Դեպի վեր

Առաջարկվում է հիմնել Արդարադատության ակադեմիա. ՓԱՍՏԻՆՖՈ

19/10/2012

Հոկտեմբերի 18-ի նիստում կառավարության հավանությանն են արժանացել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերը: Դրանք և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Օրենքի ընդունման դեպքում, մասնավորապես, մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը պետք է ընդունվեն «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին համապատասխանաբար` դատարանների նախագահների խորհրդի և գլխավոր դատախազի որոշումները:

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի նախագծով ամրագրվում է, որ ակադեմիան պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության։

Նախատեսվում է, որ ակադեմիան կազմակերպելու և անցկացնելու է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մաuնագիտական պատրաuտումը և վերապատրաստումը, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների ու հրազենի գործադրման ունակություններին ուսուցանելու նպատակով:

Ակադեմիայում ուսուցումն ավարտելուց հետո դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են իրենց դիմումի հիման վրա ընդունվել իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ՀՀ դատական դեպարտամենտում, եթե նրանք ավելի քան չորս ամիս անընդմեջ չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով:

Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կարող են դիմել դատախազության աշխատակազմում իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ընդունվելու համար: Ընդ որում` վերջիններս օգտվում են դատախազության աշխատակազմում համապատասխան թափուր տեղ առաջանալու դեպքում այդ պաշտոնում առանց մրցույթի նշանակվելու նախապատվությունից:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն