Հրայր Թովմասյանը դատավոր չի ուզում դառնալ. Մի հավատացեք բամբասանքներին

22/06/2012

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի ցանկանում դառնալ Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ: Այդ մասին Թովմասյանը ասաց հունիսի 22-ին` լրագրողների հետ հանդիպմանը:

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե մամուլում լուրեր շրջանառվում, որ նրան ուզում են նշանակել Վճռաբեկ դատարանի նախագահ, Թովմասյանը պատասխանեց. «Նայեք օրենսդրությունը եւ կտեսնենք, որ Հրայր Թովմասյանը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Իհարկե, դուք կարող եք ասել, թե ինձ համար օրենսդրություն կփոխեն, սակայն կրկնում եմ` մի հավատացեք այդ բամբասանքներին: Ըստ այդ լուրերի, ինձ սկզբում դեսպան նշանակեցին, հետո հանեցին, հիմա էլ դատավոր են նշանակում»:

Թովմասյանը նշեց, որ երեկ ընդունվել է կառավարության հնգամյա ծրագիրը, եւ ինքը շարունակում է պաշտոնավարել որպես Արդարադատության նախարար: «Դատավորի աշխատանքն իմ սրտով չէ»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» թերթի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հատկապես վերջին շրջանում լրջորեն զբաղվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանով: Սարգսյանի հետ միջնորդավորված խնամի Հարությունյանն իր առջեւ խնդիր է դրել առավելագույնը ՀՀ արդարադատության նախարար, իր սիրելի Հրայր Թովմասյանին նշանակել տալ Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ նվազագույնը նախազգուշացնել Մկրտումյանին, որպեսզի ավելի վերահսկելի դառնա: Բանն այն է, որ Մկրտումյանն իրեն դատական իշխանության լիակատար տեր է զգում` հաճախ ՍԴ-ին մեղադրելով անարդարության մթնոլորտի արմատացման մեջ:

«Իհարկե, Հրայր Թովմասյանը թերթի տեղեկությունները համարել է «բեսեդկային բամբասանքներ», սակայն դրանից իրավիճակը չի փոխվում: Ժամանակին նա գրեթե այդպես կտրուկ հերքում էր, որ նախարար է դառնալու»,- գրել էր թերթը: