Էականորեն մեծանալու է նոտարների պատասխանատվությունը` ցանկացած դեպքում անձը կարող է նոտարից ողջ գումարը հետ ստանալ.ՊԱՆՈՐԱՄԱ

20/10/2012

Ներկա դրությամբ Հայաստանի տարբեր մարզերում` Վարդենիսում, Սևանում, Ալավերդիում, Մարալիկում, մեկը Երևանում և այլուր կան նոտարական թափուր տեղեր և այդ իսկ պատճառով այսօր Արդարադատության նախարարությունում անցկացվեցին նոտարական քննություններ: Քննությունների մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս տարի մեծ աժիոտաժ չկա և մասնակցում են գրեթե նույնքան թեկնածուներ` շուրջ 50-ը, ինչպես և նախորդ տարի է եղել: Սակայն որոշակի փոփոխությունների է ենթարկվել քննական կարգը.

«Ինչպես և նախորդ անգամները քննությունները երեք փուլով են անցկացվում: Առաջին փուլում ստուգվում են թեկնածուների գիտելիքները, երկրորդ փուլում ստուգվում է նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդ փուլում հարցազրույցն է նախարարի հետ: Ես շատ եմ կարևորում այս քննությունները ու բանիմաց մասնագետներով նոտարիատները համալրելը, որովհետև այն պահանջները, որոնք առաջադրվելու են առաջիկայում նոտարներում շատ ավելի բարդ ու բարձր են լինելու, քան այսօր գործողները»,- նշեց նախարար Թովմասյանն ու ավելացրեց` դրանք ավելի մեծ ֆունկցիա պետք է կատարեն մեր իրականության մեջ: 

Նոտարիատը իր ռիսկով տնտեսական հարաբերությունների մեջ կայունության էլեմենտներ է մտցնում և իրականում, ինչպես շարունակեց Արդարադատության նախարարը, պետք է ունենանք լատինական նոտարիատ, որը նախատեսված է դատաիրավական բարեփոխումների ծրագրով.

«Մշակվում է թե «Նոտարիատի մասին» օրենքը, թե Քաղաքացիական օրենսգիրքը և մի շարք այլ օրենքներ ևս, որոնք ենթադրում են նոտարներին մի շարք այլ լիազորությունների փոխանցում և նրանց լիազորությունների ընդարձակում: Բացի այս էականորեն մեծանալու են նոտարների պատասխանատվությունը, այսինքն՝ այն իրավիճակները, երբ նոտարը ինչ-որ գործարք սխալ էր կատարել, բայց դա ակնհայտ չէր, կոպիտ չէր կամ դիտավորյալ չէր և դրա համար նոտարը պատասխանատվություն չէր կրում պետք է սրանից ձերբազատվենք. Կողմերը պետք է վստահ լինեն, որ ցանկացած պարագայում իրենք կարող են նոտարից իրենց ողջ գումարը հետ ստանալ»,- հավաստիացրեց նախարարը՝ ավելացնելով, որ սա էլ ենթադրում ու նշանակում է, որ պետք է ունենանք այնպիսի նոտարներ, որոնք բոլոր իրենց ռիսկերը պետք է ապահովագրած լինեն.

«Այս ուղղությամբ աշխատանքները տարվում են, բայց նոր որակի նոտարների անհրաժեշտությունը դեռևս մեր առջև իր ողջ սրությամբ կանգնած է»: