Պաշտոնապես բացվեց Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրի վարչական շենքը

16/06/2012

Դատարանի շենքը բաժանված է անվտանգության երեք գոտիների: Բաց գոտին նախատեսված է հասարակության համար, ներառում է կենտրոնական մուտքը, գրասենյակը, դատական դահլիճները, սպասարկման տարածքները: Փակ գոտին` դատավորների եւ դատարանների աշխատակազմերի համար: Արգելված գոտին` դատական նիստից առաջ եւ հետո շենքում ժամանակավորապես պահվող կալանավորված անձանց պահելու համար: Դատարանի շենքի մակերեսը նախատեսված է երկու դատավորների համար: Ունի կահավորված երկու դատական նիստերի դահլիճ: Ձեռք են բերվել ու տեղադրվել դատական նիստերի դահլիճների կահավորանքը, գրասենյակային կահույքը, մուտքերի հսկման համակարգը, համակարգչային տեխնիկան եւ համակարգչային ցանցը: 2001-06 թթ. ընթացքում «Դատաիրավական բարեփոխումներ» առաջին ծրագրի շրջանակներում դատարանաշինության աշխատանքներ են իրականացվել հիմնականում Երեւան քաղաքում եւ աղետի գոտում: 2007 թ-ից սկսած երկրորդ ծրագրի շրջանակներում Հանրապետության բոլոր մարզերում սկսվել է լայնածավալ աշխատանքների իրականացում դատարանների շենքերի ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով: 2012 թ-ի ապրիլի դրությամբ արդեն կառուցվել եւ շահագործման են հանձնվել առաջին ծրագրով` 14 դատարանների շենքեր, ինչպես նաեւ երկրորդ ծրագրով նախատեսված 14 դատարանների շենքեր մի շարք բնակավայրերում: Ի լրումն ավարտված շենքերի` ներկայում աշխատանքեր են շարունակվում եւս երկու բնակավայրում` Սեւանում եւ Կապանում: