Դեպի վեր

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում առկա կարգավորումները բավականին մեծ առաջընթաց են ապահովել. փոխնախարար

08/01/2018

Պատժից պայմանական ազատ արձակման համակարգի բարեփոխման խնդիրը պետական մարմիններին հայտնի է, քանի որ այդ ինստիտուտից իսկապես դժգոհություններ կային: Այս մասին Tert.am-ի զրույցում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ նկատելով, որ խնդիրը կարգավորվել է խոստացված օրենսդրական փաթեթով: Նրա խոսքով՝ նախկինում հիմնական դժգոհությունները կապված էին անկախ հանձնաժողովի հետ, սակայն գործող օրենքով հանձնաժողովը հարցի քննման վերջին ատյանը չէ:
«Նախկին կարգավորման պարագայում հանձնաժողովի որոշումը հնարավոր չէր բողոքարկել, իսկ ներկայումս հնարավորություն կա բողոքարկել հանձնաժողովի որոշումը, քանի որ դատապարտյալը կարող է մեկ բողոքով այդ եզրակացությունը տեղափոխել դատական ատյանի քննարկման դաշտ: Ինչպես նաև մենք ապահովել ենք, որ մեր դատապարտյալները ներկա գտնվեն ամբողջ պրոցեսին՝ ներկայացնելով իրենց իրավունքները և ՛ հանձնաժողովի նիստում, և՛ դատարանում»,- ասաց նա:
Փոխնախարարի գնահատմամբ՝ այս համակարգում բարելավումներ իսկապես կան, ավելին՝ պրոբացիայի ծառայության ներդրմամբ փորձելու են ավելի կատարելագործել պատժից պայմանական ազատ արձակման համակարգը: Ըստ նրա՝ հաջորդ տարվա սկզբին այս ինստիտուտի կայացման ու զարգացման համար նոր գործիքներ կառաջարկվեն:
«Սակայն մենք կարծում ենք, որ այսօր արդեն առկա կարգավորումները, բավականին առաջընթաց են ապահովվել արդար դատաքննություն ապահովելու մասով: Օրենքը հունիսից ուժի մեջ է»,- շարունակեց Քրմոյանը:

Սկզբնաղբյուրը ՝http://www.tert.am/am/news/2017/12/24/Qrmoyan/2573804

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն