Անվճար իրավաբանական օգնություն, հասցեներ

Հոդված 41.

Հանրային պաշտպանությունը

1. Հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

2. Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`

1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.

2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:

3. Սույն հոդվածի իմաստով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունն իրականացվում է քրեական գործով մինչդատական վարույթում, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում:

4. Քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինը անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, կամ եթե դա է պահանջում արդարադատության շահը:

5. Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական գործով կասկածյալին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց`

1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին.

2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին.

3) դատապարտյալներին.

4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին.

5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին.

6) գործազուրկներին.

7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին.

8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց.

9) փախստականներին.

10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին.

11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Սույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց.

12) հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց.

13) օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց.

14) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին: 6. Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց` 1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով). 2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.

3) եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:

(41-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-29-Ն, 17.12.14 ՀՕ-215-Ն, փոփ., լրաց. 17.10.16 ՀՕ-157-Ն)

Հանրային պաշտպանի գրասենյակի մարզային նստավայրեր