացության մակարդակն ստուգելու նպատակով կարող է հավակնորդներին տալ հարցեր և գնահատել հարցազրույցի մասնակիցներից յուրաքանչյուրին։

25.  Հավակնորդի կողմից անգլերենի գերազանց իմացությունն ստուգելու նպատակով` հանձնաժողվը կարող է հրավիրել համապատասխան մասնագետի:

26.  Հանձնաժողովի նիստին ներկա յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր հավակնորդի քվեարկում է «կողմ» կամ «դեմ»` բոլոր հավակնորդների մասնագիտական գիտելիքները ստուգելուց հետո: Հանձնաժողովը մրցույթի ավարտից հետո ամփոփում է մրցույթի արդյուքները: Հանձնաժողովն իր գործունեությունն ավարտում է հանձնաժողովի կողմից մրցույթի քվեարկության ամփոփմամբ:

  1. Մրցույթը հաղթահարած են համարվում հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի «կողմ» ձայներն ստացած հավակնորդները, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` նշելով մրցույթը հաղթահարած հավակնորդների տվյալները և նրանցից յուրաքանչյուրի ստացած «կողմ» ձայների քանակը:

28.  Մրցույթը հաղթահարած հավակնորդների ցանկից ՀՀ արդարադատության նախարարը ընտրում և ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում երեք հավակնորդի տվյալները:

29.  Մրցույթի ժամկետը երկարաձգվում է եթե հայտարարված մրցույթին սահմանված ժամկետում որևէ անձ չի դիմել կամ դիմել են երեքից պակաս  հավակնորդներ: Մրցույթի ժամկետը երկարաձգելու մասին կազմվում է արձանագրություն:

30.  Նոր մրցույթ հայտարարվում է, եթե մրցույթին մասնակցելու հավակնորդներից առնվազն երեքը չեն ստացել անհրաժեշտ թվով ձայներ:

  1. Նոր մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է սույն կարգի 30-րդ կետով նախատեսված հիմքի առաջացման օրվան հաջորդող յոթ  աշխատանքային օրվա ընթացքում:

32.  Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով: