Պատրաստ եմ քննադատություն լսել. Հրայր Թովմասյան. yerkir.am

31/10/2012

Վերջին շրջանում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունենում մի շարք արտառոց դեպքեր, որոնք դարձել են լայն քննարկման թեմա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով դրանց, նշեց, որ այդպիսի դեպքեր տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհի քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում` եվրոպական երկրների: «Նոր բան չէ դա»,-- հայտարարեց նախարարը:

 

Նա պատմեց, թե ինչպես Նիկոլայ Երկրորդ ցարը, երբ մի անգամ գնում է քրեակատարողական հիմնարկ, բոլոր բանտարկյալներին հերթով հարցնում է, թե ինչ համար են դատապարտված: Բոլորն ասում են, որ անմեղ են, միայն մեկն է խոստովանում, որ մեղավոր է: Ցարը հրահանգում է ազատ արձակել այդ բանտարկյալին` ասելով. «Այսքան անմեղի հետ այս մեկ մեղավորն ի՞նչ գործ ունի»:

 

Նախարարը հայտարարեց, որ բանտարկյալների մեծ մասը բողոքում է դատական ակտերից, բայց դա չի նշանակում, որ այդ բողոքներն օբյեկտիվ են: Երբ բանտարկյալը կարում է բերանը, ըստ նրա, դա նրա համար սովորական բան է, ինչպես, օրինակ, աղջկա համար ականջօղ կրելը:

 

Թովմասյանը հայտնեց, որ ճկույթը կտրած բանտարկյալը պատճառաբանել է, թե ուզում է տուն գնալ, որովհետեւ կինն ու մայրը վիճում են: Ոմանք էլ դժգոհում են, թե, օրինակ, ինչու են իրենց ուղարկել այս, այլ ոչ թե այն քրեակատարողական հիմնարկը:

 

«Որ քրեակատարողական համակարգում կան խնդիրներ, երբեք չեմ թաքցրել: Թաքցնելու մարտավարություն չունեմ, խնդիրների մասին պետք է բաց խոսել, բայց դրանից չպետք է ոմանք իրենց համար փորձեն օգուտներ քաղել: Խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- հայտարարեց նախարարը:

 

 Ըստ նրա` երբ նոր էր նշանակվել նախարար, ունեին 1 մլրդ գումար, PR-ի մասնագետները խորհուրդ են տվել դրա մի մասն ուղղել քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավմանը, վերանորոգում իրականացնել, բայց նախարարը նախընտրել է դրանք ուղղել նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելուն:

 

 «Այո, քրեակատարողական հիմնարկները վերանորոգելու, բարելավելու անհրաժեշտություն կա, բայց ես գիտեի, որ մեկ տարի անց նման հարցեր են առաջանալու, այնտեղի պայմանների բարելավումը, ենթակառուցվածքների նորոգումը ծակ դույլի պես է` որքան ջուր լցնես, այնքան գնալու է: Դրա համար ես պատրաստ եմ այսօր քննադատություն լսել, բայց գիտեմ, որ մեկ տարի անց ունենալու եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,- հայտարարեց նախարարը` հավելելով, որ կարելի է այսօրվա խնդիրները արագ լուծել, բայց պետք է հեռանկարային լուծումներ գտնել: