Դեպի վեր

08/04/2013

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները մասնավոր անձանց խմբերի կողմից ինքնաշխատ եղանակով ստանալու կարգը և տեղեկությունների տրամադրման պայմանագրի ձևը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրաման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 մարտի 2013 թ.

ք. Երևան N 54-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանում պահվող տեղեկությունները մասնավոր անձանց խմբերի կողմից ինքնաշխատ եղանակով ստանալու կարգը» համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանում պահվող տեղեկությունների տրամադրման վերաբերյալ պայմանագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։

 

Հ. Թովմասյան

 

Հավելված N 1

ՀՀ արդարադատության նախարարի

2013 թվականի մարտի 27-ի

N 54-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 1125-Ն որոշմամբ սահմանված անձանց (այսուհետ՝ մասնավոր անձանց) կողմից ինքնաշխատ համակարգի միջոցով գրանցամատյանում գրառված տեղեկություններ ստանալու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Մասնավոր անձինք Պետական միասնական գրանցամատյանում (այսուհետ գրանցամատյան) գրառված տեղեկությունները ինքնաշխատ համակարգերի միջոցով ստանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ կնքված սույն հրամանի հավելված 2-ով նախատեսված պայմանագրի հիման վրա՝ իրենց տեղեկատվական համակարգերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) տեղեկատվական համակարգին (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) միասնացնելու միջոցով:

3. Գրանցամատյանում գրառված տեղեկությունները ինքնաշխատ համակարգերի միջոցով ստանալու համար համապատասխան անձը նախարարություն է ներկայացնում սույն հրամանի հավելված 2-ով նախատեսված պայմանագրի լրացված և հաստատված օրինակը, ինչին կցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետով նախատեսված անձ համարվելու ապացույց: Պայմանագրում պետք է պարտադիր նշվի ծանուցման հասցեն, ծանուցման էլեկտրոնային փոստի հասցեն և կոնտակտային անձի տվյալները՝ ներառյալ հեռախոսահամարը:

4. Հաստատված պայմանագիրը նախարարություն ներկայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում նախարարությունը ստուգում է ներկայացված փաստաթղթերը՝ ըստ անհրաժեշտության տեղեկություններ պարզելով այլ պետական մարմիններից և անձանցից: Հաստատված պայմանագիրը նախարարություն հանձնելով` դիմող անձը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձը դիմի այլ պետական և մասնավոր մարմինների՝ պարզելու ներկայացված տեղեկությունների հավաստիությունը:

5. Նախարարությունը մերժում է պայմանագրի կնքումը եթե՝

1) պարզվում է, որ պայմանագրում կամ կից փաստաթղթերով ներկայացված է կեղծ տեղեկատվություն.

2) նախարարություն դիմելուն նախորդող երկու տարվա ընթացքում նախարարության կողմից, համապատասխան հիմքերի առկայության պայմանով, դիմող անձի հետ լուծվել է սույն հրամանի 2-րդ հավելվածով նախատեսված պայմանագիրը:

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում նախարարությունը մերժում է պայմանագրի ստորագրումը՝ կից ներկայացնելով ստորագրելուց հրաժարվելու հիմնավորումները:

7. Պայմանագրի ստորագրումը երկշաբաթյա ժամկետում մերժելու մասին որոշում չկայացնելու դեպքում պայմանագիրը համարվում է կնքված և նախարարությունը դիմողին է հանձնում իր կողմից հաստատված պայմանագրի օրինակը:

8. Նախարարության անունից պայմանագիրը ստորագրում է Գործակալության պետը կամ նախարարի կողմից դրա համար ուղղակիորեն լիազորված այլ անձ:

9. Պայմանագիրը կնքելը մերժելու կամ հաստատելու մասին որոշում կայացնելուց հետո մեկօրյա ժամկետում նախարարությունը այդ մասին ծանուցում է դիմումատուին՝ վերջինիս տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված համապատասխան որոշումը ուղարկելու միջոցով: Կողմը համարվում է մերժման մասին ծանուցված՝ համապատասխան էլեկտրոնային հասցեով համապատասխան էլեկտրոնային նամակը ուղարկելու պահից:

10. Մասնավոր անձին տեղեկատվական համակարգին միանում է գաղտնագրված և առանձնացված կապուղու միջոցով (VPN), համապատասխան նույնականացման սերտիֆիկատների միջոցով և ըստ անհրաժեշտության՝ անվտանգության սարքի կիրառմամբ: Կապակցման թույլատրված հասցեները (IP հասցե) նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ: Միացումը իրականացվում է դիմումատուի համապատասխան տեղեկատվական կառավարման համակարգը էլեկտրոնային ռեգիստրի համակարգին սույն կետով նախատեսված անվտանգության մեխանիզմների պահպանմամբ համակցելու միջոցով:

11. Տեղեկատվություն ստանալու նպատակով դիմումատուի տեղեկատվական կառավարման համակարգը հարցում է ուղարկում էլեկտրոնային ռեգիստր, որը պետք է պարունակի կազմակերպության գրանցման համարը և / կամ ՀՎՀՀ-ն, որին ի պատասխան էլեկտրոնային ռեգիստրի համակարգը տրամադրում է միասնական պետական գրանցամատյանում պահպանող ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև համապատասխան քաղվածքները և կանոնադրությունը՝ էլեկտրոնային փաստաթղթերի ձևով:

12. Տեղեկատվական համակարգին միանալու համար պայմանագրով սահմանվում է ամսական վճար Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1455-Ն որոշմամբ սահմանված չափով:

13. Տեղեկատվական համակարգին միանալու համար մասնավոր անձինք սույն կարգի 11-րդ կետով սահմանված ամսական վճարը վճարում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ արդարադատության նախարարի

2013 թվականի մարտի 27-ի

N 54-Ն հրամանի

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Քաղաք Երևան «___» ________________ 20___թ.

 

1. Պայմանագրի կողմերը

 

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, այսուհետ` Աշխատակազմ, ով գործում է նախարարության աշխատակազմի կանոնադրության հիման վրա, հանձինս` Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն), ում անունից սույն պայմանագիրը ստորագրում է Գործակալության պետը, մի կողմից, և ______________________-ը, հանձինս __________________________, ով հանդես է գալիս ______________________-ի հիման վրա, այսուհետ` Պատվիրատու, մյուս կողմից (Գործակալությունը և Պատվիրատուն այսուհետ առանձին հիշատակման ժամանակ՝ Կողմ, միասին հիշատակման ժամանակ՝ Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1. Սույն պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին ինքնաշխատ կերպով՝ տեղեկատվական համակարգերի համակցման միջոցով տրամադրել Գործակալության գրանցամատյանում գրառված տեղեկությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել սույն պայմանագրի 5-րդ կետով նախատեսված վճարը։

 

3. Կողմերի հայտարարությունները և հավաստումները

 

3.1. Պատվիրատուն անվերապահորեն հայտարարում և հավաստում է, ինչպես նաև պարտավորվում է ժամանակի ցանկացած պահի Գործակալության պահանջով հայտարարել և հաստատել, որ ինքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 1125-Ն որոշմամբ սահմանված անձի կարգավիճակ ձեռք բերելու համար նախատեսված նվազագույն պահանջներին:

3.2. Պատվիրատուն անվերապահորեն հայտարարում և հավաստում է, որ սույն պայմանագրի հիման վրա Միացումը Համակարգին կկիրառի բացառապես իր հաճախորդներին սպասարկման որակը բարձրացնելու նպատակով, ներառյալ վերջիններիս մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցելու համար, և իր գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով (օրինակ պարտապանների լուծարման գործընթացի մասին ժամանակին տեղեկություն ստանալու նպատակով), միևնույն ժամանակ երաշխավորում է, որ չի օգտագործի սույն պայմանագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը սույն պայմանագրի էությունից չբխող նպատակներով, ներառյալ անցանկալի նամակներ, էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ ուղարկելու կամ գովազդային և մարկետինգային այլ նպատակներով:

3.3. Պատվիրատուն հայտարարում և անվերապահորեն հավաստում է, որ սույն պայմանագրի կնքմանը նախորդող երկու տարվա ընթացքում իր հետ իր մեղքով չի լուծվել Գործակալության տեղեկատվական համակարգին միանալու մասին պայմանագիր:

3.4. Կողմերը անվերապահորեն ընդունում են, որ Գործակալությունը սույն պայմանագրով նախատեսված տեղեկատվությունը Պատվիրատուին է տրամադրում ինչպես այն կա Իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում, և Գործակալությունը պատասխանատվություն չի կրում այդ տվյալների՝ Պատվիրատուի հաճախորդների Իրավաբանական անձանց պետական ռեգիստր ներկայացված այլ փաստաթղթերի հնարավոր (ան)համապատասխանության համար:

3.5. Գործակալությունը պարտավորվում է Պատվիրատուի գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա, որում պետք է պատճառաբանվի տվյալների ճշտության հետ կապված կասկածը, եռօրյա ժամկետում ստուգել կոնկրետ գրանցված կազմակերպության տվյալների ճշտությունը և համապատասխանությունը Գործակալություն ներկայացված փաստաթղթերին:

 

4. Պատվիրատուի Համակարգին Միացման գործընթացը և տեխնիկական սպասարկումը

 

4.1. Պայմանագիրը կնքելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում Գործակալությունը կամ համապատասխան կապալառուն Պատվիրատուին է տրամադրում համակարգերի համակցման համար անհրաժեշտ միացման տեխնիկական չափանիշները:

4.2. Ծառայությունը սկսվում է մատուցվել տեղեկատվական համակարգերի ֆիզիկական համակցմանը հաջորդող ամսվա ամսի մեկից: Մինչև նշված ամսաթիվը կողմին հնարավորություն է տրվում ժամանակավոր թեսթավորել համակարգը:

4.3. Պատվիրատուն պարտավոր է իրականացնել իր տեղեկատվական համակարգի համապատասխան փոփոխությունները ըստ ներկայացված տեխնիկական նկարագրության՝ Ծառայությունից օգտվելու ֆիզիկական հնարավորությունն ապահովելու համար:

4.4. Պայմանագիրը որևէ հիմքով լուծելուն պես Գործակալությունն անմիջապես չեղարկում է VPN կապը և IP հասցեն: Պատվիրատուն պարտավոր է անվտանգության սարքը, եթե այդպիսին տրամադրվել է, վերադարձնել Գործակալություն պայմանագիրը լուծելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

5. Պայմանագրի գինը և վճարման կարգը

 

5.1. Սույն պայմանագրի ամսական վճարը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1455-Ն որոշմամբ:

5.2. Եթե սույն պայմանագրի 5.1 կետով նախատեսված Կառավարության որոշման մեջ կատարվեն փոփոխություններ, ինչի արդյունքում փոփոխվի համապատասխան գինը, ապա նշված փոփոխությունը ուժի մեջ կմտնի կողմերի միջև Կառավարության համապատասխան որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա ամսի մեկից, եթե Պատվիրատուն սույն պայմանագրով նախատեսված կարգով միակողմանիորեն չհրաժարվի սույն պայմանագրից:

5.3. Պատվիրատուի կողմից պայմանագրի գինը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվա ամսի տասը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին գումարը փոխանցելու միջոցով: Եթե վճարման վերջնաժամկետը ոչ աշխատանքային օր է, ապա վճարումը պետք է կատարվի մինչև նշված ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրվա ավարտը:

5.4. Գումարը համարվում է վճարված, երբ համապատասխան դրամական միջոցները մուտք են արվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին:

 

6. Կողմերի այլ իրավունքները և պարտականությունները

 

6.1. Պատվիրատուն պարտավոր է`

6.1.1. Բարեխղճորեն օգտվել Ինքնաշխատ համակարգից։ Չշրջանցել Ինքնաշխատ համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումները, չիրականացնել կամ չփորձել իրականացնել ծրագրային կոդի վերծանում, հետադարձ ինժեներինգ, կոդի փոփոխություն, տվյալների ամբողջական շտեմարանի պատճենահանում կամ որևէ այլ կերպ չմիջամտել կամ չփորձել միջամտել համակարգի բնականոն աշխատանքին:

6.1.2. Պահպանել Համակարգում առկա անձնական տվյալների պաշտպանությունը՝ օրենսդրությամբ սահմանված ծավալներով և չափով:

6.1.3. Համակարգին Միանալու միջոցով երրորդ անձանց ծառայություններ մատուցել առանց որևէ խտրականության:

6.1.4. Եթե սույն պայմանագրի կատարման ընթացքում Պատվիրատուն համոզվում է, որ սույն պայմանագրով կատարված կամ կատարվելիք հայտարարություններն ու հավաստումները այլևս չեն համապատասխանում իրականությանը, ապա նա պարտավոր է մեկօրյա ժամկետում դիմել Գործակալություն՝ պայմանագրի գործողությունը կասեցնելու պահանջով՝ մինչև իր կողմից հավաստումների և հայտարարությունների վերահաստատումը:

6.1.5. Կապի միջոցների՝ ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության դեպքում, հնգօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Գործակալությանը՝ նշելով փոփոխված տվյալները:

6.2. Պատվիրատուն իրավունք ունի`

6.2.1. Հնարավորինս սեղմ ժամկետներում Գործակալությունից ստանալ Համակարգին Միացման հետ կապված տեխնիկական խորհրդատվություն՝ ուղղված առկա կամ հայտնաբերված տեխնիկական խնդիրների լուծմանը։

6.3. Գործակալությունն իրավունք ունի`

6.3.1. Արգելափակել Պատվիրատուի մուտքը Ինքնաշխատ համակարգ` համակարգի անվտանգության ապահովման, ինչպես նաև անբարեխիղճ օգտագործումը կանխելու նպատակով` այդ մասին արգելափակումն իրականացնելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային կապի միջոցով ծանուցելով Պատվիրատուին։

 

7. Պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը և պարտավորությունների խախտման համար պատասխանատվությունը

 

7.1. Գործակալությունն իրավունք ունի ստուգել Պատվիրատուի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման պատշաճությունը և սույն պայմանագրով իրականացված կամ իրականացվելիք հավաստումների և հայտարարությունների համապատասխանությունը իրականությանը:

7.2. 7.1 կետով նախատեսված ստուգման անհրաժեշտության դեպքում Գործակալությունն իրավունք ունի` Պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում նաև՝ Պատվիրատուի հավաստումները և հայտարարություններ հիմնավորող ապացույցներ.

7.3. Եթե Գործակալությունը հայտնաբերում է պայմանագրի պահանջների խախտում, նա այդ մասին էլեկտրոնային փոստի կամ գրավոր կամ որևէ այլ եղանակով ծանուցում է Պատվիրատուին:

7.4. 7.3 կետով նախատեսված ծանուցումը ստանալու պահից տասնհինգ օրացուցային օրվա ընթացքում Պատվիրատուն պարտավոր է շտկել թերությունները և այդ մասին տեղեկացնել Գործակալությանը: Այդ դեպքում ծանուցման պահից մինչև սխալների շտկումը Գործակալությունը կասեցնում է սույն պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումը:

7.5. Տասնհինգօրյա ժամկետում սխալները չշտկելու և այդ մասին Գործակալությանը չծանուցելու դեպքում, ինչպես նաև եթե խախտումը հայտնաբերվել է օրացուցային տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ առանց ծանուցման, Գործակալությունը միակողմանիորեն դադարեցնում է սույն պայմանագիրը՝ այդ մասին դադարեցնելու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով Պատվիրատուին:

7.6. Պայմանագրի վճարման ժամկետը խախտելու համար Պատվիրատուն Գործակալությանը վճարում է տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար պայմանագրով նախատեսված ամսական վճարի 0,5 /զրո ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով։

 

8. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

8.1. Կողմերը ազատվում են սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար նախատեսված պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։

 

9. Ծանուցումները և կողմերի միջև գրագրությունը

 

9.1. Եթե այլ բան չի նախատեսված պայմանագրով, ապա ծանուցումները համարվում են պատշաճ, եթե դրանք կատարվել են փոստային կամ սուրհանդակային կապի միջոցով և առկա է այն ստանալու մասին հավաստումը, կամ սույն պայմանագրով նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեներով և առկա է այն ուղարկելու հավաստումը, կամ սույն պայմանագրում նշված կոնտակտային անձանց կատարված հեռախոսագրի միջոցով:

 

10. Պայմանագրի փոփոխությունները և լուծումը

 

10.1. Գործակալության կողմից պայմանագրի միակողմանի դադարեցումը կատարվում է սույն պայմանագրով նախատեսված կարգով՝ հիմք ընդունելով Պատվիրատուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտումները:

10.2. Պատվիրատուն իրավասու է իր ընտրությամբ առանց պատճառաբանության, այդ մասին գրավոր ծանուցելով Գործակալությանը, միակողմանի լուծել պայմանագիրը: Այդ դեպքում պայմանագիրը համարվում է լուծված ծանուցումն Գործակալությունում ստանալու ամսվա վերջին աշխատանքային օրը:

10.3. Պայմանագիրը կարող է միակողմանի փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի թիվ 860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հիմքով: Այդ դեպքում Գործակալությունը ծանուցում է այդ մասին Պատվիրատուին, և պայմանագրի փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կառավարության որոշման ուժի մեջ մտնելուն հաջորդող ամսվա ամսի մեկից:

10.4. 10.3 կետում նախատեսված դեպքում պայմանագրի միակողմանի փոփոխության դեպքում որևէ հավելյալ փաստաթուղթ չի կնքվում, և պայմանագիրը համարվում է մեխանիկորեն փոփոխված:

10.5. Պայմանագիրը միակողմանի կարող է փոփոխվել Գործակալության կողմից նաև օրենսդրության այնպիսի փոփոխությունների դեպքում, երբ պայմանագիրը չփոփոխելը կհակասի նոր օրենսդրությանը: Նշված փոփոխությունները ուժի մեջ են մտնում համապատասխան օրենսդրական փոփոխությունների հետ միաժամանակ:

 

11. Եզրափակիչ դրույթներ

 

11.1. Սույն պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է մինչև սույն պայմանագրով կամ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով դադարելը:

11.2. Սույն պայմանագրով նախատեսված անհատական տվյալների գաղտնիության դրույթները շարունակում է գործել անկախ պայմանագրի գործողությունից՝ անժամկետ, եթե տվյալների գաղտնիության այլ ժամկետներ սահմանված չեն օրենսդրությամբ:

11.3. Սույն պայմանագիրը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ։

 

12. Կողմերի տվյալները

 

Պատվիրատու

____________________

(ստորագրություն) Գործակալություն

__________________

(ստորագրություն)

 

 

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն